Հասարակածային Գվինեայում բանտարկված հայ օդաչուներին օգնելու առաջարկ էր արել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մարտի 25-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ա. Աբրահամյանի հանդիպումը օդաչուների կանանց հետ: Լրատվամիջոցների ներկայությունն այս հանդիպմանն արգելված էր: Այնուամենայնիվ, մեկ ժամից ավելի տեւողությամբ հանդիպումից հետո պարզ դարձավ նրա բովանդակությունը: Ա. Աբրահամյան-օդաչուների հարազատներ հանդիպման համար 20 րոպե էր նախատեսված: Նախարարության շենքն առաջինը լքեց պրն Աբրահամյանը: Հարցերին նա չցանկացավ պատասխանել` ասելով, որ շտապում է, բայցեւ նշեց, որ կանայք դեռ ներսում են եւ հանդիպելու են Վարդան Օսկանյանի հետ: Հինգ րոպե անց Վ. Օսկանյանը եւս կայծակնային արագությամբ լքեց շենքը: Շուտով շենքից դուրս եկան օդաչուների կանայք, որոնք հերքեցին, թե հանդիպել են նաեւ նախարարի հետ: Իրականում զրույցն ընթացել է Արտգործնախարարության` Աֆրիկյան բաժնի ղեկավարության հետ այն նույն` հույս, հավատ ու համբերություն ներշնչելու սովորական հունով, որը կանանց արդեն ակնհայտորեն ձանձրացրել է: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա, կանանց խոսքերով, նա պատմել է օդաչուներին ազատելու ուղղությամբ կատարած իր հանդիպումների մասին:
Մ. Վ.