ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն օրեր առաջ պատրաստակամություն էր հայտնել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի-Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ Հանրային հեռուստաեթերով բանավեճ անցկացնելու վերաբերյալ: Արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է նման բանավեճերի. այս հարցին ի պատասխան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Նախընտրական բուն շրջանում վստահաբար կլինեն տարբեր տեսակի բանավեճեր թեկնածուների, նաեւ թեկնածուների շտաբի ներկայացուցիչների միջեւ: Հիմա նման բանավեճ առաջարկելը, այն էլ` կոնկրետ ֆորմատով, նշանակում է՝ փորձել շահագործել Սերժ Սարգսյանի ակնհայտ բարձր վարկանիշը դիմացինի վարկանիշը բարձրացնելու համար: Ակնհայտ է, որ ցանկացած օպոնենտ, որը կհայտնվի Սերժ Սարգսյանի հետ նույն հարթակում, նույն եթերում, շատ շահեկան դիրքում է գտնվելու, որովհետեւ իր վրա է կրելու Սերժ Սարգսյանի բարձր վարկանիշի հետքային հետեւանքները: Այսինքն` առաջարկի բուն ենթատեքստն այս է. պարոն Սարգսյան, ձեր վարկանիշը շատ բարձր է, թույլ տվեք մենք էլ մի քիչ օգտվենք այդ վարկանիշից: Չեմ կարծում, որ Ս. Սարգսյանի եւ ՀՀԿ-ականներիգործն է բարձրացնել այլոց վարկանիշներն ու ընդունել նման տեսակի առաջարկություններն այս պահին, երբ չկա բուն քարոզարշավային ֆորմատ»: