Հայաստանի անվտանգությունը կասկածի տա՞կ է

12/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հետաքրքիր է, որ խմբագրություն են դիմում քաղաքացիներ, որոնց ԱՄՆ-ից ծանրոցներ են ուղարկել, սակայն նրանք չեն կարողանում «Գյուտ» բեռնափոխադրումների ֆիրմայից դրանք ստանալ: Այցելելով «Գյուտ» ֆիրմա, պարզ դարձավ, որ այն փակված է, բայց պարզ չէ՝ ժամանակավո՞ր է փակվել, թե՞ ընդմիշտ է դադարեցվել ֆիրմայի գործունեությունը: Մեզ չհաջողվեց դա պարզել, քանի որ ֆիրմայում ընդհանրապես աշխատող չկար: Հավաքված էին քաղաքացիներ, ովքեր եկել էին հույսով, թե իրենց ծանրոցներն, այնուամենայնիվ, կստանան: Ֆիրմայի բեռնափոխադրումներից օգտվող մի կին ասաց, որ ԱՄՆ-ում բնակվող իր բարեկամը զանգահարել եւ ասել է, որ վաղուց ծանրոցը հասել է Հայաստան, եւ ինքը կարող է գնալ ստանալ: Մինչդեռ վերջինս՝ մտածելով, որ պարզապես «Գյուտ» ֆիրմայի աշխատակիցներն ուշանում են աշխատանքից, երկար ժամանակ դեռ սպասում էր՝ հույսով, որ ծանրոցները կստանա: Նա ասաց, որ առաջին անգամ է նման բան պատահում, որովհետեւ օֆիսը սովորաբար աշխատանքը սկսում է ժամը 10.00-ից: Քանի որ «Գյուտ» ֆիրման գտնվում է բնակելի շենքում, փորձեցինք բնակիչներից որոշ տեղեկություն ստանալ: Շենքի բնակիչներից մեկն ասաց, որ ոմանք ակտիվ ստուգումներ են իրականացնում եւ ամսի 29-ին օֆիսը «պլոմբել են»: Վերջինս ասաց. «Խառն են, ուժեղ ստուգում է գնում, բայց թե ի՞նչ կա՝ ոչ ոք չի իմանում»: Մեկ այլ քաղաքացի, որը նույնպես օրեր առաջ գնացել էր ֆիրմա ծանրոց ստանալու, վկայում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այնտեղ ստուգումներ են անցկացնում: «Ես ասացի, եթե իմ ծանրոցն արդեն ստուգել եք, տվեք, որ նորից չգամ,- ասում է նա: -Ասացին՝ չեն տա, որովհետեւ ծանրոցները պետք է ֆիրմայում մնան: Ու ասացին՝ դա ձեր գործը չէ, հետո կգաք կստանաք»: Ստուգումների պատճառն իմանալու համար զանգահարեցինք Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժին: Բաժնի պետ Ա. Բաղրամյանն ասաց. «Ի՞նչ ստուգում պետք է անի ԱԱԾ-ն, կա հատուկ բաժին, որը զբաղվում է մաքսանենգության դեմ պայքարով: Ես կոմպետենտ չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Գրավոր նամակ ուղարկեք, համապատասխան մարդիկ ձեզ կպատասխանեն»: Այդուհանդերձ, ի պատասխան հարցիս, թե արդյո՞ք ԱՄՆ-ից մեդալ ուղարկելն արգելվում է եւ այն համարվում է մաքսանենգություն, նա ասաց. «Ի՞նչ մեդալ, ո՞վ է մեդալ հայտնաբերել, իսկ դրանք ի՞նչ մեդալներ են եղել, դուք ի՞նչ տվյալներ ունեք: Բայց հետ ա, դուք մեզնից շատ ինֆորմացիա ունեք, էլ ի՞նչ եք ուզում իմանալ: Ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել»: Մնում է հետեւություն անել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստուգումներն ամենեւին պատահական չեն, քանի որ այդ գործողությունն արվում է առաջին անգամ, ոչ թե պարբերաբար: Իսկ թե ի՞նչ կարող է ԱՄՆ-ից ներկրվել Հայաստան, որը մեր երկրի անվտանգության հետ ինչ-որ կերպ առնչվում է՝ պարզ չէ: Բայց այն հանգամանքը, որ տվյալ ծանրոցներն անցնում են մաքսակետով, իսկ ԱԱԾ-ն դա բավարար չի համարում, արդեն իսկ մտահոգիչ է: Իսկ թե այնուամենայնիվ ի՞նչ է մտմտում ԱԱԾ-ն նմանատիպ գործողություններով՝ առայժմ հայտնի չէ: