ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, երեկ հանդիպում է ունեցել երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպման 62 մասնակիցներից 48-ը եղել են մայրաքաղաքի բուհերի «Լավագույն ուսանող» ճանաչված ուսանողները:
Օրվա բարեմաղթանքից հետո Ս. Սարգսյանը խոսել է երիտասարդներին կառավարություն հրավիրելու նպատակի մասին, նշելով, որ ՀՀ ԱԺ մեծամասնության ձեւավորած կառավարությունը խորհրդարանի հավանությանն էր ներկայացրել իր առաջիկա հինգ տարիների ծրագիրը, որում հստակ նախանշված են կառավարության գերակայությունները, իսկ ներկայումս ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքը, որը կարեւորագույն փաստաթուղթ է եւ ուղղված է ծրագրային գերակայությունների իրականացմանը:
Սերժ Սարգսյանն այս ամենը հանգամանորեն ներկայացնելուց հետո՝ հանդիպմանը ներկա երիտասարդներից ճշտել է, թե որքանո՞վ են նրանք ծանոթ հիշատակված փաստաթղթերին եւ, եթե ծանոթ են, ապա ի՞նչ կարծիք ունեն դրանց վերաբերյալ` համոզվածություն հայտնելով, որ ուսանողները շատ ավելի համարձակ եւ վստահ կարող են խոսել կառավարության ծրագրերի եւ, առհասարակ, գործունեության վերաբերյալ հասարակության արձագանքների մասին, ինչպես նաեւ՝ անկաշկանդ արտահայտել իրենց տեսակետը:
Ս. Սարգսյանն առաջարկել է հարցուպատասխանի փոխարեն կառավարության Նիստերի դահլիճում անցկացնել նիստ` այս դեպքում արդեն երիտասարդ «նախարարների» մասնակցությամբ, ովքեր ապագայում կարող են իսկապես դառնալ կառավարության անդամ: Պահպանելով կառավարության նիստի անցկացման ամբողջ արարողակարգը, Սերժ Սարգսյանը ներկա «նախարարների» հաստատմանն է ներկայացրել ՀՀ կառավարության օրակարգը` կազմված 7 հարցից. 1. Սոցիալական, ժողովրդագրական եւ բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիրների լուծում: 2. Կրթական եւ մտավոր ներուժի ընդլայնում: 3. Առողջապահական, առողջարանային եւ կազմակերպված հանգստի ոլորտների զարգացում: 4. Արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության արդիականացման խնդիրների լուծում: Տնտեսության արդիականացում: 5. Ֆինանսական միջնորդության զարգացում: 6. Անվտանգության ժամանակակից եւ արդյունավետ համակարգի ձեւավորում:
7. Հանրապետական եւ տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում:
Յուրաքանչյուր հարց զեկուցել է կառավարության տվյալ անդամի տեղում նստած երիտասարդ «նախարարը», որին այնուհետ մյուս գործընկերները եւ վարչապետն ուղղել են իրենց հարցերը: Կառավարության այս նիստը բավական աշխույժ է անցել, ներկայացված հարցերի վերաբերյալ առաջարկներ են հնչել: Օրակարգի հարցերից երեքի զեկուցումն ավարտելուց հետո, հաշվի առնելով հաջորդ չորս հարցերի տարողունակությունն ու զեկուցման ծավալները, ինչպես նաեւ՝ մասնակիցների ակտիվությունը` հարցերից յուրաքանչյուրի ժամանակ հնչող դիտողությունների, առաջարկների քանակը, նպատակահարմար է դիտվել նիստն ընդմիջել որոշակի ժամկետով եւ կրկին հանդիպել օրակարգի մնացած հարցերը քննարկելու համար: Վարչապետը նշել է, որ գործող կառավարության անդամներին կհանձնարարի՝ նշված հարցերի շուրջ մինչ այդ քննարկումներ իրականացնել երիտասարդ «նախարարների» հետ, որպեսզի նիստը շատ ավելի որոշակի եւ արդյունավետ ընթանա: Սերժ Սարգսյանը խոստացել է հաջորդ տարի երիտասարդների հետ հանդիպել նաեւ նիստից դուրս եւ զրուցել նրանց հետաքրքրող ամենատարբեր թեմաների շուրջ: