Հայաստանը կորցնում է մրցունակությունը

16/11/2007 Էդուարդ ՆԱԳԴԱԼՅԱՆ

Համաշխարհային տնտեսական ֆորումի ռեյտինգում Հայաստանը կտրուկ զիջել է դիրքերը՝ նախորդ տարվա 82-րդ տեղից մեկ տարվա ընթացքում իջնելով 93-րդ տեղը: Հետընթացի ընդհանուր դինամիկան գնահատելու համար բավական է հիշեցնել, որ 2005 թվականին մենք գրավում էինք 79-րդ տեղը:

Քանի որ այդ ռեյտինգը կազմվում է տվյալ երկրում ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքում եւ արտացոլում է նրանց տրամադրություններն ու առաջիկա ժամանակաշրջանի համար հեռանկարի գնահատումը, ռեյտինգի անընդմեջ իջեցումը վկայում է հայկական բիզնեսի` ռեֆորմների ընթացքից ու ընթացիկ տնտեսական գործընթացներից խորը հիասթափության մասին: Մեր գործարարների աճող հոռետեսությունը կապված է, մասնավորապես, ֆինանսական շուկայից խիստ դժգոհության հետ (110-րդ տեղ): Կարելի է ենթադրել, որ առաջին հերթին դա կապված է դրամի կուրսի կտրուկ ամրապնդմանը դիմակայելու գործում մեր պետության անկարողության կամ դիմակայելու ցանկության բացակայության հետ: Բացի դրանից, ցածր գնահատական է տրվել հայկական շուկաների գործունեության արդյունավետությանը եւ պետության կողմից շուկաների կարգավորման աշխատանքին (104-րդ տեղ): Հայ գործարարները դժգոհ են նաեւ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների մակարդակից (95-րդ տեղ), ինչը վկայում է երկրում կրթության համակարգի ճգնաժամի մասին:

Ինչ վերաբերում է ռեյտինգի առաջատարներին, ապա ԱՄՆ-ից հետո ամենամրցունակ տնտեսություններից մեկն ունի Շվեյցարիան (2-րդ տեղ), քանի որ այնտեղ, ըստ Հարվարդի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Մայքլ Պորտերի, կա «խելամիտ ինստիտուցիոնալ միջավայր, հիանալի ենթակառուցվածք, արդյունավետ շուկաներ, տեխնոլոգիական նորարարությունների եւ մտավոր սեփականության պաշտպանության բարձր մակարդակ»: Հետխորհրդային երկրներից ամենալավ վիճակում Էստոնիան է (27-րդ տեղ): Ռուսաստանը գրավում է 58-րդ տեղը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը` 61-րդ եւ 62-րդ տեղերը, Ադրբեջանը` 66-րդ, Վրաստանը` 90-րդ: Այսպիսով, մեր տարածաշրջանում մրցունակության տեսանկյունից մենք ետնապահ դիրքերում ենք: ԽՍՀՄ նախկին երկրներից մեզանից ետ են միայն Մոլդովան (97), Տաջիկստանը (117) եւ Ղրղըզստանը (119):

Այստեղից հետեւություն, որ բարձր տնտեսական աճը, հարաբերականորեն ցածր սղաճը եւ կենսամակարդակի լավացումը պաշտպանություն չեն երաշխավորում մրցունակության իջեցումից եւ ինստիտուտների մակարդակի անկումից: Կոռումպացվածությունը, հովանավորչությունը, ոչ օբյեկտիվ դատական համակարգը, սեփականության իրավունքի վատ պաշտպանությունն այն հիմնական պատճառներն են, որոնք Հայաստանին մղում են մրցունակության ռեյտինգի վերջնամաս ու նրան պահում այնտեղ:

Սկզբունքորեն, մրցունակության ռեյտինգը ներդրողների համար չի կազմվում: Այն մտորումների նյութ է տալիս կառավարություններին, որոնք կարող են հաշվի առնել ռեյտինգի արդյունքները եւ ուղղումներ մտցնել տնտեսական ու արդյունաբերական քաղաքականության մեջ: Եթե այդպիսին, իհարկե, կա:

Ինչպե՞ս բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունը: Այս հարցն ավելի հաճախ է հետաքրքրում տնտեսագետներին ու քաղաքագետներին: Հարցն իրոք խիստ այժմեական է, քանի որ մեր աչքերի առաջ փոփոխվում է երկրի մրցունակության բանաձեւը: Այն գործոնները, որոնք մինչեւ վերջերս ընկած էին հայկական տնտեսության մրցունակության հիմքում (օրինակ` էժան ռուսական գազ, էժան ու հարաբերականորեն որակյալ աշխատուժ եւ այլն), աստիճանաբար վերանում են: Մի կողմից՝ դա լավ է, քանի որ փակուղային է այն ճանապարհը, որով ուղղորդվում է էժան աշխատուժի եւ թաքնված դոտացիաների հիման վրա կառուցվող տնտեսությունը: Էժան աշխատուժը, որպես մրցունակության գործոն, հանգեցնում է աղքատության ու հետամնացության կոնսերվացմանը, զարգացման բացակայությանը: Ուստի, պետք չէ վախենալ էժան աշխատուժի վրա հիմնվող սեկտորների կորստից: Մյուս կողմից՝ դա նշանակում է նոր մարտահրավեր երկրի տնտեսությանը: Այսօր բոլոր հայկական ընկերություններում աշխատավարձի ֆոնդի եւ էներգատարիֆների ավելացման հաշվին բարձրանում են արտադրական ծախսերը: Այդ ծախսերը հնարավոր է կոմպենսացնել միայն արդյունավետության ու արտադրողականության բարձրացման հաշվին: Պատրա՞ստ են արդյոք ընկերություններն ընդունելու մարտահրավերը եւ ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

Սովորաբար տնտեսագետներն այս հարցի պատասխանը փնտրում են տեսական տնտեսագիտության հարթության մեջ: Իբր, հարկավոր են կառուցվածքային բարեփոխումներ, օտարերկրյա ինստիտուտների ներմուծում, եվրոպական օրենսդրություն, սեփականության եւ պայմանագրային իրավունքների պաշտպանություն եւ այլն: Իհարկե, այս ամենը խիստ անհրաժեշտ է, բայց, կարծես թե, նորից խառնաշփոթ է առաջանում պատճառահետեւանքային կապերում: Երբ բարեփոխումները գիտակցաբար փոխարինվում են դրանց նմանակումով, ապա տնտեսագիտական տեսությունն այլեւս էական դեր չի խաղում: Այն անօգուտ է: Անհնար է վերանալ այն փաստի գիտակցումից, որ տնտեսության մրցունակությունը սկսվում է հենց իշխանության մրցունակությունից: Երբ իշխանության արդյունավետությունը ցածր է, ու, երբ իշխանությունը չունի համապատասխան քաղաքական շարժառիթ, տնտեսության որեւէ մրցունակության մասին խոսք լինել չի կարող: Անարդյունավետ պետական կառավարման ապացույցը հենց ստվերային տնտեսության բարձր մակարդակն է, որն անցնում է 50%-ից: Մրցունակության համատեքստում դա կատարյալ ձախողում է նշանակում: Չէ՞ որ մրցունակությունը նշանակում է, որ պետք է գոյատեւեն առավել արդյունավետ ու արտադրողական ընկերությունները: Ստվերային տնտեսության պայմաններում կատարվում է հակառակը. գոյատեւում են ոչ թե առավել արդյունավետները, այլ ընդհակառակը` ոչ արդյունավետ ընկերությունները, որոնք, սակայն, ունեն որոշ վարչական ռեսուրսներ: Արդյունքում կատարվում է բացասական սելեկցիա` լավագույնները եւ օրինապահները չեն դիմանում մրցակցությանը: Ավելի վատ ոչինչ հնարավոր չէ պատկերացնել զարգացման նպատակների տեսանկյունից:

Այսպիսով, իշխանությունը պետք է լրջորեն մտահոգվի իր արդյունավետության ու արդիականացման խնդրով: Սա իշխանությանն ուղղված ամենալուրջ մարտահրավերն է: Գլոբալիզացիայի պայմաններում իշխանությունն այլ ընտրություն չունի, քան ընդունելու մարտահրավերը եւ զբաղվելու իրական վարչական բարեփոխումներով: Այլապես մենք կպարտվենք քաղաքակրթության մրցությունում:

Հետագա առաջընթացն անհնար է առանց պետական կառավարման ավելի մրցունակ համակարգի ստեղծման: Համակարգ, որում իշխանության ու հասարակության, իշխանության եւ գործարարության հարաբերությունները չեն կառուցվի անտագոնիստական հիմքի վրա: Ճանապարհը մեկն է` իշխանության արդիականացման միջոցով՝ դեպի տնտեսության արդիականացում:

«Դոլովոյ էկսպրես»