Ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումն աստիճանաբար դառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական կյանքի բնորոշ առանձնահատկությունը: Այս կարծիքն է հայտնել բաքվեցի քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում հերթական լրագրողի ազատազրկման փաստը: Որպես օրինակ՝ ադրբեջանցի վերլուծաբանը վկայակոչել է անցած շաբաթ «Իմեդի» հեռուստաընկերության եթերազրկումը Վրաստանում եւ հոկտեմբերի 23-ին ընդդիմադիր թերթերի խմբագիրների ձերբակալությունը Հայաստանում: «Ոչ միայն տպագիր, այլեւ էլեկտրոնային մամուլը Հարավային Կովկասում ենթարկվում է իշխանությունների ճնշումներին ու սահմանափակումներին,- հայտարարել է Մուսաբեկովը՝ շեշտելով,- Ճիշտ է, մամուլն էլ հաճախ իրեն անթերի չի պահում, բայցեւայնպես, այն, ինչի ականատեսն ենք հիմա, նախեւառաջ, հետընթաց է, բացի այդ, անթույլատրելի է պետությունների համար, որոնք հռչակել են Եվրոպային ինտեգրվելու իրենց ցանկությունը»: Շաբաթասկզբին բանտում հայտնվեց ադրբեջանցի արդեն 8-րդ ընդդիմադիր լրագրողը: Առաջատար ընդդիմադիր պարբերականներից մեկի՝«Ազադլըղի», գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդովին մեղադրեցին խուլիգանության մեջ՝ դատապարտելով երկու ամսվա ազատազրկման: Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ՝ Զահիդովը ճաղերի ետեւում հայտնվեց պարզունակ ոստիկանական սադրանքից հետո, երբ Բաքվի կենտրոնում լրագրողի մասնակցությամբ ծեծկռտուք հրահրվեց: