Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում մեկնարկեց «Արմպրոդէքսպո-2007»` արդեն 7 տարի անընդմեջ կազմակերպվող գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսը, որին մասնակցում էին ալկոհոլ, պահածոներ, մսամթերք, կաթնամթերք, հացամթերք, հյութեր ու հանքային ջուր եւ ծխախոտ արտադրող մոտ 60 ընկերություններ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մոտեցավ բոլոր տաղավարներին, համտեսեց ներկայացված սննդամթերքի գրեթե բոլոր տեսակներից: Վերջում նա իր տպավորությունները կիսեց եւ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ավելի ճիշտ, նախագահը պատասխանեց ընդամենը երկու լրագրողի հարցի, իսկ հեռուստաընկերություններից մեկի լրագրողի հերթապահ հարցից հետո Ռ. Քոչարյանը բավական երկար մենախոսություն ունեցավ ընդդիմության եւ ընդդիմության միասնական թեկնածուի մասին: Ներկայացնում ենք այդ հարցուպատասխանը:
– Նախ՝ իմ տպավորությունների մասին խոսեմ, հետո հարցեր կտաք: Տարեցտարի ավելի մեծ հաճույքով եմ մասնակցում այս ցուցահանդեսին, որովհետեւ կատարված աշխատանքի արդյունքները ամենից տեսանելի այստեղ են: Եվ ի վիճակի եմ համեմատել, թե ինչ զարգացում ենք ունենում գյուղատնտեսության, վերամշակման ոլորտում: Տպավորություններս փայլուն են, տրամադրությունս՝ շատ բարձր: Շատ նոր բաներ ես տեսա, նոր արտադրանք, նոր որակ, նոր փաթեթավորում, նոր մոտեցումներ ընդհանրապես: Եվ ասեմ, որ ֆերմերների, արտադրողների հետ մտքերի փոխանակումից հասկացա, որ նրանք արդեն մտածում են միջազգային ստանդարտներին համապատասխանելու մասին: Պետք է հնարավորություն ստեղծենք ավելի լայն տարածքներ ունենալու համար, ընդհանրապես արտադրանքը աշխարհում շուկա է դուրս բերվում հիմնականում ցուցահանդեսների միջոցով: Շատ լավ է: Նոր ֆիրմաներ կան, որ ընդամենը մեկ-երկու տարվա պատմություն ունեն, բայց փայլուն արտադրանքով են հանդես գալիս: Եվ ում հարցնում ես, ասում են, թե չեն կարողանում բավարարել պահանջարկի ամբողջ ծավալները: Ուրեմն պահանջարկը կա, որակը կա, շատ արդյունավետ մրցում են դրսի արտադրանքի հետ, եւ պետք է շարունակենք շատ հետեւողական ձեւով:
– Տեղական արտադրողի այդ մրցունակության վրա չի՞ ազդում արդյոք դրամի արժեւորումը, որի հետեւանքով ավելի է ձեռնտու դառնում ապրանքը Հայաստան ներմուծելը, քան տեղում արտադրելը:
– Մենք հատուկ խնդրել ենք միջազգային համբավ ունեցող փորձագետներին՝ գնահատել դրամի արժեքավորման այսօրվա մակարդակը, եւ մեզ ասում են, որ մենք ողջամիտ պրոցեսի շրջանակում ենք: Թե՛ ԱՄՀ-ի, եւ թե՛ միջազգային մեծ համբավ ունեցող ֆինանսական հաստատությունների փորձագետների կարծիքն է սա: Առաջին, եւ երկրորդ՝ դուք համեմատեք դրամի արժեւորումը ոչ միայն Միացյալ Նահանգների շուկայի հետ, այլ համեմատեք նաեւ եվրոյի հետ: Տարբերությունը շատ քիչ է եւ տեղավորվում է այդ արժեքավորումը տնտեսական զարգացման տեմպերի մեջ: Չկա երկիր, որտեղ այս կարգի յոթ տարի անընդմեջ տնտեսական աճ լինի եւ սեփական դրամը չարժեքավորվի: Համեմատեք ռուսական շուկայի հետ, ռուսական արժույթի հետ, եւ կտեսնեք, որ այստեղ բավական նորմալ է:
– Պարոն նախագահ, հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարը չենթարկվի հետապնդման, բերեմ կոնկրետ` «Բջնիի» օրինակը:
– Ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, երեւի պարտավոր չեմ տիրապետել: Դուք գիտեք հստակ, որ մենք հարկային քաղաքականության առումով շատ ավելի հետեւողական մոտեցում ենք դրսեւորում բոլորի նկատմամբ, եւ չկա մի գործարար, լինի դա, ձեր որակումով՝ իշխանամետ կամ ընդդիմադիր… բոլորը այսօր բերվում են հավասար հարկային դաշտ: Եվ մենք տարվա վերջում կհրապարակենք նաեւ խոշոր հարկատուների ցուցակը, ոնց որ միշտ անում է Հարկային տեսչությունը, եւ դուք կտեսնեք` ինչքանով են բոլորն ավելացրել իրենց հարկային մուծումները: Բոլորը՝ նաեւ պատգամավորներ, որոնք հայտնի են, այսպես ասած, իրենց գործարար համբավով: Այսինքն՝ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ պետությունը այս հակակոռուպցիոն քաղաքականությունն է որդեգրել եւ հետեւողական է: Կան մարդիկ, որոնք չեն ուզում իրենց տնտեսության ստվերային հատվածը փոքրացնել եւ փորձում են քաղաքականացնել այդ հարցը, փորձում են աղմուկ հանել, կոպիտ ասած՝ լաչառություն անել՝ բյուջեին ավելի քիչ գումարներ հատկացնելու համար: Ես կարծում եմ, որ, եթե հարուստ ես, եթե մենք խոսում ենք սոցիալական արդարության մասին, ապա մենք պետք է նաեւ այդ խիղճը ունենանք մեր եկամուտներից հասանելիք մասը տրամադրել պետությանը՝ սոցիալական հարցեր լուծելու համար: Եվ կցանկանայի նաեւ այս առիթը օգտագործելով ասել, որ այդ լաչառությունը ոչ մի լավ արդյունք իրենց համար չի բերելու: Բարեխիղճ հարկատուն միշտ էլ հարգված է լինելու Հայաստանի Հանրապետությունում: Կհրապարակենք նաեւ այդ ստուգումների արդյունքները, եւ դուք կտեսնեք, որ այն գործարարը, որին դուք ենթադրում էիք, ինչպես էր խաբում Հայաստանի Հանրապետությանը:
– Պարոն նախագահ, Ձեր կարծիքով, ընտրություններում, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի միասնական թեկնածու կլինի՞:
– Ինձ մի քիչ զարմացնում է, որ միասնական թեկնածուի խնդիրը եւ՛ քաղաքական գործիչների կողմից, եւ՛ հատկապես քաղաքագետներ իրենց անվանող մարդկանց կողմից այդքան մեծ ուշադրության է արժանանում: Եվ ուղղակի չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում միասնական թեկնածու, միավորվել ի՞նչ հենքի վրա, զուտ ինքնանպատա՞կ է ունենալ միասնական թեկնածու, թե՞ կան գաղափարական ընդհանրություններ, ծրագրերի համադրելիություն, որի հենքի վրա կարելի է իսկապես միավորվել: Մենք նման տխուր օրինակ ունեցել ենք «Արդարություն» դաշինքի հետ, երբ լրիվ տարբեր մոտեցումներ ունեցող մարդիկ իրար հետ միավորվել են մեկ նպատակով՝ խորհրդարանում աթոռ ունենալու նպատակով: Վերջում, թե ինչ վախճան ունեցավ այդ դաշինքը՝ դուք բոլորդ լավ տեղյակ եք: Նախագահի աթոռը կիսվող չի: Մրցանակն այս ընտրությունների ժամանակ մեկն է՝ մեկն է ստանալու այդ մրցանակը: Ի դեպ, նոր Սահմանադրությամբ նախագահը մասնակիցներին նույնիսկ հնարավորություն չի ունենալու պորտֆելներ բաժանել, քանի որ գործադիր իշխանությունը ձեւավորվում է նոր խորհրդարանի կողմից, իսկ խորհրդարանում ուժերի բաշխվածությունը արդեն պարզ է: Եվ հարց է առաջանում՝ կարո՞ղ են արդյոք իրար հետ աշխատել մարդիկ կամ կուսակցություններ, որոնց նպատակը ՆԱՏՕ-ի անդամակցությունն է, կամ կուսակցություններ, որոնց նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի խորացումն է: Կամ արտաքին քաղաքականության վերաբերող հարցերը: Ինձ համար զարմանալի էր, բայց պարզվեց, որ Հայաստանում կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ մեր հիմնական գործընկերը պետք է լինեն Թուրքիան ու Ադրբեջանը: Այդպիսի թուրքամետություն ես չէի ակնկալում, նույնիսկ անկեղծ ասած՝ ՀՀՇ-ից: Եվ չէի կարծում, որ Հայաստանը կարող է հետագայում Թուրքիայի գրկում հայտնվել: Եթե կան մարդիկ, որոնք կիսում են այդ մոտեցումները, կամ կան քաղաքական կուսակցություններ, խնդրեմ, միավորվեք, բայց հայտարարեք՝ ի՞նչ ապագա եք դուք տեսնում Հայաստանի համար»։
– Առաջին նախագահի շանսերն ինչպե՞ս կգնահատեիք:
– Ավարտենք այսքանով, չեմ ուզում անձնավորել: Հաջողություն եմ ցանկանում: