Սատարելու են առաջին նախագահին

16/11/2007

ՀԺԿ քաղխորհրդի երեկվա նիստում քննարկվել է 2008թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Խորհրդի անդամներն առաջարկել են ընտրությունների գնալ սեփական թեկնածուով, սակայն Ստեփան Դեմիրճյանը հրաժարվել է՝ տալով որոշակի բացատրություններ: Մոտ 2 ժամ տեւած խորհրդի նիստում ընդունվել է հայտարարություն, որում ասվում է. «Հաշվի առնելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժեղ բեւեռով հանդես գալու նպատակով Ստեփան Դեմիրճյանը չի տալիս իր համաձայնությունը՝ առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, եւ նկատի ունենալով, որ այդ բեւեռը ձեւավորվում է ՀՀ առաջին նախագահի շուրջ, որը վերաիմաստավորել է իր անցած քաղաքական ուղին, հանդես չի գալիս որպես մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ, եւ որի քաղաքական գնահատականները եւ մոտեցումները մի շարք կարեւոր հարցերում համահունչ են ՀԺԿ դիրքորոշումներին, ՀԺԿ վարչության քաղխորհուրդը որոշում է՝ առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցը դնել ՀԺԿ Վարչության նիստի քննարկմանը»: ՀԺԿ քաղխորհրդի նիստին այս հայտարարությունն ընդունվել է միաձայն: Ի դեպ, նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահը, ելույթ է ունենալու նաեւ Ստեփան Դեմիրճյանը: