«Նոր Ժամանակներ» կուսակցությունն՝ ի դեմս Արամ Կարապետյանի, երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Նախագահական ընտրություններին ընդառաջ` իշխող վարչախումբը գործի է դրել իրեն ներհատուկ բիրտ միջոցները` հասարակության մոտ վախի եւ հուսալքության մթնոլորտը պահպանելու եւ որոշիչ դարձնելու նպատակով: Հերթական անգամ հանրապետության տարբեր մարզերում ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ, իշխող վարչախմբի քաղաքական պատվերի շրջանակներում, Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկում արմատական ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց եւ բացահայտ զգուշացնում, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենք պարտադրված են քարոզչություն իրականացնել ՀՀ Նախագահի իշխանական թեկնածուի օգտին, եւ այդ թեկնածուն ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն է: Հակառակ դեպքում նրանց սպառնում են շինծու մեղադրանքներով պատժել»: Երեկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնն իր հերթին հաղորդագրություն էր տարածել, որով պատասխանում են Ա. Կարապետյանին. «Կուսակցության առաջնորդը, պարբերաբար թվացյալը որպես իրականություն ներկայացնելով, լուրեր է տարածում, թե ինքն ԱԱԾ ուշադրության կենտրոնում է, իրեն մշտապես հետեւում են, խոչընդոտներ են ստեղծում հանդիպումների կազմակերպմանը: Ա. Կարապետյանի ապարդյուն ջանքերը` ներկայանալ հալածվողի դերում եւ որպես թիրախ ընտրել ԱԱԾ-ն, բոլորին պարզ են ու անհեռանկար»: