Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը հայտարարել է, որ հանրապետության 200 խոշոր խանութներում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերել է 102 մլն դրամի «Բջնի» հանքային ջուր, որոնք փաստաթղթային ձեւակերպումներ չունեն:
Ըստ Վ. Բարսեղյանի` առաքիչների բացատրություններից պարզվել է նաեւ, որ առկա են եւս 150 մլն դրամի ապրանքներ, որոնք եւս փաստաթղթային ձեւակերպումներ չունեն: Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի խանութներով շրջում էին մարդկանց ինչ-որ խմբեր (ենթադրաբար՝ կամ հարկային, կամ իրավապահ մարմինների աշխատակիցներ), որոնք խանութների սեփականատերերին հորդորում էին ցուցմունքներ տալ, որ իրենք մեծ խմբաքանակներով «Բջնի» հանքային ջրեր են ստացել առանց հաշիվ-ապրանքագրերի: Փաստորեն, ՀՊԾ-ն օպերատիվ կերպով իրագործել է Ռոբերտ Քոչարյանի` երկու օր առաջ տված այն խոստումը, ըստ որի՝ առաջիկայում հայտնի պետք է դառնար, թե «ենթադրյալ գործարարը» որքանով է խաբում պետությանը: Ըստ Վահրամ Բարսեղյանի` ստուգումներ են կատարվում ոչ միայն «Բջնիում», այլեւ «Արզնիում» եւ «Ջերմուկ» մայր գործարանում: «Վերջին 9 ամիսների ընթացքում կատարվել է ավելի քան 30.000 ստուգում, եւ զարմանալի է, թե ինչու են բոլորը կենտրոնանում հատկապես այս ընկերության խնդիրների վրա»,- ասել է նա` ընդգծելով, որ ստուգումներին խոչընդոտելն անիմաստ է, փաստերի առկայության դեպքում կարելի է միան բողոքարկել դրանց արդյունքները: Ի դեպ, բացի «Բջնիից», կան նաեւ այլ ընկերություններ, որոնց վրա եւս խոշոր ակտեր կան գրանցված: Վ. Բարսեղյանի խոսքերով, ոլորտային ուսումնասիրությունը նորություն չէ: Մի քանի ամիս առաջ ուսումնասիրվել են թռչնաբուծական ֆերմաները: Ոլորտային ուսումնասիրությունների նպատակն է՝ պարզել առկա խնդիրները, եւ թե ինչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Նա տեղեկացրել է, որ համալիր ստուգումներ Հարկային ծառայությունն ընկերություններում իրավունք ունի անցկացնելու տարին մեկ անգամ, կրկնակի ստուգումը կատարվում է վարչապետի թույլտվությամբ եւ երրորդ անգամ կատարվում է, եթե սուբյեկտն ինքն է դիմում, որ իրեն ստուգեն: Վերոհիշյալ ստուգումների առիթ է հանդիսացել այն, որ հաճախ շրջանառությունը կատարվում է առանց փաստաթղթերի: Խոշոր ընկերությունները միջիններին ապրանք են մատակարարում առանց փաստաթղթային ձեւակերպումների, իսկ վերջիններս նշում են, որ իրենք ապրանքները գնում են շուկայից: Ըստ ՀՊԾ պետի` ավելի հեշտ է խոշորների վրա ճնշումներ գործադրել, ստիպել որպեսզի աշխատեն փաստաթղթով: Նախատեսվում է նաեւ ստուգումներ կատարել ցեմենտի արտադրությունում, հանքարդյունաբերության եւ շինարարության բնագավառում, կենցաղային տեխնիկայի ոլորտում, ստուգվել են նաեւ հանրապետությունում գործող 6-7 հեռուստաընկերություններ: «Երբ դիտարկվում է ողջ դաշտը, ոլորտում գործող սուբյեկտների խնդիրն ավելի հեշտ է ուսումնասիրել, առանձին-առանձին ընկերությունների ստուգումները չեն նպաստի ոլորտի զարգացմանը, քանի որ կստեղծվեն անհավասար պայմաններ»,- ընդգծել է Վ. Բարսեղյանը` տեղեկացնելով, որ, բացի ստուգումները, քննարկումներ են կազմակերպվում նաեւ գործարարների հետ: Նա նաեւ նշել է, որ թռչնաբուծական ընկերությունների ստուգումների արդյունքում՝ այս ոլորտից մուտքերը բավականին ավելացել էին: Միաժամանակ, հստակեցվել են խնդիրները, փորձելով օրենսդրական դաշտ ապահովել: Հարկային ծառայության պետը տեղեկացրել է նաեւ, որ 2006թ. համեմատ՝ այս տարի սոցիալական վճարումների եւ բյուջետային մուտքերի միջին ամսական աճը կազմում է 8-10 մլրդ դրամ: