«Նաիրիտի» մութ գործարքները կարճվել են

16/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«168 Ժամն» իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր «Նաիրիտ գործարանում» կատարված զգալի չարաշահումներին:

Գործի նախաքննությունը վարում էր Շենգավիթ համայնքի դատախազությունը: Դատախազության դանդաղկոտության վերաբերյալ մեր նկատառմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ «Նաիրիտի» գործի նախաքննությունը շարունակվում է եւ ավարտից հետո կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն: Գործն արդեն ավարտված է եւ, իհարկե, հօգուտ «Նաիրիտի»: Շենգավիթի դատախազությունը որոշել է գործի վարույթը կարճել` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մի շարք պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Գործի նախապատմությունը

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ նախկին պահեստապետ Հրանուշ Մելոյանը 2006թ. հունիսի 20-ին դիմել է Շենգավիթ համայնքի դատախազություն` հայտնելով, որ 2004-2005թթ. գործարանի հիմնական միջոցների գույքագրման ժամանակ հայտնաբերվել են զգալի չարաշահումներ: Շենգավիթի դատախազությունն էլ, իր հերթին, քաղաքացի Մելոյանին հայտնել է, որ «Նաիրիտ գործարանում» պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափով յուրացման գործի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Հրանուշ Մելոյանը հիմնականում մեղադրում է գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանին, ում մեղքով կորցրել է իր աշխատանքը` չկատարելով վերջինիս պարտադրած կեղծիքները: Մելոյանն ասում է, որ գործարանում սովորական բան է մատակարարի միջոցով ապրանքը կրկին գործարանին վերավաճառելը: Կամ փաստաթղթով ապրանք է մուտք արվում պահեստ, սակայն իրականում ապրանքը չի լինում, եւ այլն: «Նաիրիտ գործարանի» պահեստներում մոտ 50մլն դրամի չարաշահումների մասին Դատախազությանը տեղյակ է պահել նաեւ գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը` այս պակասորդը վերագրելով գործարանի պահեստապետերին: Շենգավիթի դատախազությունն ուսումնասիրությամբ պարզել է, որ «Նաիրիտ գործարանում» անցկացրած գույքագրման արդյունքում 30 ստորաբաժանումներում հայտնաբերվել է 777 հիմնական միջոց-սարքավորումների պակասորդ` մոտ 13 մլն դրամ սկզբնական արժեքով: Իսկ 57 ստորաբաժանումներում հայտնաբերվել է 1163 հիմնական միջոցների ավելցուկ: Գործարանում նշյալ չարաշահումները դեռ 2003-ին է «Հայկապբանկն» իր անցկացրած աուդիտի արդյունքում հայտնաբերել: Շենգավիթի դատախազությունը նախաքննության ժամանակ արդեն 2007թ. մարտի 7-ին «Նաիրիտում» դատահաշվապահական փորձաքննություն է նշանակել եւ կրկին մոտ 3.5 մլն դրամի պակասորդ ու մոտ 25մլն դրամի ավելցուկ է հայտնաբերել գործարանի 23 արտադրամասում: Այնուհետեւ, սեպտեմբերի վերջին գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը գրությամբ Դատախազությանը տեղեկացրել է, որ չարաշահում թույլ տված արտադրամասի պետերը վերականգնել են պակասորդը, իսկ ավելցուկ գույքն էլ մուտքագրվել է գործարանի հաշվեկշիռ: Ահա նշյալ հիմքերով էլ դատախազությունը գործը կարճել է` մի շարք պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն Հրանուշ Մելոյանին չի բավարարում Դատախազության որոշումը, եւ նա նշում է, որ եթե գործարանում նշյալ ապրանքները բացակայում են, ապա Դատախազությունն ինչպե՞ս է կարողացել որոշել տվյալ ապրանքների մաշվածությունը: «Ապրանքի մաշվածությունը որոշել են՝ հաշվի առնելով տարեթիվը, մինչդեռ նշյալ ապրանքներն իրականում վաղուց են վաճառվել: Շենգավիթի դատախազությունը պարզապես գործը փակեց, մինչդեռ «Նաիրիտում» այսօր էլ մի քանի պահեստապետեր չեն կարողանում իրենց դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, քանի որ պահեստներում պակասորդներ կան»: «Ես «շնորհակալություն» եմ հայտնում Դատախազությանը, որ իր որոշումով եւս մի քանի պահեստապետի հարկադրում է փախչել Հայաստանից»,- ասում է դատական գործերում արդեն հմտացած նախկին պահեստապետը: Ի դեպ, Դատախազության դատահաշվապահական փորձաքննությունն էլ է հաստատում նշյալ չարաշահումները:

Հրանուշ Մելոյանը «Նաիրիտի» մատակարարների վերաբերյալ մի գործ էլ Վճռաբեկ դատարանում ունի: Այս գործում մատակարար Նորայր Զաքարյանը «Նաիրիտի» հետ գործարք է կատարել իր «Արմեն» ՍՊԸ եւ «Նորայր Զաքարյան» ԱՁ կազմակերպություններով` գործարանին առանց ապրանք մատակարարելու տալով կեղծ փաստաթղթեր: Մեքենայությունների արդյունքում ճարպիկ գործարարը ոչ միայն 2.6մլն դրամի հարկային պարտավորությունները չի կատարել, այլ նաեւ «Նաիրիտից» դատական կարգով ստացել է 162.700 դրամ եւ եւս 32 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի պետական տուրք: Այնուհետեւ սնանկ ճանաչվելով՝ իրեն համարում է «Նաիրիտից» ստացվելիք եւս 10մլն դրամի պահանջատերը: Գործի ավարտը Վճռաբեկ դատարանին է վերապահված: