Հինգ տարի առաջ՝ Հյուսիսային պողոտայի նախագծի մեկնարկին Ռ. Քոչարյանը հայտարարել էր, թե ամեն ինչ անելու է, որպեսզի ընդդիմությունը միավորվի: Երեկ Հյուսիսային պողոտայի բացման ժամանակ լրագրողները նրան հիշեցրին իր խոստումը եւ հարցրեցին, թե ի՞նչ է փոխվել այս ընթացքում, եւ ինչո՞ւ է Ռ. Քոչարյանն այժմ մտափոխվել: Ռ. Քոչարյանը դժվարացավ հստակ հիշել, թե ինչ է ասել 5 տարի առաջ, այնուհանդերձ ավելացրեց, թե ինքն ընդամենը ասել է, թե շատ կուզեր, որ ընդդիմությունը միավորվեր, եւ հիմա էլ դեմ չէ այդ միավորմանը: «Պարզապես փորձել եմ վերլուծել, թե միավորվել ինչ է նշանակում՝ ի՞նչ սկզբունքներով: Հնարավոր են փոքր միավորումներ այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք ընդհանրություններ ունեն: Դա հասկանալի կլինի, բայց չի կարող ո՛չ ընդդիմությունը միատարր լինել, ո՛չ էլ իշխանությունը միատարր լինել»: Ռ. Քոչարյանը նկատեց նաեւ, որ կոալիցիայի մեջ են ընդգրկված քաղաքական այն ուժերը, որոնց ծրագրերը բավականաչափ նման են: