Երեկ երեկոյան հայտարարված էր ընդդիմության երկրորդ հանրահավաքը: Իսկ նույն օրը վաղ առավոտյան իշխանությունները մասնակցում էին Հյուսիսային պողոտայի բացման արարողությանը:
«Տրամադրությունս շատ բարձր է» արտահայտությունը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս շաբաթ արդեն երկրորդ անգամ է հայտարարում: Առաջինը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը «Արմպրոդէքսպո-2007» ցուցահանդեսի բացման ժամանակ, որտեղ ներկայացված էր Հայաստանի վերամշակվող գյուղատնտեսական մթերքի ողջ հզորությունը՝ երշիկեղենն ու օղիները: Երկրորդ անգամ իր բարձր տրամադրության մասին Ռ. Քոչարյանը հասարակությանը տեղեկացրեց երեկ` Հյուսիսային պողոտայի երկրորդ հատվածի բացման ժամանակ: Նախագահը, շրջելով ողջ պողոտայով, հայտարարեց, թե «հզոր է»: Պարզապես այդ հզորությանը մի փոքր խանգարում են կողքի՝ ըստ Ռ. Քոչարյանի` «անճաշակ շինությունները»: Նորակառույցների հետեւում կային տուֆից կառուցված 2 հինգհարկանի շենքեր, որոնք, ի հեճուկս «Հյուսիսային պողոտայի» նախաձեռնողների` դեռ շարունակում են կանգուն մնալ: Դրանք քանդելու համար իրացնողներն այդպես էլ չեն կարողացել այդ շենքերի բնակիչների հետ ընդհանուր լեզու գտնել:
Հյուսիսային պողոտայի բացմանը երեկ ներկա էին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, թաղապետեր, պատգամավորներ, բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներդրումներ կատարած գործարարներ, արվեստագետներ: Ելույթ ունեցան Ե. Զախարյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը եւ վերջում` Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նախագահի` Երեւանի ամենաերջանիկ մարդը քաղաքապետ Ե. Զախարյանն է, որովհետեւ նրա օրոք է իրականացվել վերջին տարիների ամենամեծ շինարարական նախագիծը: Ռ. Քոչարյանը նաեւ հպարտացավ, որ միայն այս պողոտայի սրճարաններում, խանութներում եւ այլ օբյեկտներում մշտական ու կայուն աշխատանք է ունենալու 1000 մարդ: «Եվ հնարավոր չէ կենտրոնում աշխատանք ունենալ ցածր վարձատրությամբ»,- եզրակացրեց Ռ. Քոչարյանը: «Այսօր շահագործման ենք հանձնում անկախության շրջանում իրականացված մեր մայրաքաղաքի քաղաքաշինական ամենանշանակալից եւ ծավալուն նախագծերից մեկը՝ Հյուսիսային պողոտան։ Այն առանցքային տեղ էր զբաղեցնում դեռեւս անցյալ դարի 20-ական թվականներին Ալեքսանդր Թամանյանի կողմից կազմված Երեւանի նոր հատակագծի մեջ։ Նույնիսկ խորհրդային իշխանության տարիներին չհաջողվեց իրականացնել այս ծրագիրը։ Պատճառներից մեկը նաեւ ներդրումային մեծ ծախսատարությունն էր։ Սակայն Հյուսիսային պողոտայի գաղափարը հնարավոր չէր մոռացության տալ՝ պետք է անպայման իրագործվեր։ Եվ խորհրդանշական է, որ այն վերածնվեց եւ իրականություն դարձավ 90 տարի անց, մեր անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության օրոք։ 1999թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կայացվեց կարեւոր եւ համարձակ մի որոշում՝ կյանքի կոչելու Հյուսիսային պողոտայի նախագիծը։ Ստեղծված հեղինակային խումբը (ղեկավար, ճարտարապետ Նարեկ Սարգսյան) եւ Քաղաքապետարանի Ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը ստանձնեցին եւ մինչեւ վերջ հասցրեցին այս բարդ եւ պատասխանատու ձեռնարկի իրականացումը։
2002թ. դրվեց պողոտայի կառուցման սկիզբն ազդարարող առաջին քարը, նշանավորելով Երեւանի կառուցապատման նոր փուլը։ Ըստ էության, Հայաստանի անկախացումից ի վեր, սա մայրաքաղաքում զանգվածային շինարարության առաջին օրինակն է։ Հետեւողական, նպատակասլաց աշխատանքի արդյունքում, չափազանց երկար սպասված այս նախագիծն իրականություն դարձավ 5 տարում։ Այդ ընթացքում Պողոտայում իրականացվեցին կառուցապատման աննախադեպ աշխատանքներ։ Կառուցված ընդհանուր մակերեսը 320 հազար քառակուսի մետր է։ Ընդհանուր առմամբ կատարվել են 101 միլիարդ դրամի ներդրումներ»,- իր ծավալուն ելույթում նշեց Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանը։ «Այսօր Հյուսիսային պողոտան ամբողջովին բաց է հասարակության համար եւ խոստանում է դառնալ մեր քաղաքի ամենասիրված եւ աշխույժ վայրերից մեկը։ Բացի քսանյոթ մետր լայնությամբ կենտրոնական հետիոտն պողոտայից, այս տարածքում հաղորդակցության առումով շատ կարեւոր լուծում է նաեւ այն, որ Տերյան փողոցը դառնում է շարունակական` ապահովելով Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչեւ Աբովյան պուրակ անընդմեջ երթեւեկություն: … Շատ կարեւոր է, որ այստեղ լուծվում են նաեւ սոցիալական ծանրակշիռ խնդիրներ՝ թե՛ իրացումների, թե՛ փոխհատուցումների եւ թե՝ հին բնակֆոնդը նոր, ժամանակակից կառույցներով փոխարինելու բացառիկ հնարավորության շնորհիվ։ Երեւանի այսօրվա կառուցապատվող տարածքներում մի քանի տարում բնակարանների եւ տարածքների իրացման գներն աճել են մոտ 4-5 անգամ, ինչը բերում է մեր բնակչության ունեցվածքի էական արժեւորում: … Հյուսիսային պողոտայի շինարարությունը հնարավորություն տվեց ժամանակակից քաղաքակիրթ վիճակի բերել մայրաքաղաքի կենտրոնական այս կարեւոր հատվածը, որտեղ նախկինում հին, անկանոն, ինքնակամ կցակառույցներով պատված, բնակության համար ոչ պիտանի, խարխուլ, քաղաքաշինական եւ կենցաղային որեւէ չափանիշի չհամապատասխանող հյուղակներ էին»,- նշեց Ե. Զախարյանը։
Սակայն պողոտայի բացման արարողությունը միայն հուշերով ու պայծառ ապագայի մասին գեղեցիկ խոսքերով չավարտվեց: Հարցուպատասխանի ժամանակ լրագրողները փորձեցին տեղեկանալ, թե ի՞նչ է մտածում ՀՀ նախագահն այն երեւույթի մասին, որ իրացման հատվածների նախկին բնակիչները դիմել են Եվրոպական դատարան, որովհետեւ դժգոհ են ստացած փոխհատուցումներից: «Քաղաքացիների իրավունքն է»,- պատասխանեց Ռ. Քոչարյանը: Սակայն նրա կարծիքով՝ չկա երկիր, որտեղ իրացման հետ կապված դժվարություններ չլինեն: Ավելին: «Նույնիսկ այլ երկրների մասնագետներն ասում են, որ մեզ մոտ շատ ավելի հարթ է անցել այդ ճանապարհը»,- ասաց Ռ.Քոչարյանը: Իսկ այն բնակիչներին, ովքեր դժգոհ են ստացած փոխհատուցումներից, Ռ. Քոչարյանը խորհուրդ է տալիս դիմել տեղական դատարաններին: Եթե դատավորը գտնի, որ հատուցումը համարժեք չի եղել, ապա այդ դեպքում նոր բնակիչն իրավունք ունի փոխհատուցում պահանջել: Իսկ այդ տարածքի երկու նախկին բնակիչներ՝ 50-ամյա մի կին ու մի տղամարդ երեկ պողոտայի բացման արարողությունից հետո փորձեցին մոտենալ Ռոբերտ Քոչարյանին: Անվտանգության ծառայության աշխատակիցները բացառեցին որեւէ չնախատեսված շփում նախագահի հետ: Տղամարդը հաջողեց նախագահին ուղեկցողներից մեկին հանձնել մի թուղթ, իսկ տիկինը Ռ. Քոչարյանի հեռանալուց հետո լրագրողներին հայտարարեց, թե իրացման ժամանակ առաջիններից է կորցրել իր սեփականությունը, սակայն առայսօր համարժեք փոխհատուցում չի ստացել, եւ հայկական արդարադատության բոլոր դռները թակելուց հետո դիմել է Եվրոդատարան: Եվ ընդհանրապես Հյուսիսային պողոտայի մի խումբ նախկին բնակիչներ երեկ շրջապատել էին պողոտան եւ ուզում էին Ռ. Քոչարյանի հետ խոսել, բայց անվտանգության աշխատակիցները նրանցից ոչ մեկին թույլ չտվեցին այդ տարածք մտնել:
Պողոտայի բացման արարողության ավարտին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողներին հետաքրքրում էր, թե պետությունն ի՞նչ միջամտություններ է անում, որ երիտասարդ ընտանիքները կարողանան գոնե հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել: «Իհարկե, ցանկանում ենք եւ այդ ուղղությամբ ենք գնալու, որ վարկի երկարությունը ավելի երկար լինի՝ մինչեւ 20 տարի, ու տոկոսադրույքը պետք է իջնի, եւ պետությունն այստեղ պետք է որոշակի մասնակցություն ունենա: Այսօր երիտասարդ ընտանիքներն ի վիճակի են վարկ վերցնել, եթե կայուն աշխատանք ունեն»,- ասաց Ռ. Քոչարյանը:
Հյուսիսային պողոտայի շինարարությունից հետո Երեւանում կտրուկ բարձրացավ անշարժ գույքի գները: Եվ միանգամից կարծիք ստեղծվեց, թե գները բարձրացնում են իրենք` կառուցապատողները` գերշահույթ ստանալու նպատակով: Արդյոք նախագահը չի՞ կարծում, որ Երեւանում անշարժ գույքի եւ հատկապես նորակառույց շինությունների գներն արհեստականորեն են բարձրացվել: «Արհեստականորեն չէր, շատ թերագնահատված էր Երեւանում հողը,- ասաց Ռ. Քոչարյանը: -Հիշո՞ւմ եք, մեկ անգամ քաղաքապետարանում մեր նախորդ քաղաքապետի ժամանակ ասել եմ՝ դուք փողի վրա նստած` փող եք փնտրում: Եվ դրանից հետո պարզվեց, որ Երեւանում քմ-ն իսկապես գին արժի: Այսօր Երեւանի հատկապես կենտրոնում ապրողն աղքատ մարդ չէ, նույնիսկ՝ եթե գործ չունի, որովհետեւ իր բնակարանն արդեն լուրջ արժեք է իրենից ներկայացնում: Որովհետեւ կարող է եւ վարկի համար գրավ լինել: Երկրի բարեկեցությունը գնահատվում է անշարժ գույքի գներով: Սովորաբար այդպես են նայում, թե երկիրն ինչ կարգի երկիր է, ինչպես է զարգանում»: Իսկ նախագահը չի՞ կարծում, որ երկրի բարեկեցությունը գնահատվում է ոչ միայն գներով, այլեւ գնողունակությամբ: «Հնարավորություններն ընդլայնում են, աշխատավարձերն են երկրում աճում»,- կարճ պատասխանեց նախագահը: