Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ կառավարությունը հարկային վարչարարության առումով անցնում է ռիսկային ստուգումների քաղաքականության: Նաեւ պարզաբանել է, թե դա չի նշանակում, որ ստուգումների են ենթարկվելու բոլոր տնտեսվարողները: «Համապարփակ բոլորին չենք ստուգելու, եւ այն հաշվետվությունները, այն գործողությունները, որոնք կստեղծեն կասկածներ հարկային մարմինների մոտ, միայն այդ օբյեկտներում կամ այդ գործարարների մոտ տեղի կունենան ստուգումներ»,- ասել է Վարդան Խաչատրյանը` ավելացնելով, թե ինքը որեւէ արտառոց հանգամանք չի տեսնում «Սիլ կոնցեռնում» տեղի ունեցող ստուգումների մեջ: Այսինքն, ըստ Վ. Խաչատրյանի` այն, ինչ տեղի է ունենում «Սիլ կոնցեռնում» կոչվում է «ռիսկային ստուգումների քաղաքականություն»: