«ՀՅԴ-ն քաղաքական մշակույթ կերտող է` ավագության եւ փորձառության իմաստով: Դաշնակներն ընտրություններին մասնակցում են ծրագրերով, կուսակցության գաղափարախոսությամբ, այլ ոչ թե անձերով»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը: Առաջիկա նախագահական ընտրություններին Ա. Պետրոսյանը ժողովրդին կոչ է անում գիտակցաբար ընտրություն կատարել` զերծ մնալով զգացմունքայնությունից: «Պետք չէ ընտրություն կատարել գեղեցիկ աչքեր ունենալու համար կամ նման հատկանիշներ հաշվի առնելով, այլ պետք է լրջորեն մոտենալ հարցին»,- ասաց Ա. Պետրոսյանը: Նա ընտրություն կատարելու իր չափանիշներն ունի. նա հաշվի է առնում, թե ինչն է իր, երկրի, ընտանիքի համար լավ: «Ժամանակին մարդիկ «մեռնեմ ջանիդ» ասելով՝ գնում էին ընտրության` առանց հասկանալու, թե ինչու են ձայն տալիս այս կամ այն թեկնածուին: Պետք է ժողովրդի գիտակցությունն այնքան բարձրանա, որ նրանք մտածեն ծրագրերի, գաղափարների մասին»,- ավելացրեց Ա. Պետրոսյանը: Նրա կարծիքով, այսօր քաղաքական դաշտում գործում են իրավիճակային, ինքնագործունեությունը շարունակող քաղաքական գործիչներ: