30-ամյա Գասպարն ասում է, որ ինքը Վազգեն Սարգսյանի հետ թաղել է իր տեսողությունը վերականգնելու, լույսը տեսնելու երազանքը:
«Սարսափելին էն չի, որ խավարում ես ապրում, սարսափելին լույսը տեսնելու հույսը կորցնելն ա»,- ասում է Արմենն, ով տեսողությունը կորցնելուց հետո ապրել է Վ. Սարգսյանի բարեհոգության շնորհիվ: 1995-ին համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Գասպար Գալստյանը զորակոչվել է բանակ, ծառայել է Ղարաբաղի Մարտունու շրջանում: Մարտական դիրքերում կռվող Գասպարը նռնակի պայթյունից կորցրել է զույգ աչքերի տեսողությունը: Դժվարանում է նկարագրել միանգամից մթության մեջ հայտնված մարդու զգացողություններն ու տառապանքները: Երկար լռում է՝ անընդհատ կրկնելով՝ «Ի՞նչ ասեմ, ինչ էլ ասեմ…»: Երեւանում վիրահատելուց հետո նրան ՀՀ Պաշտպանության նախարարությունն ուղարկել է Մոսկվա, որտեղ երկարատեւ ստուգումների արդյունքում պարզվել է Գասպարի տեսողության ծայրաստիճան վատ լինելու հանգամանքը: Մոսկվայում նրան ասել են, որ աչքերի նյարդերը քայքայված են, աջ աչքն ընդհանրապես «թափած» է, իսկ ձախ աչքի տեսողությունն ինչ-որ չափով վերականգնելու հույսեր, այնուամենայնիվ, տվել են: «Ասեցին՝ գնացե՛ք Հայաստան, անպայման վեց ամիսը մեկ անգամ ստուգվեք եւ էպիկրիզը ֆաքսով ուղարկեք այստեղ: Ասեցին, որ բուժման ընթացքին ծանոթ լինելով, եթե զգանք, որ վիրահատության անհրաժեշտության պահը եկել է՝ մենք կկանչենք ձեզ»,- պատմում է Գասպարն՝ ասելով, որ հետագայում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն «Արմենիա» բժշկական կենտրոնում իրեն ստուգել են եւ հորդորել են մեկնել Իսրայել, որտեղ կարելի է նման վիրահատություն կատարել: Հեղինակավոր ակնաբույժները փաստել են, որ Իսրայելում նման դեպքերում աչքի դոնոր գտնելով` կարողանում են վերականգնել մարդու տեսողությունը: Այդ ընթացքում տեսողությունը կորցրած երիտասարդին Վազգեն Սարգսյանն ընդունում եւ անմիջապես հանձնարարում է՝ նրան ապահովել բնակարանով: Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի հանրակացարանի սենյակներից մեկը տրվում է անօթեւան Գասպարին: «1999թ. մայիսին «Միասնություն» դաշինքի ընտրարշավի ժամանակ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպեցինք, բնակարանի հարցերը լուծեց, պապայի հետ էի, մեզ լսեց, ասեց՝ հիմա գնացե՛ք, խառը ժամանակներ են: Ասեց՝ Իսրայելն ի՞նչ ա, որ երիտասարդի աչքի լույսի համար չանենք, կուղարկենք, պետական մակարդակով կգնա: Էն էլ, մինչեւ տարվա վերջ, հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանին խփեցին»,- պատմում է Գասպարը՝ երկար լռությունից հետո վկայելով, որ Վազգենից հետո որեւէ մեկը երբեւէ չի ցանկացել իրեն աջակցել: Վազգեն Սարգսյանի մահից հետո դադարել է պարբերաբար ստուգումների գնալ, որովհետեւ՝ «Վազգենի հետ հավատս կորավ, որ երբեւէ կարող ա տեսողությունս վերականգնվի»: Այնուհետեւ պաշտպանության նոր նախարարը Վազգենի գործը իբր շարունակելու համար Գասպարին որպես փոխհատուցում տրամադրել է 70.000 դրամ, որով անգամ մեկնելու տոմս չէր կարող գնել: «Վազգենից հետո ոչ գնացի ստուգվելու, ոչ էլ Մոսկվայի ֆաքսերն ուղարկեցի, հույսերս հօդս ցնդեցին»,- ասում է Գասպարն, ումից երկար ժամանակ է պահանջվել հուսահատությունից դուրս գալու եւ կյանքն այլ կերպ արժեւորելու համար: Ինչպես ցանկացած կույր մարդու, այնպես էլ նրա համար խավարին վարժվելու կանոնները յուրացնելու հոգեմաշ օրերը տարիների ծանրություն են ունեցել:
Երկու տարի առաջ Գասպարն ամուսնացել է Սիսիանի բնակիչ 20-ամյա Ֆլորայի հետ: Ունեն մեկ որդի` Արտյուշան, որը մեկ տարեկան է: Ասում է, որ ամուսնանալուց հետո առաջ եկած սոցիալական խնդիրներն արդեն մոռացնել են տվել աչքերի ստուգումների հետ կապված հարցերը: «Երբ ամեն օր մտածում ես, թե երեխադ ի՞նչ պիտի ուտի՝ քո առողջական խնդիրները մի քանի երրորդ պլան են մղվում»,- ասում է Գասպարը՝ միեւնույն ժամանակ իրեն մխիթարելով, որ մասնագետների տվյալներով՝ մի աչքի ներվը մեռած չէ, հրաշքով կարելի է վերականգնել: «Էն ժամանակ ձգտում էի, որ մեկին դիմեմ, խնդրեմ, որ օգնեն, բայց աչքաթող եմ արել, որովհետեւ ներկա դրությամբ իմ սոցիալական խնդիրներն են ինձ շատ անհանգստացնում: Ես պարզ ասեմ էլի, ուզում եմ ճիշտ խոսել. եթե մի տեղ հագուստ, սնունդ են տալիս՝ հասցեն իմանում-գնում եմ, որ ընտանիքիս մի բանով օգտակար լինեմ»,- վստահեցնում է Գասպարն, ով 1-ին խմբի հաշմանդամության համար 37.800 դրամ զինթոշակ է ստանում, եւ ընտանիքը գոյաեւում է նրա թոշակով: «Փարոսի» նպաստառուների ցուցակում ընդգրկված չեն, որովհետեւ համապատասխան մարմինների կարծիքով՝ նրա թոշակը բարձր է: «Կնոջս հարազատները Սիսիանից կարտոֆիլ, լոբի, պանիր են ուղարկում: Այ սենց զզվելի ձեւով ենք ապրում»: Գասպարը Կույրերի կոմբինատում գրանցված է, որտեղից տարվա մեջ մեկ անգամ 1000 դրամի կտրոն է ստանում, որով հնարավորություն է ունենում հարակից խանութից մի քիչ էժան գնով 1000 դրամի մթերք գնել: «Ասենք՝ շաքարավազը՝ 150, գրեչկան 150 դրամով ես գնում: Կրկնում եմ՝ տարվա մեջ մեկ անգամ, 1000 դրամ»,- պատմում է Գասպարն, ով խնդրել է իր համար աշխատանք գտնել, սակայն Կույրերի կոմբինատում համատարած կրճատումների պատճառով աշխատատեղ գտնելն անհնար է եղել: Գասպարի կինը՝ Ֆլորան շատ համակրելի աղջիկ է, ով ուշադրությամբ լսում է ամուսնու անկեղծ խոսքերն ու հայացքը թեքում է, որ տխուր աչքերը չերեւան: Հարցնում եմ՝ «Ի՞նչ կասես»: Շփոթված պատասխանում է՝ «Ոչինչ… շատ դժվար է»: