Վարչապետի հանձնարարականը չեն կատարել

16/11/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

86-ամյա Համաս տատը հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակում անծանոթ ձայն լսելուն պես անկողնուց վեր կենալով՝ տոտիկ-տոտիկ առաջ է շարժվում: Ոսկրացած մատներով պատերը շոշափելով՝ մոտենում ու անսպասելի փաթաթվում է ինձ:

Նվաղած ձայնով խնդրում է՝ «Աղջի՛կս, խնդրում եմ, աղաչում եմ, օգնե՛ք էս որբերին: Էս երկրում մի բարի մարդ չե՞ս ճանաչում, որ լավություն կանի ու էս 4 որբերին տիրություն կանի: Էլ չենք դիմանում, գժվում ենք սովից ու նեղությունից: Էս երեխեքը մեղք են…»: Համաս տատը բառեր չի գտնում ընտանիքի անդամների թշվառ վիճակը նկարագրելու համար, դրա համար էլ անզորությունից սկսում է լաց լինել: Ծեր կինն, արդեն քանի ամիս է, կորցրել է տեսողությունը, բայց չի գնում հիվանդանոց ստուգվելու, որովհետեւ հոգսերն իրենց խեղդում են, երեխաները քաղցի ու ցրտի պայմաններում են ապրում, ու իր աչքի լույսը երեխաների առողջությունից պակաս կարեւոր է համարում: Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի՝ Համաս տատին պատկանող այս մեկ սենյակում ապրում են 11 հոգի՝ տղան, հարսը, տղայի աղջիկն՝ ամուսնու, երեխայի հետ, եւ տղա թոռան կինը՝ չորս երեխաների հետ միասին: Հարսը՝ Անուշը, մի քանի ամիս է, ինչ չորս երեխաների հետ տեղափոխվել է այստեղ, որովհետեւ ամուսինը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, սակայն մինչ օրս նրանից տեղեկություն չունեն: Մինչ այդ վարձով են ապրել, սակայն վարձավճարը չմուծելու պատճառով՝ նրան երեխաների հետ դուրս են վռնդել: Անուշն ասում է՝ «Ամուսինս տեսավ, որ չենք կարողանում երեխաների գոնե ամենօրյա հացն ապահովել, որոշեց գնալ Ռուսաստան: Արդեն քանի ամիս ա, գնացել ա, բայց ոչ մի տեղեկություն չունենք` որտե՞ղ ա, ո՞նց ա, ի՞նչ ա անում: Մի խոսքով՝ երեխեքի հետ հայտնվել եմ ահավոր վիճակում»: Անուշը 4 երեխաների հետ ապրում է Համաս տատի սենյակում, որտեղ այնքան նեղվածք է, որ երեխաների հետ այս ցրտին հատակին է քնում:

Հոգեբանորեն այնքան ճնշված, ընկճված է, որ, երբ երեխաներն աղմկում են, իր նյարդային վիճակից սկսում է նրանց անխնա ծեծել. «Ես հասկանում եմ, որ երեխա են, պետք է չարաճճիություն անեն, բայց, որ տեսնում եմ՝ տատիկը նեղվում ա, անկախ ինձանից, սիրտս էնքան լցված ա, որ հասնում երեխեքին ծեծում եմ, հետո էլ մեղքս գալիս են, նստում, լաց եմ լինում»,- ասում է Անուշն` արցունքները արագ-արագ մաքրելով, որ հանկարծ երեխաները չտեսնեն: Իրականում երիտասարդ այս կնոջ մեջ վիրավորանք կա, տողատակերով հասկացնում է, թե հույս չունի, որ ամուսինը կվերադառնա եւ երեխաներին տիրություն կանի: «Պրոբլեմներից շատերի պես փախավ»,- ասում է: Համաս տատն իրենց անհարմարավետ պայմաններից ուզում է փախչել, բայց փախչելու տեղ չունի. «Գիշերը վեր եմ կենում, որ զուգարան գնամ՝ ոտքիս տակից գոռոց եմ լսում, ոտքիս տակ երեխա ա ընկնում, բոլորը գետնին են քնում, միամիտ երեխա ես տրորում: Ես էլ կույր եմ, չեմ տեսնում, ստիպված իրանց քնից հանում եմ, որ մեկն ինձ տանի, ոտքիս տակ մարդ չընկնի: Ահավոր ա, աղջիկ ջան, սարսափելի կյանք ա էս: Ախր մեր պետության համար էս որբերին մի սենյակ տալն էդքան դժվա՞ր ա, սրանք տղա են, վաղը-մյուս օրը բանակ են գնալու, հայրենիք են պաշտպանելու, սրանց վրա առողջություն կմնա՞ էս ցրտին գետնին քնելուց ու սովածությունից»,- ասում է ծեր կինն ու այլեւս զայրույթը զսպել չկարողանալով՝ կրկին պատերը շոշափելով` հեռանում է դեպի անկողին: Անուշի ավագ որդին՝ 5-ամյա Սերժը, վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից, երեխայի մոտ տուբերկուլյոզ են հայտնաբերել, որն առաջացել է խոնավ պայմանների եւ թերսնուցման պատճառով: Անուշի մոտ էլ բժիշկները պլեւրիտ հիվանդություն են հայտնաբերել: Ներկայումս մայր ու տղա դեղորայք են ստանում: 11 հոգուց բաղկացած այս ընտանիքի միակ աշխատողն Անուշի սկեսրայրն է, ով մասնագիտությամբ փականագործ է եւ, պատվեր լինելու դեպքում՝ թոռների սնունդը հայթայթում է: Համաս տատը ստանում է 10.000 դրամ թոշակ: 4 մանկահասակ երեխաների մայրն անհուսության մեջ է, չգիտի` ինչպե՞ս պաշտպանի իր փոքրիկներին: Ասում է՝ ում ասես չի խնդրել հանրակացարանում իրեն մի սենյակ տրամադրելու խնդրանքով, սակայն մերժում են՝ ասելով, որ ազատ սենյակ չունեն: Անուշի դիմումներին ի պատասխան՝ Նոր Նորքի թաղապետարանը պատճառաբանում է, թե սենյակ տրամադրելու հնարավորություն չկա, մինչդեռ հսկայական այս շենքում բազմաթիվ ազատ սենյակներ կան: Անուշը վերջերս դիմում է գրել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն չորս երեխաների հետ տեղավորել հանրակացարանի ազատ սենյակներից մեկում: Վարչապետը հրահանգել է նրանց ընդգրկել նպաստառուների ցուցակում, բացի այդ, կառավարությունը դիմումին ի պատասխան՝ թաղապետարանին գրություն է ուղարկել՝ մինչեւ նոյեմբերի 7-ը նրանց սենյակ հատկացնել: Սակայն Անուշը փաստում է, որ անգամ ՀՀ վարչապետի հրահանգից հետո Նոր Նորքի թաղապետարանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել, սենյակ չեն հատկացրել: «Օրեր են լինում` երեխաներս սոված են քնում: Եթե էստեղ մի սենյակ տային՝ գոնե սկեսուրս երեխեքին տիրություն կաներ, իսկ ես թեկուզ հավաքարարություն անելով` հացի փող կաշխատեի: Ես՝ հիվանդ, երեխեն՝ հիվանդ, իրար գլխի լցված հատակին ենք քնում: Չգիտեմ, երեւի Հայաստանի պայմաններից ա, որ ամուսինները թողում-գնում են Ռուսաստան, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Գոնե ես պիտի երեխեքիս գոյությունը պաշտպանեմ»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ թաղապետարանում դռնից ներս մտնել չեն թողնում: «Մտել եմ թաղապետարան, թաղապետը հանձնարարում ա Խալաֆյանին, Խալաֆյանը՝ Սարգսյանին, Սարգսյանն էլ՝ Խաչատրյանին, իսկ Խաչատրյանն էլ էդքան քաշքշուկից հետո շատ սիրուն մերժման թուղթը գրում ա ու հրաժեշտ տալիս»,- պատմում է Անուշն ու պահարանից դուրս է բերում թաղապետարանից ստացված բազմաթիվ գրությունները, որտեղ սենյակ տրամադրելու հարցը մերժում են՝ ազատ սենյակ չունենալու պատճառաբանությամբ: Մինչդեռ հանրակացարանի մի քանի հարկերով շրջելիս կարելի է տեսնել բազմաթիվ կնքված ազատ սենյակներ, որոնք հավանաբար վաճառքի են հանվել կամ էլ վարձակալությամբ են տրամադրվում: Անուշը իր եւ երեխայի հիվանդության համար չի կարողանում թոշակավորվել միայն այն պատճառով, որ որեւէ տեղ հաշվառված չէ, գրանցում չունի. «Վարչապետի հանձնարարականը չկատարեցին: Ամսի 7-ի դրությամբ պիտի սենյակ տրամադրած լինեին, բայց չարեցին»: Երեխաներին լուսանկարելիս 5-ամյա Սերժն ինձնից նեղանում է, չի ցանկանում լուսանկարվել, ասում է՝ «Ես սիրում եմ մենակ պապայիս հետ նկարվել: Հիմա մի նկարեք, պապաս կգա` նոր իրա հետ կնկարեք: Ես ամեն օր իրան եմ սպասում: Իսկ ամենաշատը մամայիս եմ սիրում»: