«Ինձ էլ է հետաքրքրում՝ Էջմիածինն այսպես ուր է գնում…»

12/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«Էջմիածինը նկարիչների քաղաք էր»,- ոչ հեռու անցյալը եւ Էջմիածնի նկարչական դպրոցի բարի ավանդույթները հիշելիս՝ ցավով արձանագրում են էջմիածինցիները: Նկարչական դպրոցը քաղաքի իշխանությունների թեթեւ ձեռքով այլեւս չկա: Ոչ հեռու ապագայում, թերեւս, ոչ ոք այլեւս չասի՝ Էջմիածինը նկարիչների քաղաք է:

Ալբերտ Հակոբյանը՝ նկարչական աշխարհում հայտնի Սեւ Աբոն, ծնվել եւ ամբողջ կյանքը անց է կացրել Էջմիածնում: Սովորել է տեղի նկարչական դպրոցում, այնուհետեւ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից է (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Իսրայել, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Հնդկաստան, Շվեյցարիա, Լիբանան եւ այլն): Չնայած աշխարհագրական անունների այս բազմազանությանը, նա կյանքում մեկ անգամ է Հայաստանից ոտքը դուրս հանել՝ անցած տարի գնացել է Սոչի հանգստանալու: Եթե Աբոն ու Էջմիածինը դեռ չլքած մի քանի արվեստագետներն էլ չլինեն, կարելի է մտածել, որ Էջմիածնի մասին ասվող «հոգեւոր-մշակութայինն» ընդամենը եկեղեցում բնազդաբար մոմ վառելն է ու վերջ, որովհետեւ Էջմիածին այցելող զբոսաշրջիկները, որոնցով մենք այդպես հպարտանում ենք, այդ «հոգեւոր-մշակութային» քաղաքում գուցե մի օր ուզենան եկեղեցում մոմ վառելուց հետո տեսնել մշակութային այլ օջախներ եւս, ու այդ ժամանակ նրանց կարելի է հրավիրել Աբոյի եւ մյուս նկարիչների արվեստանոցները գոնե, որովհետեւ Էջմիածնում շուտով, թերեւս, ո՛չ թանգարան կմնա, ո՛չ պատկերասրահ…

– Ինչո՞ւ են ձեզ ասում՝ Սեւ Աբո:

– Չգիտեմ, ուսանողական տարիներից է կպել էդ Սեւը, երեւի գույնիս պատճառով, չնայած որ ես ավելի թուխ եմ, քան սեւ, չէ՞:

– Բա ինչպե՞ս է, որ Հայաստանից ոչ մի անգամ դուրս չեք եկել:

– Էն մութ տարիներին որոշեցի, որ ես պետք է մնամ այստեղ: Տեսա, որ այստեղ ավելի հետաքրքիր է: Էդ տարիներն իմ ամենալավ տարիներն էին: Ես լիքը բան հասկացա: Ի՞նչ էր՝ ոչ մի բան չկար անելու, մութ է՝ սովորում ես քնել, էդ տարիներին շատ գրականություն կարդացի, գրականությունն ինձ շատ օգնեց:

– Ինչպե՞ս է անցնում այս քաղաքում արվեստագետի օրը:

– Ես մի քիչ պահպանողական մարդ եմ, առավոտյան զարթնում եմ, գնում եմ թանգարան՝ ընկերներ կան, որոնց հետ մի բաժակ սուրճ ենք խմում, հետո գալիս եմ արվեստանոց, սկսում նկարել:

-Օրվա մեծ մասը նկարո՞ւմ եք:

-Չէ, ես շատ արագ եմ նկարում, ինչքան կարողանում եմ, էդքան էլ նկարում եմ:

– Ստեղծագործող մարդն ի՞նչ խնդիր կարող է ունենալ այսօր:

– Միշտ ծեծված պատասխան կա դրա համար՝ սոցիալական վիճակը: Բայց պրոբլեմը դա չի, չէ՞: Օրինակ ասում են՝ ինչո՞ւ լավ թատրոն չկա, ասում են՝ ֆինանսական միջոցների սղությունն է պատճառը, բայց եթե շատ փող էլ լինի՝ էդ մարդը դրանից լավ ներկայացում չի բեմադրի, ես ավելի լավ չեմ նկարի: Պրոբլեմ չկա, ես ամենաանպրոբլեմ մարդն եմ, իմ պրոբլեմն ինձ հետ է: Նկարչի պրոբլեմն իր հետ է, գրողինը իր հետ չի՞… Գրողներն էլ են, չէ՞, բողոքում, ասում են՝ ընթերցող չկա: Եթե այնպիսի բան են գրել, որ 100 տարի հետո էլ պիտի բան ասի, ինչո՞ւ են բողոքում: Էսքան պատերազմներ եղան աշխարհում, ինչ նկարներ կորան, չէ՞, Մոնա Լիզային մի բան եղա՞վ: Եթե աժեքավոր է, անպայման կպահպանվի:

– Էջմիածինն ի՞նչ տիպի քաղաք է, ես համառորեն չեմ կարողանում ընկալել…

– Էջմիածինը ինքն էլ հիմա իրեն չի ճանաչում, Էջմիածին հիմա չկա: Առաջ ավելի ինտիմ, ավելի մտերմիկ քաղաք էր: Փոխվող քաղաք է, փոխվող քաղաքները դեմք չեն ունենում: Ինձ էլ է հետաքրքրում՝ Էջմիածինն ուր է գնալու: Թե՞ դառնալու է այսպես ֆեոդալական քաղաք, որտեղ ամեն ինչ բաժանած է ինչ-որ մարդկանց միջեւ, ովքեր հետո իրարից պիտի ինչ-որ բան խլեն: Թե՞ դառնալու է հոգեւոր-մշակութային կենտրոն, ինչին ես խիստ կասկածում եմ: Որովհետեւ եկեղեցին էլ կարծես բան չի տալիս, սոսկ տեսարժան վայր է դարձել: Կոմունիստների ժամանակ, երբ հավատքն արգելված էր, մարդիկ ավելի շատ էին հավատում…

– Ասում են՝ պետություն-մշակույթ հարաբերություն. ի՞նչ բան է դա:

– Սարքովի բան է: Սովետի ժամանակ պատվեր կար, չէ՞, արվեստագետին իջեցված, հիմա որ այդ պատվերը չկա, ոմանց համար մի քիչ անսովոր վիճակ է, որովհետեւ իրենք սովորել են պատվեր կատարել: Հիմա էլ պատվեր կա, բայց ձեւն է փոխվել, էն ժամանակ կուսակցական պատվեր էր, հիմա էլ, ասենք, Գագիկ Ծառուկյանի պատվերը կա:

-Դուք այդպիսի պատվերներ կատարո՞ւմ եք:

-Ոչ:

– Իսկ մոտավորապես գիտե՞ք՝ ովքեր են ձեր նկարների գնորդները:

– Վերջին անգամ ինձանից նկար է գնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

– Այսօրվա մեր քաղաքական էլիտայից կամ մեծահարուստներից որեւէ մեկը նկար գնե՞լ է ձեզանից:

– Իմ նկարները շատ սիրում ու գնել է Կառլոս Պետրոսյանը: Նույնիսկ մի անգամ պատմության մեջ ընկա իր պատճառով: Նկարներիս կատալոգն ընկել էր Կառլոս Պետրոսյանի ձեռքը, նա էլ հանձնարարել էր մեր մարզի քննիչների պետին, թե՝ էս տղուն գտեք: Սրանք էլ մտածել էին, թե հանցագործ են փնտրելու: Ընկել դես-դեն, ման էին եկել, Էջմիածնի նկարիչներից մի քանիսին կանչել-հարցաքննել էին, թե ով ա՝ սիրուն-սիրուն տղա, որ նկարների կատալոգ է տպել: Ասել էին՝ մեկը կա՝ տպել է, բայց էդքան սիրուն չի: Ինձ կանչեցին: Գնացի, ասացի՝ հըլը աղջկա աչքերով ինձ նայեք՝ սիրուն ե՞մ, թե՞ չէ: Ֆոտոյիս էին նայում, ինձ էին նայում, քննում էին, ասում էին՝ էս իբր ի՞նչ ես գրել կատալոգի մեջ՝ հեծանիվ հնարողը ես եմ…Հետո զեկուցեցին Կառլոս Պետրոսյանին, որ գտել են ինձ: Նա էլ, թե՝ հարցրեք՝ իրեն հարմա՞ր է, որ ես վաղը այցելեմ իր արվեստանոց՝ նկար գնեմ: Քննիչներն էդ ժամանակ լրջացան՝ առաջարկեցին նստել, սուրճ առաջարկեցին… Էդպես բաներ:

– Նկարիչների միության անդա՞մ եք:

– Ոչ: Էն ժամանակ, երբ ես ուզում էի Միության անդամ դառնալ, ինձ չէին ընդունում: ասում էին՝ կրթությունդ բարձրագույն չի, կամ՝ նկարներդ լավը չեն, նկարները ցուցահանդեսներից հանում էին, հետո պատճառաբանում էին, թե՝ ցուցահանդեսների չես մասնակցել: Դե՛, էն ժամանակ Միությունը հարուստ հիմնարկ էր, Միության անդամների նկարները գնում էին, իրենց ավելորդ մարդիկ պետք չէին: Հիմա էլ ինձ պետք չի որեւէ միության անդամ դառնալը: Ոչ էլ դեմ եմ էդ Միությանը: Ես կարծում եմ, որ մենակ մարդն է ուժեղը…