Ոչ մի խոսք ներդրումների մասին

16/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Աշնան սկզբին «Հայփոստը» ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էր տարածել, թե «Հայփոստի» նախկին տնօրինությունը զգալի չարաշահումներ ու միլիոնավոր դրամի հասնող հափշտակումներ է կատարել:

Այս մեղադրանքներն ուղղված էին ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ այդպես էլ անարձագանք մնացին: Բացահայտումների շարքը դեռ չավարտած` «Հայփոստի» երկրորդ անակնկալն աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը չվերակնքելն էր: Հիշեցնենք, որ 2006թ. նոյեմբերին է «Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնվել հոլանդական «Հայփոստ թրաստինգ մենեջմենթ» ընկերությանը, որն էլ այս մեկ տարվա ընթացքում պետք է զգալի ներդրումներ կատարած լիներ փոստային համակարգում: Միայն հետո պարզ դարձավ, որ վերջիններս չեն կատարել ներդրումների մասով նախնական պարտավորությունները եւ որոշել են եկամուտները խնայել` աշխատողների թվաքանակի կրճատումների հաշվին: Այստեղ է, որ պետական պաշտոնյաների ալան-թալանի մասին խոսող «Հայփոստը» զրկվեց իր բոլոր համակիրներից եւ որոշեց առժամանակ լռություն պահպանել: Երեկ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Յոհաննես Բոոնը երկար լռությունից հետո հնարավորություն ուներ պատասխանելու իր ղեկավարած ձեռնարկության հասցեին մամուլում հնչած բոլոր մեղադրանքներին: Նաեւ պարզաբանելու, թե որոնք էին պետական պաշտոնյաների հետ լեզու չգտնելու դրդապատճառները: Գլխավոր տնօրենի ելույթից տեղեկացանք, որ «Հայփոստի» առաջնային եւ գլխավոր նպատակը մարդկային կապիտալի ստեղծումն է, եւ լուրջ ուշադրություն են դարձնելու կադրային բանկին: Բոոնը, իրավացիորեն, բողոքեց հետխորհրդային «մենեջմենթով» աշխատող համակարգից, նշելով, սակայն, որ այլեւս չեն պատրաստվում թեթեւացնել 3800 աշխատող ունեցող համակարգը: «Աշխատանքային պայմանագիրը չի շարունակվել 100 աշխատողների հետ, ովքեր համարվել են կարգազանցներ, դեմ են եղել «Հայփոստին», վերջին տարիներին են ընդունվել աշխատանքի եւ փաստացի անելիք չեն ունեցել»,- պարզաբանեց Բոոնը: Թեպետ համակարգում թեթեւ գործով զբաղվածների պակաս չի զգացվում, սակայն նոր կրճատումներ չեն լինելու: Աշխատողների արտադրողականությունն այնքան ցածր է, որ, օրինակ, մեկ աշխատակիցն օրական սպասարկում է 2.1 նամակ: Նման աշխատակցի գոյությունն արդարացված է համարվում, եթե այս թիվը հասնի մոտ 60-ի: «Հայփոստի» տնօրինությունն արդեն արհմիության հետ սկսել է աշխատանքային պայմանագրերի քննարկումների գործընթացը, եւ տնօրենը վստահեցնում է, որ այս անգամ պայմանագրերը կնքվելու են անժամկետ եւ ոչ` 3 ամիսը մեկ: Նորացվելիք «Հայփոստում» բոլոր ծրագրերն առայժմ միայն լոզունգներ են. մաքրել խաբեության եւ կեղծիքի, շահերի բախման, կոռուպցիայի եւ դրամաշորթության բոլոր երեւույթները: Կամ` աշխատանք նրանց համար, ովքեր ցանկություն ունեն աշխատելու` «Հայփոստն» առաջարկում է ապահով աշխատատեղեր: Այնուհետեւ տեղեկանում ենք, որ այս մեկ տարում ընկերության եկամուտներն աճել են 40 տոկոսով, աճել են նաեւ ծախսերը: «Մենք փորձում ենք ծախսերը զսպել»,- զգուշանում է տնօրենը, թերեւս հաշվի առնելով, որ մամուլում բազմիցս է նշվել համակարգի ղեկավարների շռայլ ծախսերի մասին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Յոհաննես Բոոնն այլեւս գնահատական չի տալիս «Հայփոստում» հայտնաբերած չարաշահումներին եւ նշում է, որ գնահատականները կլինեն գործի նախաքննության ավարտից հետո միայն: Տնօրենը չի խոսում նաեւ ներդրումների մասին` ասելով, որ այս առթիվ հատուկ ասուլիս կհրավիրի 2-3 շաբաթ հետո: Նշենք, որ հիմնական շահարկման թեման «Փոստբանկի» ստեղծումն էր, որ տնօրենը հնարավոր է համարում մարդկային բանկի ստեղծման եւ բանկային համակարգի վերաբերյալ բնակչության վստահության վերականգնումից հետո միայն: Խոսվեց նաեւ փոստային բաժանմունքների վերազինման մասին, սակայն դեռեւս խոսք անգամ չկա նմուշ-օրինակների մասին: Բոոնն այս բոլոր ծրագրերը հնարավոր է համարում մարդկային կապիտալի` մասնագետների հավաքագրումից հետո միայն: Ի դեպ, այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են: Գլխավոր տնօրենն իր համակարգը համալրել է յոթ նոր փոխտնօրեններով, որոնք բնավ փոստային համակարգի առաջատար մասնագետներ չեն: Ո՞ւմ շուրջն է ստեղծվելու մարդկային կապիտալը եւ ովքե՞ր են լինելու աշխատողներին գնահատողները, եթե փոխտնօրենները վերջերս են ծանոթացել փոստային գործին: Այս հարցին հոլանդացի տնօրենը պատասխանեց, թե դժգոհ չէ իր փոխտնօրենների մասնագիտական կարողություններից` նշելով, որ նրանցից ոմանք համակարգում 30 տարվա աշխատանքային փորձ ունեն: Այնուհետեւ Բոոնը հարց տվեց` արդյոք նրանց (փոխտնօրենների.- Ա.Պ.) ղեկավարությունն ունեցե՞լ է բարձր գիտելիքներ:

Ըստ պրն Բոոնի` «Հայփոստն» այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է եկամուտների 40 տոկոս աճ` 3, 5 մլն դրամի շրջանակներում` անցյալ տարվա 2.5 մլն-ի դիմաց: Եկամուտների այս ծավալը խոսում է ընկերության ոչ այնքան բարձր շահութաբերության մասին: «Այս ընթացքում 20 տոկոսով աճել են «Հայփոստի» ընթացիկ ծախսերը եւս` նույն ժամանակահատվածների կտրվածքով 2.7 մլն-ից հասնելով շուրջ 3.3 մլն-ի»,- նշեց Բոոնը: Երկրի ներսում դրամական փոխանցումները (կոմունալ եւ այլ վճարումների տեսքով) աճել են 15.6 տոկոսով` կազմելով 15.7 մլն դրամ` նախորդ տարվա 13.6 մլն-ի դիմաց: Ըստ Բոոնի` բարձրացել է վճարումների փոխանցման, ինչպես նաեւ՝ առաքման արագությունը: «Երեկոյան հանձնված նամակն առաքվում է արդեն հաջորդ օրն առավոտյան»,- ասաց նա: