Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բելգիա կատարած այցի ժամանակ հայտարարեց` եթե ինքը փող ունենար, ապա կներդներ միայն Հայաստանում: Քանի որ, վերջին շրջանում, մեր քաղաքական գործիչները (թե իշխանական, թե ընդդիմադիր) սկսել են մեղադրել լրագրողներին կողմնակալության կամ, ասենք, իրենց արտահայտած մտքերը հատվածաբար (մոնտաժված) մեկնաբանելու մեջ, ապա տվյալ դեպքում մենք կգործենք լրագրողական էթիկայի միջազգային նորմերին համապատասխան եւ ընդհանրապես չենք մեկնաբանի պարոն Քոչարյանի բրյուսելյան արտահայտությունը: Պարզապես կբերենք փաստեր:
Երեկ հրապարակվել է միջազգային Control Risks ընկերության Risk Map 2008 (Ռիսկերի քարտեզ 2008) հաշվետվությունը, որտեղ հրապարակվել են այն երկրների անունները, որոնցում քաղաքական եւ անվտանգության ռիսկերը գտնվում են ցածր մակարդակի վրա եւ, ըստ այդմ` օտարերկրյա ներդրողները կարող են, առանց որեւէ անհանգստության, ներդրումներ կատարել: Եվ, քանի որ, վերջին շրջանում, ՀՀ իշխանական վերնախավը սկսել է շատ վստահել նմանատիպ միջազգային ընկերությունների ուսումնասիրություններին, ապա ոչ մի հիմք չկա չվստահելու նաեւ Control Risks ընկերության ուսումնասիրության արդյունքներին: Իսկ եթե այդ արդյունքներին հավատում ենք, ապա պետք է փաստել, որ Հայաստանում (ինչպես եւ Ուզբեկստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Տաջիկստանում) քաղաքական եւ անվտանգության ռիսկերն օտարերկրյա ներդրումներ կատարելու տեսանկյունից «բավականին բարձր» են գնահատվել: Այնպես որ, ի տարբերություն ՀՀ նախագահի, արտասահմանցիները գտնում են, որ իրենք որքան էլ փող ունենան, միեւնույն է, Հայաստանում այդ գումարները չեն ներդնի (մենք ամենեւին էլ չենք չարախնդում, պարզապես փաստն ենք արձանագրում): Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստանում օտարերկրյա կապիտալը գնալով պակասում է: Բացառություն է կազմում միայն ռուսական կապիտալը, որը կամաց-կամաց դուրս է մղում հունական («ԱրմենՏել»), լիբանանյան («Վիվա Սելլ»), հնդկական (AGRC ոսկու արդյունահանման) ներդրողներին: Բացի վերոնշյալներից, ռուսական ընկերություններին են պատկանում նաեւ ողջ էներգահամակարգը, «ԱրմենԱլը» եւ շուտով, հավանաբար, նաեւ «Հայկական երկաթգիծը»: Սա պատահական չէ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ մեր պետությունը ռիսկային չէ միայն ռուսական կապիտալի համար: Քանզի այդ ներդնողները միշտ էլ «օրինավոր» հարկատուներ են եւ նրանց տարին երկու-երեք անգամ ստուգելու կարիք չկա:
Բայց ցավը նրանում է, որ Հայաստանում ռիսկերը կապված են ոչ միայն ներդրողների հետ: Օրինակ, Երեւանի յուրաքանչյուր բնակչի համար այսօր փողոց անցնելը կապված է մեծ ռիսկի հետ: Որովհետեւ, բացի «լիբերալ» հայ վարորդները, մեր քաղաքում չափից ավելի շատացել են նաեւ «պահպանողական» փոսերը:
Մեծ ռիսկերի հետ է կապված նաեւ արտարժույթ ունենալը: Ընդ որում, Հայաստանում վաղուց արդեն կապ չունի` դոլարը բանկո՞ւմ ես պահում, թե՞ ներքնակի տակ: ՀՀ Կենտրոնական բանկը հասել է իր նպատակին` հայաստանյան բանկերը, փաստորեն, ներքնակներից կամ կարկատած «չուլկուց» այլեւս ոչնչով չեն տարբերվում: Որովհետեւ դոլարի «լողացող կուրսը» վաղուց արդեն «սկել է»:
Մեծ ռիսկի հետ է կապված նաեւ Երեւանի կենտրոնում բնակվելը: Որովհետեւ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր «ոչ լաչառ հարկատուի» կարող է դուր գալ հենց քո բնակության վայրը: Այդ իսկ պահից սկսած, տվյալ քաղաքացու սեփականությունը կհայտարարվի «պետական կարիքների համար» անհրաժեշտ տարածք, եւ քաղաքացին, ստիպված, նոր տուն պետք է փնտրի իր համար:
Իմիջիայլոց, ըստ մեկ այլ հեղինակավոր միջազգային ընկերության տվյալների` մինչեւ վերջերս վտանգավոր էր «մեկ կում «Ջերմուկը» (հիշեցնեմ, որ անցած տարի ԱՄՆ Դեղամիջոցների եւ սննդամթերքի ստուգման դաշնային գործակալությունը զգուշացրել էր, որ «Ջերմուկ» հանքային ջրում մկնդեղի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը), իսկ հիմա` «մեկ կում Բջնին»:
Մի խոսքով, իհարկե, այսօր Հայաստանում ապրել եւ աշխատելը արդեն մեծ ռիսկ է. բայցեւ, ինչպես ռուսներն են ասում` «Կտո նե ռիսկույետ, տոտ նե պյոտ շամպանսկոյե»: