«Միջազգային ճգնաժամերի խմբի»՝ երեկ հրապարակված զեկույցում առաջարկվում է ուժեղացնել Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի դերը եւ օգտագործել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում իրականացվող վերանայումներն ու ֆինանսավորումը ոչ միայն ինստիտուցիոնալ զարգացման եւ մարդու իրավունքների, այլեւ վստահության ամրապնդման համար: «Միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի խաղաղության հասնելու համար: Օգնության ֆինանսական գործիքները պետք է պայմանավորել առաջընթացով, եւ գործուն դիվանագիտությունը պետք է երկու կողմերի ուշադրությունը կենտրոնացնի հակամարտության գնի վրա, որը շատ ավելին է, քան փոխզիջման հետ կապված վտանգները»,- ասել է ՄՃԽ Եվրոպական վարչության տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Փաստորեն, զեկույցի հեղինակները չգիտեն, որ ԼՂ հարցը մենք վաղուց «լուծել ենք»: