«ՀՀԿ-ն կեղծելու կարիք չունի»,- ասում է իսկական Հակոբ Հակոբյանը

16/11/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Այսօր մենք գտնվում ենք նախընտրական շրջանում, հասարակությունը պետք է նախապատրաստվի ընտրությանը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի վաղվա մասին: Եվ դա նախընտրական շեմին բերում է լարվածության: Իսկ Հանրապետական կուսակցությունը, մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրություններում հաղթելուց հետո, բնական է, չէր կարող չունենալ նախագահի թեկնածու: Եթե այսօր որոշ թեկնածուներ խոսում են իրենց քաղաքական կապիտալի մասին, ապա ՀՀԿ-ն հստակ ասում է հետեւյալը. մենք կապիտալ ենք ձեռք բերել մայիսի 12-ի ընտրություններում, որը Եվրամիության կողմից ճանաչվեց Հայաստանում մինչ այդ անցկացված ընտրություններից եվրոչափորոշիչներին ամենամոտը: Եվ, բնականաբար, մեր քաղաքական կապիտալը շատ ավելի մեծ է, եւ մենք, ունենալով այդ կապիտալը, ուղղակի գնում ենք ընտրության»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա նշեց նաեւ, որ քաղաքական կապիտալը հարցի միայն մեկ կողմն է, իսկ ՀՀԿ-ն նաեւ տնտեսական ծրագիր ունի. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասարակության հետ շփումից պարզ դարձավ, որ մենք կարճ ժամանակում շատ խնդիրներ ունենք լուծելու: Դրա համար կայացվեց քաղաքական որոշում, ըստ որի` տնտեսական դաշտում պետք է թռիչք կատարել, բյուջետային եկամուտներն ավելացնել, որպեսզի հասարակության մեջ եղած խնդիրները կարճ ժամկետում լուծվեն: Եթե 2007-ին բյուջեում մենք ունեինք 1 միլիարդ 500 միլիոն դոլարի սահմաններում եկամտային մաս, ապա ներկայումս արդեն 2.5 միլիարդ կա: Մեծացնելով տնտեսական բազան` մենք ստեղծում ենք վաղվա տնտեսության հիմնական ուղղությունները: Մենք չենք կարող թոշակները թռիչքային բարձրացնել, աշխատավարձը` ոչ եւ այլն: Գումարները ծախսվում են ըստ մեր որդեգրած քաղաքականության` առաջինը` ապահովել այն խավին, ովքեր այսօր ուղղակի չեն կարող ապրել, երկրորդը` աջակցել ան մարդկանց, ովքեր վաղը քաղաքացի պետք է լինեն` խոսքը կրթությանն է վերաբերում, եւ երրորդը` ապահովել տարեցներին»:

Պատասխանելով այն հարցին, թե քաղաքական կապիտալ ասելով` պրն Հակոբյանը կոնկրետ ի՞նչն ի նկատի ունի` գրված թվե՞րը, թե՞ ստացած իրական քվեները, քանի որ հասարակության մեջ կարծիք կա, որ խորհրդարանական ընտրություններից հետո գրված թվերն ու իրականում ստացած քվեները ոչ մի կապ չունեն իրար հետ, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չգիտի, թե հասարակության մեջ ո՞ր անդամներն են նման կարծիք հայտնում: Ինքը միայն հավատում է հեղինակավոր կազմակերպություններին. «Եթե «ՆԱՍԱ»-ն ասի, որ ինքն այլմոլորակային է տեսել, ես կհավատամ, որովհետեւ դա կազմակերպություն է, որը հենց դրանով է զբաղված: Բայց եթե ձեզանից որեւէ մեկն ասի դա` չեմ հավատա: Ես կիսում եմ միջազգային լուրջ կառույցների գնահատականը»: Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, թե արդյոք ՀՀԿ-ն ունի՞ բավարար քաղաքական կամք, որպեսզի 2008թ. նախագահական ընտրությունները այնքան արդար անցնեն, որ դրանցից հետո ոչ ոք չհամարձակվի ասել, որ այս անգամ էլ կեղծվեցին, պրն Հակոբյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման պատասխանատուները քաղաքական ուժերն են. «Ընտրական օրենսգիրքը հստակ ասում է, որ երկու պատասխանատու կա. առաջինը` ընտրացուցակներն են, որի պատասխանատուն Ոստիկանությունն է, եւ երկրորդը` Ընտրական հանձնաժողովը: Մայիսի 12-ի ընտրությունների թվերը վերլուծելով եւ դրանց վրա հիմնվելով` ոչ ոք չի կարող ասել, որ ՀՀԿ-ն մտածում է ընտրակեղծիքների մասին: ՀՀԿ-ն կեղծելու կարիք չունի: Հակառակը, ՀՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին խնդիր ունի, որ մյուս քաղաքական ուժերը չկեղծեն դրանք»:

Հ. Հակոբյանը, ով նաեւ գործարար է, նշեց, որ ՀՀ Սահմանադրության պահանջից ելնելով` ինքն իր ամբողջ ունեցվածքը կառավարման է տվել ուրիշին: Իսկ լրագրողների այն հարցին, որ գործարար լինելով` ինչպե՞ս է գնահատում այն, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում նրա քաղաքական հայացքների համար, եւ արդյոք ինքը մտավախություն չունի՞, որ հետագայում ընդդիմանալու դեպքում ինքն էլ նույն բախտին կարժանանա, պրն Հակոբյանը պատասխանեց. «Այս հարցում երկու սկզբունք կա. եթե քաղաքական հայացքների համար են այդ ստուգումներն անցկացվում, ես դրան դեմ եմ: Եթե ստուգում են կատարում, եւ դա քաղաքականացվում է, ես դրան էլ եմ դեմ: Հիմա այն հիմնարկում, որտեղ ես սեփականատեր եմ եւ որը տվել եմ կառավարման, նույնպես ստուգումներ են կատարվում: Բոլոր այդ ստուգումները նախատեսված են օրենքով»: Հանրապետական պատգամավորն այն կարծիքին է, որ գների վերջին բարձրացման համար պատասխանատու են ՀՀ Կենտրոնական բանկը եւ Տնտեսական մրցակցության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները, որոնք պետք է հետեւեն գնաճին: Նրա կարծիքով` աշխատավարձի եւ թոշակի բարձրացումը փոխհատուցում է գների աճը:

Ի դեպ, լրագրողներից մեկի այն հարցին, որ այսօր Ազգային ժողովում մի քանի Հակոբ Հակոբյան կա, որոնց մականուններով են տարբերում, իսկ իրե՞ն ինչպես են դիմում, պատգամավորը պատասխանեց, որ ինքն իսկական Հակոբ Հակոբյանն է: