Զանգվածային բարեպաշտության ցուցադրություն

19/11/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երբ որեւէ ազգի մասին նրա իսկ գրողն ասում է՝ «պրիմիտիվ ազգ», լավ կլինի փորձենք հասկանալ, թե ինչը կարող է իր ազգին սիրող եւ իր ազգի պատմությունն ուսումնասիրած մտավորականին ստիպել այդպես մտածել: Եվ ինչ կարելի է անել, որպեսզի այլ գրագետներ եւս մեր ժողովրդի մասին նման, ցավոք, ոչ այնքան չափազանցված որակումներ չտան: Թե ի՞նչ նկատի ուներ Ստեփան Զորյանը, յուրաքանչյուրը կարող է վերծանել յուրովի: Ամեն դեպքում, որպես պրիմիտիվության դրսեւորում՝ կարելի է ընկալել վերջին 10-15 տարիներին տարածում գտած ցուցադրական բարեպաշտության զանգվածային դրսեւորումները:

Մարդը հոգեւոր արարած է, եւ նրա հավատը խիստ ինտիմ վիճակ է, եւ որեւէ ցուցադրականություն այն փարիսեցիության է վերածում: Երբ մարդն իր կյանքի ամենակարեւոր իրադարձությունների ժամանակ (կնունքի, ամուսնության, հարազատի մահվան, անլուծելի թվացող խնդրի պատասխանը գտնելու եւ այլն) դիմում է Աստծուն` եկեղեցու սպասավորների միջնորդությամբ, դա խիստ հիմնավորված ու ճիշտ լուծում է: Սակայն դժվար է հասկանալ կամ հիմնավորել հատկապես կուսակցությունների ցանկությունը, որոնք իրենց համագումարներին աստվածահաճո միջոցառման իմիջ տալու համար անհրաժեշտ են համարում հոգեւոր բարձր դասի հոգեւորականի ներկայությունը ու նրանից աղոթք եւ օրհնություն կորզելը` քաղաքականացված ելույթի միջոցով: Ինչպես դա արվեց Հանրապետական կուսակցության վերջին` 11-րդ համագումարի ժամանակ: Իր ելույթն այս համագումարին Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեկնաբանեց, թե ինքը ՀՀ քաղաքացի է եւ իրավունք ունի իր քաղաքական սիմպատիան հրապարակային ցուցադրել` ի նշան ՀՀԿ-ի պաշտպանության: Որեւէ մեկը չի կարող ժխտել, որ հոգեւորականները եւս երկրի քաղաքացիներ են եւ ունեն քաղաքացիական դիրքորոշում, քաղաքական հայացքներ, համակրանքներ: Սակայն երբ հոգեւորականը հրավիրվում է որեւէ կուսակցության համագումարին, նրա կարգավիճակը ոչ թե ՀՀ քաղաքացու կարգավիճակ է, այլ հոգեւոր դասի ներկայացուցչի: Հոգեւորականը ներկայանում է հատուկ հանդերձով, եւ տվյալ դեպքում նրա քաղաքացիական դիրքորոշումն այնքան էլ էական չէ, քանի որ նա այն արտահայտելու իրավունք ունի ընտրությունների ժամանակ: Սակայն ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ այլ կուսակցություններ, իրենց կուսակցական ընդլայնված ժողովներին հրավիրում են բարձրաստիճան հոգեւորականների` որպես, ներեցեք, «անհրաժեշտ ատրիբուտ», կատարված միջոցառմանը մի տեսակ հոգեւոր լեգալություն տալու միջոց: Հոգեւորականների դերը քաղաքական միջոցառումներին, մեր պատկերացումներով, համամարդկային ճշմարտությունների հիշեցումը, փոխադարձ սեր ու ներողամտություն քարոզելը պիտի լինի: Հակառակ դեպքում Աստծո օծյալի ներկայությունն այնքան էլ հրատապ չէ: Առավել եւս անհասկանալի է, երբ եկեղեցու սպասավորը` վեղարը հագին, սկսում է քարոզել սեփական քաղաքական նախապատվությունները: Բանն այն է, որ կուսակցությունները հոգեւորականներին իրենց հրապարակային միջոցառումներին հրավիրում են նախեւառաջ «հարսանեկան գեներալների» կարգավիճակով: Եվ դա պարզ դարձավ հանրապետական Գալուստ Սահակյանի ` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ելույթի պարզունակ մեկնաբանությունից: Եթե հոգեւորականների աղոթքի ու օրհնության կարոտը կուսակցականներին հուզեր նաեւ համագումարներից դուրս, նրանք իրենց փակ հանդիպումներին, կուսակցական նեղ ժողովներին էլ կցանկանային ստանալ օծյալներից մեկի օրհնությունը: Իրականությունն այն է, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ներկայությունը ՀՀԿ-ի համագումարին ակնհայտորեն իր կամքին կամ համոզմունքներին հակառակ չի եղել: Մարդն ունի քաղաքական նախապատվություններ, որոնք էլ ներկայացրել է այնտեղ, ուր պետք է, եւ ում ականջին հաճելի է:

Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ առիթ էինք ունեցել զրուցել բարձրաստիճան հոգեւորականների հետ, մեր հոդվածներից մեկում նշել էինք, որ մեր երկրի հոգեւորական ընտրանին իր ձայնը տվել էր իշխող, այսինքն` Հանրապետական կուսակցությանը: Եվ այս քայլը կարելի էր ընկալել որպես քաղաքացիական նախապատվություն, եթե լինեին նաեւ ընդդիմությանը հրապարակայնորեն պաշտպանող հոգեւորականներ եւ, բացի դա` եթե չպարզվեր, որ բարձրաստիճան հոգեւորականների ընտրանին մեծամասնական ընտրակարգով իրենց համակրանքն ու նախապատվությունը տվել էին այժմ արդեն ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին: Սակայն «Աստվածաշունչն» ինքն է պատվիրում Աստծո մասին չդատել եկեղեցու սպասավորների վարքով: Տվյալ դեպքում՝ ՀՀԿ համագումարին Նավասարդ սրբազանի ելույթով կամ պահվածքով: Պետք է գոհանալ եղածով եւ շնորհակալ լինել Նավասարդ սրբազանին, որ նրա ելույթում չկային ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու կոչեր, գռեհիկ, վուլգար արտահայտություններ, ելույթը հայերեն լեզվով էր եւ գրագետ: Ինչը չես ասի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցի մասին, ուր նա բավական կոպիտ նշել էր այն աշխարհագրական վայրը` «նախագահի տակ», ուր հայտնվում են նաեւ այն նախագահները, որոնց նախագահության ժամկետն, այսպես թե այնպես, ավարտվում է: