ԱԺ նորընտիր փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը դեռեւս չի հասկանում, թե ինչի համար է իր դիմաց դրված համակարգիչը եւ, թե ինչ պետք է անի դրանով ԱԺ նախագահությունում նստած: Գուցե պետք է նրան բացատրել, ու սխալը նրան իր աշխատանքի մանրամասներին չտեղեկացնելն է, սակայն բոլորովին այլ հարց է, թե ինչո՞ւ է Ա. Պետրոսյանին այդքան նյարդայնացնում այդ փոքրիկ համակարգիչը, որը նա մեկ հրում է դեպի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կողմը, մեկ` մյուս կողմը, կամ էլ ընդհանրապես այն փակում ու թեւերը ծալում, զգաստ նստում է ԱԺ նախագահությունում:
Համակարգչի դիմաց նստել չկարողանալու նրա սովորությանը կարելի էր եւ ուշադրություն չդարձնել, բայց քանի որ ԱԺ փոխնախագահի աթոռին նստելուց հետո նրա միակ պայքարը հենց համակարգչի դեմ է` դժվար է չնկատել: Բայց պարզվում է` համակարգչի նկատմամբ նրա վերաբերմունքը փոխվել է այն պատճառով, որ այն խանգարում է հեռուստաեթերում ամբողջությամբ ու ներկայանալի երեւալ: Դա նկատել են նաեւ պատգամավորները, դրա համար էլ նրան սկսել են «սֆինքս» անվանել:
Արեւիկ Պետրոսյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակ է մտել միայն այն առավելության համար, որ նրա անունը տվել են նախագահականում, մինչ ԱԺ փոխնախագահ դառնալը զբաղեցնում էր ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը (ի դեպ, 1994թ. Ա. Պետրոսյանն աշխատել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմում): Սակայն որեւէ անգամ նա այս կամ այն հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն այդպես էլ չի արտահայտել: Հոկտեմբերի 23-ի հայտնի դեպքերին էլ նա խուսափեց որեւէ կերպ անդրադառնալ` ասելով, թե դա ոչ թե իր հանձնաժողովի քննարկելիք հարցն է, այլ` իրավապահների: Հասկանալով, որ Ա. Պետրոսյանն առանց կոնկրետ հանձնարարական ստանալու չէր կարող ինչ-որ հարցի վերաբերյալ դիրքորոշում ունենալ եւ արտահայտել, նա մինչեւ վերջ էլ չէր պատկերացնում, թե ինչ պետք է աներ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը: Բայց տարօրինակն այն է, որ հիմա նա ամեն օր իր մոտ կոնսուլտացիաների է հրավիրում իր իրավահաջորդ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Մխիթարյանին (քվոտայով այդ պաշտոնը «Բարգավաճ Հայաստանինն» է) ու նրան փորձի փոխանակման դասեր է տալիս: Մեր տեղեկություններով, սակայն, Մ. Մխիթարյանը հրաժարվում է նախընտրական այս փուլում, երբ ամեն օր տարբեր մարդիկ իրենց ոտնահարված իրավունքներով դիմում են այս կամ այն կառույցին, ստանձնել այդ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: Մ. Մխիթարյանը հրաժարվում է, որովհետեւ չի կարող ինքն էլ Ա. Պետրոսյանի նման չարձագանքել այս կամ այն դեպքին: Նա այդ մասին, մեր տեղեկություններով, տեղյակ է պահել նաեւ իր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` խնդրելով այս գումարման ԱԺ-ում առկախ թողնել այդ հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնի ընտրության հարցը` այն հետաձգելով մինչեւ ԱԺ գարնանային նստաշրջանի գումարում:
Բայց միայն այս հանձնաժողովում չէ, որ «Բարգավաճ Հայաստանը», այսինքն` կոալիցիան խնդիրներ ունի: Բանն այն է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնից հրաժարվում է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որին այն վստահվել է միայն այն պատճառով, որ քաղաքական կոալիցիայի միջեւ բաժանված քվոտաներով է այդպես որոշվել, ու ԲՀԿ-ից առաջարկվել է հենց Արամ Սաֆարյանի թեկնածությունը: Նախորդ գումարման ԱԺ-ում այդ պատվիրակության ղեկավարը ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էր, ով, մեր տեղեկություններով, բավականին լուրջ աշխատանքներ է իրականացրել ԵԱՀԿ ԽՎ-ում, եւ հասել էր նրան, որ հնարավոր էր՝ առաջիկայում նրան հնարավորություն տային հանդես գալ որպես զեկուցող: Ինչեւէ: Մեր տեղեկություններով` Արամ Սաֆարյանն այդ պատվիրակությունը ղեկավարելուց հրաժարվելու դիմում է ներկայացրել եւ՛ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, եւ՛ իր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, սակայն երկուսն էլ մերժել են այն, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ուրիշ թեկնածու չկա: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, այդ պորտֆելը պատկանում է ԲՀԿ-ին, այլ խմբակցություններից թեկնածուներ կարող են առաջադրվել միայն քաղաքական պայմանավորվածության, այսինքն` փոխանակման արդյունքում: Այդ պատվիրակության կազմում գտնվող ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին այդ կարեւոր պաշտոնը չեն տա, որովհետեւ նա շատ երիտասարդ է ու չի կարողանա Հայաստանի իմիջը ԵԱՀԿ ԽՎ-ում տեղը տեղին ապահովել: ՕԵԿ-ին, որը նույնպես այդ պատվիրակության կազմում անդամ ունի, հասկանալի է` չի վստահվի այն, որովհետեւ նրանք այսօր ընդդիմություն են խաղում, ու պարզ չէ, թե այնտեղ նրանք ինչ խաղեր կտան:
Մարտ ամսին տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանը, որին Հայաստանի պատվիրակությունը ստիպված է լինելու ներկայանալ իր ամբողջ կազմով, որովհետեւ հոկտեմբեր ամսին արդեն մեկ նիստ բաց է թողել: Բայց քանի որ Ա. Սաֆարյանը համառորեն հրաժարվում է այդ պատասխանատվությունից, դեռեւս հայտնի չէ, թե մարտ ամսին ինչպե՞ս է Հայաստանը ներկայանալու այդ նիստին: Պատգամավորները մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ լավագույն լուծումը կլինի այն, եթե ԲՀԿ-ն իր այդ քվոտան փոխանակի ՀՅԴ-ի մեկ այլ քվոտայով, ու Վահան Հովհաննիսյանը նորից ղեկավարի այդ պատվիրակությունը: Նրանք դա պատճառաբանում էին նրանով, որ Վ. Հովհաննիսյանը մի քանի լեզուներ գիտի, կարողացել է անցած տարիների ընթացքում լուրջ կապեր ու հեղինակություն ձեռք բերել ԵԱՀԿ ԽՎ-ում, գիտի գրեթե բոլոր մեթոդները, որոնցով աշխատելու դեպքում Հայաստանն այդ կարեւորագույն կառույցում կկարողանա իր ուրույն տեղն ունենալ: Բայց քանի որ ամեն ինչ քաղաքական «բազարների» մակարդակում է` դժվար թե կարեւորություն տրվի Հայաստանի իմիջին ու այդ քվոտան ՀՅԴ-ին վերադարձնելու խնդրին: