Ներդրումների 10-ամյակն ավարտվեց

19/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

2008 թվականից Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար չեն լինելու որոշակի արտոնություններ: 1999-2007թթ. ներդրումներին արտոնություններ սահմանած ծրագիրն այլեւս ավարտված է, եւ կառավարությունը մտադիր չէ նոր օրենսդրական նախաձեռնություն սկսել:

Նշենք, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողներն առաջին երեք տարում ընդհանրապես ազատվում են շահութահարկից, այնուհետեւ վճարում են մասնակի` մինչեւ արտոնյալ ժամկետի ավարտը: Վերոնշյալ ծրագրով 10 տարի ժամանակով ընդհանրապես շահութահարկից ազատվել են այն ընկերությունները, որոնց կանոնադիր կապիտալը մոտ 500մլն դոլար եւ ավելի է եղել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այս հնարավորությունից օգտվել է մոտ 60 ընկերություն` բնական է, որ խոշոր ընկերությունները: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ներդրումային վարչության պետ Գնել Մայիլյանը նշում է, որ 1999թ. ներդրումների համար շատ ավելի բարենպաստ դաշտ եւ արտոնություններ են առաջարկել Արեւելյան Եվրոպայի երկրները, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանում ներդրումների վրա: «Որոշ ներդրողներ ծանոթանալով մեր երկրի սահմանած արտոնություններին, տարակուսում էին, քանի որ մեզնից ավելի հեռանկար ունեցող երկրները շատ ավելի լավ պայմաններ էին առաջարկում»,- ասում է Գ. Մայիլյանը: Օտարերկրյա ներդրողների համար, արտոնություններից բացի, առավել կարեւոր է հավասար մրցակցային դաշտի ապահովումը, թեպետ օտարերկրյա ներդրումները պաշտպանված են միջազգային համաձայնագրերով: Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիրը կնքվում է երկկողմ, որտեղ հստակ ամրագրվում են բոլոր կանոններն եւ անգամ վեճերի կարգավորումը: Այս կարգի վեճերն իրավասու է լուծել Վաշինգտոնի Միջազգային վեճերի կարգավորման արբիտրաժը, որտեղ միայն գրանցվելը մոտ 25 հազար դոլար արժե: Իսկ յուրաքանչյուր դիմող կարող է մոտ 1մլն դոլար ծախսել: «Սա բավականին թանկ, սակայն արդար վճռի գինն է»,- ասում է մեր զրուցակիցը: Ներդրումային վարչության պետից տեղեկանում ենք, որ վերջին ութ տարում Հայաստանում ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 1.7մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը: Ովքե՞ր են ներդրումներ կատարողները. այս հարցն ուսումնասիրել են նաեւ նախարարությունում եւ պարզել են, որ ներդրողների 60 տոկոսը սփյուռքահայեր են, որոնց ներդրումներն ընդհանուր թվի 25-30 տոկոսն են կազմում: Սակայն, երբ ուսումնասիրում ենք Հայաստանում 3349 օտարերկրյա կամ սփյուռքահայ ներդրողների ցուցակը, նրանցից շատ-շատերը կամ զգալի մեծամասնությունը տեղացիներ են: Հայաստանից դուրս տարված կապիտալը որպես օտարերկրյա ներդրում վերադարձել է Հայաստան: Հայաստանում մրցակցում են ԵՄ անդամ երկրների` 31 տոկոս եւ ՌԴ` 30 տոկոս, կատարած ուղղակի ներդրումները: Եվրոպան մեր երկրում այս ցուցանիշն ապահովում է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում կատարած ներդրումներով, իսկ «ռուսական» կապիտալը մուտք է գործել մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Էներգետիկ եւ կապի ոլորտից բացի, ակնհայտ է, որ Հայաստանում ծավալվող շինարարությունն իրականացնում են հիմնականում Ռուսաստանում գրանցված կազմակերպություններով: «Գրիար», «Հայուրալսիբշեն», «ԲԱՄՕ արմստրոյ» ռուսաստանյան գրանցում ունեցող այս եւ շատ ու շատ ընկերությունները տեղական շինարարության շուկայի հիմնական սպասարկողներն են: Շինարարության ոլորտում է նախընտրում ներդրումներ կատարել նաեւ ԼՂՀ-ն: Մեր հայրենակիցներն իրենց հնարավորությունները փորձել են նաեւ ավտոմեքենաների սպասարկման կետերի բացման գործում: Հետաքրքիր է նաեւ, որ Իրանից, Թուրքիայից, Չինաստանից ու հնարավոր երկրներից ներմուծողներն ու առեւտուր իրականացնողները հիմնականում գրանցված են՝ որպես համատեղ ձեռնարկություններ: Իրանական «Աֆտաբից» մինչեւ «Թաժ» ներկրողները մեր երկրում համարվում են օտարերկրյա ներդրողներ: Իսկ ահա ամերիկյան կապիտալը հարմարվել է նոր տեխնոլոգիաների եւ ՏՏ կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում: Շատ հեշտ է հայտնաբերել հայրենիք վերադարձվող հայկական կապիտալի տերերին. նրանց կազմակերպությունները, որպես կանոն, գրանցված են օֆշորային գոտիներում: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդ» ՍՊԸ-ն հնդկական ծագում ունի, ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի «Արսօյլն» էլ գրանցված է Կիպրոսում, կիպրոսյան ծագում ունեն «Գոլդեն Փելես» ՍՊԸ հյուրանոցը, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» ընկերությունը, «Միկմետալ» գովազդի պակաս չզգացող ընկերությունը, եւ այլն: Հայ-ռուսական կապերն էլ ավելի են «ամրապնդել» «Արարատ լադան», «Հայբուսակը», «Մեշոկ պապին», «Արմինկոն», «Կորնետը», «Միկա արմենիա թրեյդինգը», «Վալլեքս մայնինգը» եւ հազարից ավելի այլ ընկերություններ: «Կոմանդոս հովազ» ՍՊԸ-ն, որպես ռուսական ներդրող, զբաղվում է սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի մեծածախ առեւտրով: Իսկ «Մոսկվա կինոթատրոնը» գերադասել է վստահել ֆրանսիական կապիտալին, Գյումրու «Շանթ» հ/ը-ն էլ ԳՖՀ-ում գրանցված ընկերություն է, որը զբաղվում է մեծածախ առեւտրով` վարձահատուցմամբ: Երեւանում հացի գործարան աշխատեցնելու համար «Դավիթաշենի հացի գործարանն» ապահովության համար գրանցվել է Վիրջինյան կղզիներում: Ու նա այս կղզում միակ հայը չէ, նրան ընկերակցում են. հիշարժաններից նշենք «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին» եւ «Ռոյալ տոբակոյին», որը զբաղվում է ծխախոտի մեծածախ առեւտրով: «Բարի Սամարացին» էլ գրանցվել է ԱՄՆ-ում: Հայաստանում ներդրողներ համարվող 3349 «օտարերկրացիներից» բավականին հետաքրքիր կարգավիճակում է «Առկա» գործակալությունը. վերջինս գրանցված է Ադրբեջանում:

Ներդրումներին այլեւս չաջակցող ՀՀ կառավարությունը մտմտում է արտահանումներն ակտիվացնելու ծրագիր մշակել: «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատերերի «լոբբինգով» հնարավոր է՝ առաջիկայում այդ տարածքում ստեղծվի տնտեսական ազատ գոտի: Սա նշանակում է, որ «Զվարթնոցում»` հարկային եւ մաքսային ռեժիմներից դուրս որոշակի ապրանքատեսակ պետք է արտադրվի եւ անմիջապես արտահանվի: Սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ մաքսավորն անկաշառ է, եւ այդ ապրանքը չի կարող թափանցել նաեւ տեղական շուկա: