ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները վարչապետ Սերժ Սարգսյանին հարցեր ուղղեցին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունում սկսված ստուգումների վերաբերյալ:
Անահիտ Բախշյանը` մեջբերելով Սերժ Սարգսյանի նախօրեին արած հայտարարությունը, թե ամենակարեւոր խնդիրը երկրում բարոյահոգեբանական լավ մթնոլորտի ձեւավորումն է, հետաքրքրվեց. «Հավատում ենք ձեր հայտարարությանը, բայց մտահոգված ենք այդ ստուգումներով, որովհետեւ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը կարելի էր իրականացնել միայն օրինականության դաշտում, այն դեպքում, երբ բոլորս օրենքի առջեւ հավասար ենք, եւ իրավունքը գերակա է: Արդյոք դա չի՞ կապվում հայտնի քաղաքական գործընթացների հետ` կապված Խաչատուր Սուքիասյանի քաղաքական կողմնորոշման հետ»: Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Դուք ճիշտ եք, մեր տնտեսությունը զարգացնելու եւ ընդհանրապես հաջողության հասնելու ամենահիմնական գործիքը հանրապետությունում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումն է: Բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք տարբեր կերպ ենք ընկալում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում ասվածը: Խոսքս այն ԶԼՄ-ների եւ մարդկանց մասին է, ովքեր շատ սովորական ստուգումներից աղմուկ են բարձրացնում: Այստեղ մի քանի հանգամանք կա. ուզում են ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ այդ նույն ԶԼՄ-ներն ասում են, թե մեր տնտեսությունը բաշխված է երկու-երեք կլանների միջեւ: Ես կուզենայի, որպեսզի դուք մտածեիք. այն, ինչ դուք թվարկեցիք, ո՞ր կլանին է պատկանում: Եվ երկրորդ` ի՞նչ եք կարծում, եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում, պետք է դուրս մնա՞ հարկային ոլորտից: Եվ երրորդ` այդ ե՞րբ չեն ստուգել, եւ՛ նույն «Սիլ կոնցեռնի», եւ՛ մնացածների հարկային գործունեությունը: Եթե որեւէ մտահոգիչ բան չկա, ինչի՞ են աղմկում, ինչի՞ են զուտ տնտեսական գործունեությունը քաղաքականացնում: Ինձ համար ուղղակի շատ տարօրինակ է, գիտեք: Այո, հարկային քաղաքականությունը հանրապետությունում խստացվելու է, որովհետեւ դա հավասար մրցակցային դաշտ ստեղծելու առաջին նախապայմանն է»: Անահիտ Բախշյանն ի պատասխան նկատեց, թե ուրիշ կլաններ էլ կան, եւ ճիշտ կլիներ, եթե օրենքի կիրառումը սկսվեր մեկ այլ կլանից: Այս դիտարկմանն ի պատասխան, վարչապետ Ս. Սարգսյանը հակադարձեց. «Ես ձեր ակնարկները հասկանում եմ, ես ինձնից շատ վաղուց եմ սկսել, եւ կուզենայի, որպեսզի շատ մարդիկ իմ չափ լինեին օրինապահ` սկսած կարմիր լույսի տակ կանգնելուց, ձեզ հայտնի փաստից` վերջացրած մնացածով: Ես ձեզ կառաջարկեի, որպեսզի դուք ուշադրությամբ նայեիք, ոչ թե թերթեիք, այն ցուցակը, որ արդեն տարիների ընթացքում հրապարակում են Հարկային, Մաքսային մարմինները, եւ տեսնեիք, թե ովքեր են շատ հարկատուները, այդ մարդիկ ինձ հետ որեւէ առնչություն ունե՞ն, թե՞ ոչ, երբեւէ մենք ուսանողական տարիներին միասին սովորե՞լ ենք, թե՞ ոչ, եւ այլն: Այս առումով, որեւէ մեկն ինձ երբեք չի կարող կշտամբել, եւ ես երբեք բարոյական իրավունք չէի ունենա որեւէ մեկին ցուցում տալու, եթե ես երբեւէ Մաքսային կամ Հարկային մարմիններից փորձեի պաշտպանել իմ ծանոթ-բարեկամներին: Սա իրականություն է: Ես հասկանում եմ, որ դուք դժվար եք հավատում դրան, բայց սա իրականություն է: Ես չեմ կարող ոչ միայն ամբիոնից, այլեւ ընդհանրապես ինչ-որ մեկի աչքերին նայել եւ սուտ ասել: Կարող են վկայել մեր Հարկային եւ Մաքսային մարմինները»:
Ավելի ուշ` պատասխանելով լրագրողների հարցին, թե` արդյոք գործարար Միխայիլ Բաղդասարովն իր մերձավորը չէ՞, եւ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ նրան պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն անգամ 300 խոշոր հարկատուների ցանկում չէ, եւ գտնվում է 551-րդ տեղում, Ս. Սարգսյանն ասաց. «Ոչ, Մ. Բաղդասարովն իմ մերձավորը չէ: Նա ինքնուրույն բիզնեսմեն է, եւ նրան կարող եք ուղղել ձեր հարցերը»:
«Ժառանգության» մեկ այլ պատգամավորի՝ Զարուհի Փոստանջյանի հարցադրումը եւս մասամբ առնչվում էր «Սիլ կոնցեռնին»: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը` վկայակոչելով Ժիրայր Սէֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ «ԺԵ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: Զ. Փոստանջյանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը համահունչ այն փաստին, որ նրա մարտական ընկեր Ժ. Սէֆիլյանը գտնվում է բանտում: «Ես իմ մարտական ընկերների հետ իմ հարաբերություններում փաստաբանի կարիք բոլորովին չեմ զգում: Եվ պետք է ասեմ, որ շատ զարմացած եմ, քանի որ դուք, կարծեմ թե, իրավաբան եք եւ պետք է հասկանաք մի պարզ բան, որ հանրապետության վարչապետի պատասխանատվության եւ իշխանության տիրույթում չեն գտնվում ոչ դատարանները, ոչ Դատախազությունը, եւ դուք ինձ կոչ եք անում, որպեսզի ես զբաղվեմ իմ լիազորություններից դուրս գործերով, ինչին, ցավոք սրտի, չեմ կարող հետեւել: Իհարկե, դուք դրանից կարող եք եզրակացություն անել, որ ձեր պատկերացումները բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման մասով չեն իրականացվում, բայց ես բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում ասելով՝ երբեք նկատի չեմ ունեցել, որ հանրապետության վարչապետը կամ ես, որպես անհատ, պետք է այնպես անեմ, որ հանրապետության բոլոր քաղաքացիների, բոլոր մարդկանց սրտով բան անեմ: Որեւէ մեկն այդպիսի խնդիր լուծել չի կարող»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը: Հակադարձելով Զ. Փոստանջյանին, թե Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի գործը դուրս է դատական վարույթից եւ գտնվում է կառավարության տիրույթում, քանի որ վաղաժամկետ ազատ արձակման հարցերի հանձնաժողովի անդամ են պաշտոնյաներ, որոնք աշխատում են կառավարությանն առընթեր գերատեսչություններում, Ս. Սարգսյանը նկատել է, թե չնայած այդ հանձնաժողովի անդամները կառավարությանն առընթեր գերատեսչությունների պաշտոնյաներ են, բայցեւայնպես, այն անկախ հանձնաժողով է, եւ ինքը որեւէ կերպ չի կարող միջամտել նրանց գործունեությանը: