Դեռ չեն տեսնում

16/11/2007

Չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որովհետեւ ՀՔԴՄ-ի ու ՀՀԿ-ի ծրագրերը համահունչ են: Այս մասին երեկ հայտարարել է ՀՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինս կարծիք է հայտնել, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող այլընտրանք լինել ներկա իշխանություններին եւ ավելի շատ այլընտրանք է ընդդիմության մյուս թեկնածուների համար: Իսկ առաջին նախագահի վերադարձը, ըստ նրա, կապված է ընդդիմության ձախողման հետ: «Հանրապետության առաջին նախագահը երբեք քաղաքականությունից դուրս չի եղել: Ինչ վերաբերում է նրա՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալուն, սա անկասկած հետաքրքրություն է բերում քաղաքական գործընթացներին: Բայց դա կհաղորդի՞ բովանդակություն եւ քաղաքական մրցակցություն, կհանգեցնի՞ հայեցակարգային մոտեցումների բախումների եւ պայքարի, մենք դեռ չենք տեսնում»,- ասել է Խ. Հարությունյանը: