Էջմիածինցին իր ձայնը չի տա Մանվելի թեկնածուին…

12/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարի «Քաղաքի հիշողությունն էլ են վաճառքի հանում» հրապարակումը բազմաթիվ արձագանքներ ունեցավ, որոնք վկայում են, որ Էջմիածնի բնակչությունն իրապես վրդովված ու անհանգստացած է քաղաքում տիրող անպատժելիության մթնոլորտից: Օրերս խմբագրություն էր այցելել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի «Կրթություն» միացյալ բաժնի նախկին տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ով եւս հավաստիացնում էր, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնագործունեությամբ են զբաղված, եւ նրանց քայլերը ոչ ոք չի վերահսկում: «168 Ժամը» անցած տարվա թիվ 10-ում արդեն անդրադարձել է Էջմիածնի «Կրթություն» միացյալ բաժնի տնօրեն Սուսաննա Հարությունյանի աշխատանքից ազատվելու պատմությանը: Ինչպես կրկին հավաստիացնում է Ս. Հարությունյանը, իրեն աշխատանքից ազատելու պատճառը ոչ թե «կարգապահական խախտումներն են», այլ իր եւ քաղաքապետի միջեւ հակասությունները՝ կապված մշակութային օջախների հանդեպ տարվող վերջինիս անհանդուրժելի քաղաքականության հետ: Տիկին Հարությունյանը, ով օգոստոս ամսից այլեւս չի զբաղեցնում վերոհիշյալ հաստիքը, շարունակում է պայքարել վերականգնվելու նախկին աշխատատեղում՝ «ոչ թե, որ այդ պաշտոնն ու 50.000 դրամ աշխատավարձը կարեւոր են ինձ համար՝ ես ապահովված եմ ամեն ինչով», այլ որպեսզի ապացուցի, որ արդարության կարելի է հասնել հետեւողական պայքարով եւ որդեգրած գաղափարներին անդավաճան նվիրվածությամբ: Ի դեպ, Սուսաննա Հարությունյանն անցած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու է եղել: «Հետո, երբ իմացա, որ ամբողջ կառավարությունը, մարզպետը կանգնած են ներկայիս քաղաքապետի թիկունքին, եւ անկեղծ ասած՝ ինքն էլ ինձ համոզեց,- պատմում է Ս. Հարությունյանը,- որոշեցի իմ թեկնածությունը հանել, մտածելով՝ եթե իր հարաբերությունները կառավարության հետ լավ են, կնպաստի մեր քաղաքի ծաղկմանը, իսկ այդ ուղղությամբ ես մեծ ծրագրեր ունեի»: Սակայն քաղաքապետ Հրաչ Աբգարյանի հետ նրանց համագործակցությունը չի ստացվել, տիկին Հարությունյանի պնդմամբ՝ այն պատճառով, որ ինքը քննադատաբար է վերաբերվել քաղաքապետի բոլոր քայլերին. «Ինքը ոնց ուզում՝ թալանում է մեր բյուջեն, եւ ոչ ոք իր դեմը չի առնում, որովհետեւ վարչապետի հովանավորությունն է վայելում»: Ս. Հարությունյանի պնդմամբ՝ քաղաքապետ Հրաչ Աբգարյանը պարզապես թալանում է քաղաքի բյուջեն: Բացի այդ՝ քաղաքի լավագույն տարածքները, հատկապես՝ մշակութային օջախները՝ օպտիմալացման անվան տակ, աննախադեպ ցածր գներով վաճառել է իր մտերիմներին, ավագանու անդամներին կամ նվիրել է ինքն իրեն: «Նա վաճառել է անգամ Էջմիածնի երկրորդ՝ 50մմ տրամագծով կոյուղին, կաթսայատների խողովակները (ամեն մի կաթսայատանը 15.000 դոլարից ոչ պակաս խողովակ կար), մեր բյուջեի հաշվին «Նիվաներ» էր առնում դնում իր մանկլավիկների ու տղայի տակ, իր ու իր տղայի բջջային հեռախոսավարձերը էջմիածինցին է վճարում, իր արտադրած ասֆալտը քաղաքապետարանի վրա է ծախում, իր ջերմոցի փչացած ծաղիկները քաղաքապետարանի վրա է ծախում, իր արտադրած հացն ու պանիրը շուկայականից անհամեմատ բարձր գներով մանկապարտեզների վրա է ծախում»,- ասում է Ս. Հարությունյանը: «Իմ ասած յուրաքանչյուր բառի համար ես կարող եմ գրավոր բացատրություն տալ եւ փաստերով ապացուցել»,- վստահեցնում է քաղաքապետարանի նախկին աշխատակիցը: Քաղաքապետի «ազգանվեր գործունեության» շարքը տիկին Հարությունյանն այսքանով չի սահմանափակում. «Դուք տեսե՞լ եք՝ քաղաքապետը քաղաքացիների ընդունելության օրեր չունենա, ես իմ աչքով եմ տեսել՝ ինչպես է ինքը 80 տարեկան պապիկների դուրս շպրտել իր աշխատասենյակից, կամ՝ իր բաժնի վարիչները ժամերով սպասում են դռան մոտ՝ մինչ ինքը ներսում «պռաստիտուտկաներ» է ընդունում»: «Եվ վերջապես, ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, ով ապօրինի երեխա ունի եւ չի հոգում նրա մասին. այս մասին արդեն ամբողջ քաղաքը գիտի»,- եզրափակում է Ս. Հարությունյանը: Էջմիածինցիներն, ի դեպ, քաղաքապետի «ինքնագործունեության» համար մեղադրում են «Հանրապետական» կուսակցությանը՝ իրեն նման կադրերով շրջապատելու ու հովանավորելու համար:

«Գեներալ Մանվել Գրիգորյանի տիկնոջ՝ Նազիկ Ամիրյանի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության լուրերն էլ է ներկայիս քաղաքապետը շրջանառության մեջ դրել, որպեսզի ցույց տա, թե հակասություն կա իր ու գեներալի միջեւ,- համոզված են քաղաքի բնակիչները, – բայց ո՞վ չգիտի, որ նախորդ ընտրություններին միայն 4000 ձայն մանվելականները բերեցին Հրաչիկ Աբգարյանին, իսկ էջմիածինցին իր ձայնը երբեք չի տա Մանվելի թեկնածուին»: