«Գորիս». փակ ռեժիմային գոտի

16/11/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Գորիս» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս մարմնովդ սարսուռ է անցնում: Մետաղյա փշալարերն ու գերեզմանաքար հիշեցնող բետոնե պատերի անդուր խոնավությունը շնչահեղձ է անում: Շնչելու համար մի քիչ էլ բնական լույս է պետք, բայց ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ քեզ դժոխքում զգաս: Այդ անտանելի մթնոլորտից գլխապտույտ ես զգում ու ուզում ես ամբողջ ձայնով գոռալ: Երեւի բոլորն են այդ զգացումն ունենում, որովհետեւ այստեղ կարեւոր է դիմանալը: Իսկ դիմանալու համար չգիտեմ ինչ է պետք… դրա համար էլ ոմանք չեն դիմանում: Շուրջբոլորդ բետոնապատ է. ազատության ու փականքի տարածությունն այստեղ նույնն է, որովհետեւ կալանավայր մտնելուն պես ակամայից քեզ փակված ես զգում:

Մեռյալ լռություն է… Երկաթե ծանր դռների ճռռոցն ու սարսափեցնող դմբդմբոցը կալանավայրի միակ կենդանության նշանն են: Ճաղավանդակներն ու պատերը ճնշող են: Կալանավայր ոտք դնելուն պես ժամանակը մեռնում է, ու քեզ թվում է՝ ազատության մեջ 100 տարի է անցել: Բարձր առաստաղով գորշ խցերը պիտի որ արձագանքեին դատապարտյալների թեկուզ շշուկով ձայները, բայց՝ ոչ մի ձայն: Խցում ապրող 5, 6, 7 տղաները չեն խոսում, որովհետեւ հավանաբար խոսելու բան չկա: Ինչ էլ կար, սպառվել է, այնպես, ինչպես տեղի «բնակիչներն» են սպառվում: Այստեղ միայն մտածում են ու մտածելու ընթացքում հազարավոր երազանքներ են հորինում, պատմություններ են երեւակայում, կյանքին վերջ տալու ծրագրեր են կազմում, մեռնելու տարբերակներ են փնտրում, գնում են դեպի ազատություն, գրկախառնվում են ոմանց հետ… Ու երբ վերադառնում են իրականություն՝ խուց, էլ չեն ուզում խոսել, հուսահատվում են, նյարդայնանում, մեկ-մեկ էլ չեն դիմանում՝ խելագարվում են, կախվում, կամ երակ են կտրում: Այստեղ ոմանք իրենց բաժին հասած խցից ու երկաթե` մարմին մաշեցնող մահճակալից գերադասում են մահը:

Ինչպես նշել էինք՝ «Գորիս» ք.հ.-ն հիմնականում փակ ռեժիմային գոտի է, հետեւաբար կալանավորներն ու դատապարտյալները մեկժամյա զբոսանքի իրավունք ունեն: Օրվա մյուս մասն անցկացնում են փակ խցերում: Դատապարտյալների համար նախատեսված զբոսանքի վայրը մոտ 15 մետրանոց փոքրիկ տարածք է, որի առաստաղն անգամ ճաղապատված է: Նախկինում բանտային ռեժիմի այս կալանավայրում ներկայումս պահվում են առանձնապես ծանր հանցագործություն կատարած, բազմակի դատապարտված, անուղղելի համարվող դատապարտյալներ, ռեցիդիվիստներ: Կալանավայր մտնելուն պես միակ բանը, որ մտածում ես, հետեւյալն է՝ ամեն ինչ կտայի այստեղից դուրս գալու համար: Պատերի ներսում լիքը զղջում ու ափսոսանք կա, որը, բնականաբար, ուշացած է: Պատերն ու դատապարտյալների հայացքները շատ բան են հուշում ու թե՛ անշունչ պատերի, թե՛ դատապարտյալների հայացքներում կարդալու շատ բան կա:

Դատապարտյալներից ոմանք իրենց պատմությունը պատմելիս ակնկալում են խղճահարություն: Ոմանք զարհուրելի արարքների մասին պատմում են սառնասրտորեն, անտարբերությամբ, ոմանք էլ՝ տողատակերով հասկացնում են, որ գիտակցում են սխալներն ու խորապես զղջում են:

«Մեկուսարանում բրիտվայով քներակներս կտրել եմ, որ վերջ տամ կյանքիս»

53 տարեկան Նորայրի համար սա չգիտեմ որերորդ դատվածությունն է, որովհետեւ խուսափում է ճշմարտությունն ասել: Առաջին անգամ եղել է դանակահարություն՝ 4 տարվա ազատազրկում, հետո՝ գողություն՝ 5 տարի՝ ուղղիչ-աշխատանքային գաղութ, այնուհետեւ՝ դիտավորյալ սպանություն՝ 15 տարի՝ հատուկ ռեժիմային կալանք, հետո՝ կրկին սպանություն՝ 14 տարի, եւ այդպես շարունակ: Ամուսնացած չէ, ինչի համար ուրախ է, որովհետեւ ընտանիքի տառապանքը կալանավորի համար ծանր է: «Գոնե գիտեմ, որ հետեւիցս լացող չկա, իսկ եթե կին, երեխա ունենայի…»,- ասում է Նորայրն, ում պարանոցի վրա ածելիով կտրվածքների սպիներ կան: Նորայրը սառնասրտորեն պատմում է, թե ինչպես է հարազատ եղբորն «անզգուշությամբ» սպանել, ու իրեն մխիթարելու համար ասում, որ եղբայրը թմրամոլ էր, հոգեկան խանգարում էր ստացել: Սառնասրտորեն պատմում է նաեւ, թե ինչպես է Ռուսաստանում 5 հոգու կացնահարել: «Ի՞նչ պատմեմ, քույրիկս, բռնցքամարտիկ էի, Հայաստանի հավաքականում էի: Էնպես ստացվեց, որ ավագ եղբորս պատճառով հայտնվեցի այստեղ: Ինքն ընկել էր պատմության մեջ, ու ես իրեն պաշտպանելու համար մեկին դանակահարել էի, չմահացավ, 6 օրից հիվանդանոցից դուրս գրեցին»,- պատմում է նա՝ վստահեցնելով, որ ազատություն ստանալուց հետո կրկին հայտնվելու է ճաղերի ետեւում: «Կարծում եք, ես իմ բացասական կողմերը չգիտե՞մ, պարզապես չեմ կարողանում հետ քայլ անել: Երբեք ոչ մեկին չեմ վնասում, բայց, երբ հարձակվում եմ՝ չեմ կարողանում ներել: Ռուսաստանում էի ապրում, հարեւանուհիս հայ էր՝ Արաքսյա ծյոծյան։ Մի օր մտավ ներս, ասեց՝ Կամո անունով մի հայ տղա կար, էդ երեխուն չերքեզները տկլորացրել են ու ազգ են հայհոյում: Ես էլ վերցրի կացինն ու գնացի հինգին էլ փռեցի: Երկուսը մահացան, իսկ մյուս երեքն ինվալիդ դարձան… Գլխին, ձեռքին, ուր պատահի՝ կացնահարել էի, մեկի ձեռքերն էի կտրել: Իմ ազգին են հայհոյել, ինչպե՞ս կարելի է այդ բոլորը կուլ տալ: Բա հայերը չէին ասի՞՝ արա՛, քեզ ազգ են հայհոյել, ու դու չե՞ս խառնվել: 15 տարի տվեցին, 5 տարի էլ աքսորված մնացի»: Նորայրը թվարկում է Ռուսաստանում գտնվող 11 աշխատանքային գաղութների անուններ, որտեղ նա հերթով կրել է կալանքը: «Արդեն հոգնել էի, էլ հավատս չէր գալիս, որ կարող է ազատություն ստանամ: Մայրս էդ տարիքում էստեղից հասնում էր Ռուսաստանի գաղութները, որ տեսակցեր ինձ: 20 տարի Հայաստանում չէի եղել, եկա տուն: 7 ամիս մնացի, ազատության մեջ էի: Մի օր իմ ներկայությամբ եղբորս կինը մայրիկիս գող անվանեց, բայց նա շատ տանջանքներ կրած կին է: Ինչպե՞ս կարելի է նրան վիրավորել: Եղբայրս էլ նարկաման էր, հոգեկան խանգարում էր ստացել: Դոզա ընդունած վիճակում եկավ, ես էլ ընթրում էի՝ սկսեց հայհոյել, անհարմար վիճակում հայտնվեցի: Ուզում է եղբայրս, որդիս կամ հայրս լինի, եթե ընտանիքս պղծեց ու դավաճան գտնվեց՝ ես չեմ խնայի, արժանի է դրան: Հարձակվեց վրաս, իրեն գցեցի տակս, նստեցի վրան ու սկսեցի հարվածել»,- պատմում է Նորայրն՝ ասելով, որ եղբորը «պատահաբար» է դանակահարել: Դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Նորայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, թոքաբորբով հիվանդ է: Նրա ձեռքի մատներին դաջվածքներ կան: Հարցնում եմ՝ «Դրանք պատմությո՞ւն ունեն»: Պատասխանում է. «Տնային գրքույկ է՝ մայր, եղբայր, քույրիկ, եղբայրներ, սիրած աղջիկ եւ այլն»: Սիրած աղջիկն Ամերիկայում է, իսկ Նորայրը՝ գաղութում: Աղջկա հետ չի ամուսնացել, որովհետեւ իմացել է, որ նա սրտի արատով հիվանդ է: 18 տարեկան հասակում արած դաջվածքների համար Նորայրը զղջում է: Ասում է՝ շատ հիասթափված է, ու բացելով վերնաշապիկը՝ ցույց է տալիս պարանոցի սպիները. «Արդեն զզվել եմ էս պատերից, ամբողջ կյանքս խցիկային պայմաններում անցավ: Չգիտեմ, հոգնել եմ: Մեկուսարանում բրիտվայով քներակներս կտրել եմ, որ վերջ տամ կյանքիս: Ես զգում եմ, որ ես արդեն շատ եմ հոգնել, 34 տարի խցում, էլ չեմ դիմանում»: Նորայրը զղջում է հանցագործություններ կատարելու համար:

«Մասնագիտությունս հանցագործությունն ա, 18 տարեկանից ստեղ եմ մեծացել»

Մեր հերոսը չցանկացավ իրական անունը հրապարակել, ինչպես նաեւ՝ լուսանկարվել: Արտաքինով շատ նման է Ուսամա Բեն Լադենին, դրա համար էլ կալանավայրում նրան Բեն Լադեն են ասում: 47 տարեկան այս տղամարդը բազմաթիվ անգամ դատապարտվել է եւ կյանքի մեծ մասն անցկացրել է ճաղերի ետեւում։ Երկու երեխա ունի, ովքեր հոր հետ միայն կալանավայրում են հանդիպում: «Չեն սովորել, հարմարվել են, բա ի՞նչ պիտի անեն»: Բեն Լադենին վերջին անգամ դատապարտել են 4 տարվա ազատազրկման, որի ընթացքում վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը մի քանի անգամ մերժել է նրա վաղաժամ ազատման հայցը: Հարցնում եմ՝ «Ի՞նչ պատճառաբանությամբ են մերժում»: Պատասխանում է. «Երեւի անցյալի համար: Այսինքն՝ անցյալի համար կարելի ա հա պատժել»: Ի դեպ, վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը հանձնաժողովի անդամների քվեարկությամբ է տվյալ դատապարտյալի ազատման հարցը որոշում: Հարցնում եմ՝ «Իսկ այդ ընթացքում ձեզ հարցեր տալի՞ս են»: «Հա, ասենք՝ խի՞ պիտի տենց լինի, որտեղի՞ց ա գալիս, խի՞ ա տենց, Նոյի տարվա…»,- զուսպ տեղեկատվություն փոխանցելու նպատակով՝ հակիրճ պատասխանում է նա: Հարցնում եմ՝ «Դուք հիմա համարվում եք գողական աշխարհի՞ մարդ»: Խիստ տոնով ու անակնկալի եկած պատասխանում է. «Էդ արդեն ձեզ չվերաբերվող հարց ա»: Ասում եմ՝ «Դե՛, հիմա գողական աշխարհի մասին շատ են խոսում, էլ գաղտնի թեմա չի»: «Ո՞վ ա խոսում,- ասում է,- սկի ես ինձ չեմ ճանաչում, դուք որտեղի՞ց գիտեք, թե ես ով եմ: Խոսում են, թող խոսան, բան ու գործ չունեն՝ խոսում են»: Ասում է, որ մասնագիտություն՝ որպես այդպիսին, չունի. «Մասնագիտությունս հանցագործությունն ա: 18 տարեկանից ստեղ եմ, ստեղ եմ մեծացել: Դպրոցն ավարտել եմ, 20 օր հետո վիպուսկնոյ վեչերից հետո ընկել եմ ստեղ ու դուրս չեմ եկել»: Հարցնում եմ՝ «Բայց տխուր է, չէ՞»: «Տխո՞ւր, տխուրն էն խոսքը չի: Տխուր չի, է, աբիդնի ա»: Գորիսեցի է, ու Գորիսում իրեն լավ են ճանաչում: «Իմ աջով քայլում եմ, ընտանիքով եմ լինում, բայց էլի չեն թողում, գալիս-կպնում են: Անպայման մի բան պիտի անեն, ու ինձ ճանաչողը գիտի, որ ես պատասխան հարված կտամ»: Ասում եմ՝ «Էստեղի դառնությունը մաշկի վրա զգալով՝ չե՞ք կարողանում էդ ամենից հեռու մնալ»: Պատասխանում է՝ «Հիմա, որ ձեզ վիրավորեն՝ լռելո՞ւ եք, հա՞, մի բան կանեք, չէ՞: Եթե պապադ ա հարուստ, կամ կարգին շրջապատ ունես, նայած ինչ շրջապատ՝ բռնող, կամ ավերակ անող, վոբշեմ, եթե տենց ա, ուրեմն՝ քեզ ճանաչողները չեն մոտիկանա: Իսկ, եթե մենակ եմ, ոչ մեկը չունեմ, բայց ունեմ մեծ ինքնասիրություն, ո՞նց կարող ա պատասխան չտամ: Պիտի պատասխան տաս, կյանքը չխլես, բայց լավ պատժես»: Առաջին անգամ 10 տարվա ազատազրկման դատապարտվել է սպանության հոդվածով, երկրորդ անգամ՝ սպանության փորձ, երրորդ անգամ՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածներով: Հարցնում եմ՝ «Սիրո՞ւմ եք ագրեսիա»: «Ագրեսիա՞, չէ, չեմ սիրում: Սիրում եմ համերաշխություն, հանգիստ, սիրում եմ սիրուն բաներ, սեր: Հո գազան չե՞նք, որ ագրեսիա սիրենք»: Հարցնում եմ՝ «Ազատության մասին ի՞նչ պատկերացումներ ունեք: Մտածո՞ւմ եք դրսի մասին»: «Չէ՛,- ասում է,- որ մտածես՝ սուտ կլինի: Հեռուստացույց ունենք, նայում ենք, բայց նի տո ա, պիտի քո աչքով տեսնես: Ավետիք Իսահակյանն ի՞նչ ա գրել. ինքը կանանց ատել ա, չէ՞, ասել ա՝ ավելի լավ ա գնաս ծովում խեղդվես, քան թե կանանց լեզվին հավատաս: Հետո տեսել են թոռի հետ ման ա գալիս, դաժե ամուսնացել ա: Ասում են՝ բա, վարպետ, էդ գրածիդ նայե՞նք, թե՞ երեխուն, ո՞րն ա ճիշտը: Ասում ա՝ բալիկ ջան, էդ գրականություն ա, իսկ սա՝ իրականություն: Հիմա մտածենք, բայց որ մտածենք՝ գրականություն կլինի, պետք ա իրականություն լինի: Զառանի ի՞նչ մտածես: Պետք ա ռեալիստ լինես, երազների մեջ չընկնես»: Ասում է, որ կարդալ շատ է սիրում ու, անկախ ամեն ինչից, միշտ կարդում է: Օրինակ, եթե բառապաշար ունենար՝ կգրեր, լավ գործեր կստեղծեր, սակայն ներկայիս շատ գրողների նման ուրիշների մտքերը չէր «թխի»: Մտքեր ունի, որ իրենն է, իր ներսում է թաքցրել, ու էդ մտքերն ուրիշ ոչ ոք չունի: Հարցնում եմ՝ «Ի՞նչ մասնագիտության մասին եք երազել»: «Երազել եմ… բայց էդ մասնագիտություն չի, լավ բան ա, հայրենիքին նվիրված լինելու պես մի բան ա, լավ բան ա, բայց չեմ ասի: Նպատակներս չիրականացան։ Ստեղ չընկնեի, կիրականանային»: Մարմնի դաջվածքների պատմությունը չի ցանկանում պատմել, որովհետեւ համարում է, որ դա ջահելական արարք է, անխելքություն: «Անիմաստ արել ենք, հետո իմաստը հասկացել ենք՝ փոշմանել ենք: Առաջ սրա համար նայում էիր, ասում էիր՝ ով ա, բայց հիմա ով ասես անում ա»: Ասում է՝ առաջին «սռոկը» լրանալուց հետո 7 տարի ազատության մեջ է եղել, որովհետեւ այդ ընթացքում իրեն չեն խանգարել: Հարցնում եմ՝ «Դուրս գալուց հետո կաշխատե՞ք»: «Կաշխատեմ, որ ընտանիք պահեմ, բայց հաստատ 30.000-ի համար չեմ աշխատի, մի բանով կզբաղվեմ: Հաստատ կրիմինալով չեմ զբաղվի, չեմ էլ զբաղվել, ոչ մեկի ունեցվածքի, ոսկեղենի վրա աչք չեմ գցել, չեմ նախանձել»: Կալանավայրի կյանքը նրան շատ է փոխել, իմաստուն է սարքել: «Մարդ կա, որ ստեղ մի փոր հացի համար ամեն ինչի սպասոբնի ա, ես էդ մարդը չեմ: Ով որ արժանապատվություն ունի՝ նա մարմնի մասին չի մտածում, պատվի մասին ա մտածում: Ապաշխարում ա, էլի, հանցագործություն կատարողն էստեղ ապաշխարում ա, ի՞նչ ա եղել: Քրիստոսը որ բոլորի համար էդքան տանջվել ա, խաչվել ա, ի՞նչ ա եղել: Շատ հարցեր կան, 5 րոպեի մեջ չեմ կարա ասեմ»: Ի դեպ, քրեակատարողական հիմնարկի պետի սենյակում մեծ թվով սրբապատկերներ եւ քանդակներ կային, որոնք կալանավորների ձեռքի գործեր էին: Հարցնում եմ՝ «Ինչի՞ց է, որ մարդիկ էստեղ հայտնվելուն պես սկսում են Աստծուն ապավինել»: Պատասխանում է. «Հո սաղ իսկական հավատացողներ չեն: Վ ասնավնոմ հավայի մոմ վառողներ են. մեկը կվառի, որ գործերը Վճռաբեկում լավ լինի, մեկը կվառի, որ պապան պերեդաչի բերի: Վառողներ շատ կան, բայց հավատն ուրիշ բան ա, հավատը հոգու բան ա: Պետք ա ամեն ինչին հոգով մոտիկանաս»: Ասում եմ՝ «Բայց Աստված պատգամում է հանցանք չկատարել, եթե դուրս եկաք ու ձեզ խանգարողներն էլի ձեր անձը վիրավորեցին… նորից նույն քայլին կդիմե՞ք»: Ասում է՝ «Հա՛, հաստատ կանեմ: Աստված հո անինքնասերներին չի՞ սիրում: Որ թուրքերը հարձակվում էին, պիտի մոտիկ չգնայի՞նք, ասեինք՝ մենք Աստծուն հավատում ենք: Տերտերներն էլ են գնացել, կռիվ արել, արյուն թափել: Ով ազգի վրա ձեռ ա բարձրացնում՝ էտի «պրոտիվաաստվածային» ա, Աստծուն քարկոծում ա, նույնն էլ՝ ընտանիքի վրա»: Ասում եմ՝ «Համ էլ ասում է՝ ձեր անձը խոնարհեք»: «Ես իմ անձը կխոնարհեմ, բայց նայած ում համար, սատանայի համար ես իմ անձը խոնարհե՞մ: Չէ՛, ես կպայքարեմ: Էսի Երեւան չի, Երեւանում կարաս կորչես, բայց ստեղ եթե մի բան էն չի՝ վսյո… Երեխա, ընտանիք, ախպեր, ընկերություն ունեմ, ի՞նչ կասեն: Չնայած, առաջին հերթին ինձ եմ ատչյոտ տալիս, հետո նոր ուրիշներին: Եսասեր չեմ, է, ինքնասեր եմ: Ես դիլխոր չեմ, արածիս համար ապաշխարում եմ»: Ասում է, որ իրեն անարդար են դատել, սակայն առաջին ատյանի դատավճիռը Վերաքննիչում չի վիճարկել, որովհետեւ գրպանում մի 100.000 չի եղել, որ արդար դատեն: «Պիտի օրենքները փոխվեն։ Ստեղ մարդ կա, որ 6000 դրամի համար 6 տարվա սռոկ են տվել: 25 տարի նստած ա եղել, դուրս ա եկել, աշխատանք չի ունեցել, դիմել ա օրգաններին, որ տեղավորեն աշխատանքի, չեն արել։ Ի՞նչ անի էս մարդը, սոված ա, գողություն ա արել: Էդ ձեւի մարդկանց սռոկ չպիտի տան, որ կաշառակերություն էլ չլինի: Էտի շնո՞րհք ա, օրե՞նք ա»: Ասում եմ՝ «Հիմա դրսում կրիմինալ երեւույթները շատ են: Փողոցներում իրար վրա կրակում են, մարդ են սպանում»: Ասում է՝ «Ո՞ւմ են խփում, ինչքան գիտեմ՝ դատախազ, բիզնեսմեն են խփում, էտ իրանց խոհանոցն ա: Դե, հիմա ստացվում ա. մարդիկ հո ռոբո՞տ չեն, որ պրագրաման տաս, ասես՝ էս պիտի անես, էն պիտի չանես: Փոքր պետություն ա, փողը քիչ ա, փողի կռիվ ա, էլի: Ես էլ եմ փողոցում կրակել, հնարավոր ա մեկին կպներ, դրա համար էլ ճիշտ են արել, որ դատել են: Ուզո՞ւմ ես խփես՝ տար էն անտառը խփի կամ վիրավորի: Ժողովրդի հետ ի՞նչ գործ ունես, իրանց ներվերի հաշվին քո հարցերն ես լուծում»: Վերջում հարցնում եմ՝ «Կուզե՞ք ինչ-որ բան ասել»: Պատասխանում է՝ «Լավ ըլնենք, իրար լավը ցանկանանք, գոնե մի քիչ Աստծուն մոտիկանանք: Գժանոցում որ մարդուն սրսկում են՝ գիտե՞ս մարդուն ինչ են ասում՝ «օվըշչ»: Հա՛, բանջարեղեն։ Տենց, բանջարեղենի կյանքով էինք ապրում, ավելի լավ ա էս կյանքով ապրենք, թե չէ՝ ոչ կանաչու հոտ ա գալիս, ոչ բան… Չէ՛, շատ բարդ ա, հեշտ չի»:

«Գողերը դրսում են, մերսեդեսներով ման են գալիս»

Բազմակի դատապարտված Կարենը (անվտանգության նկատառումներով՝ անունը փոխված է) ասում է, որ ներկայումս գողական աշխարհ, որպես այդպիսին, չկա, որովհետեւ կալանավայրում գող չկա: Դժգոհում է հայ կալանավորների վարքագծից, որովհետեւ Ռուսաստանում «նստած» տարիներին ռուսներից շատ բան է սովորել: Օրինակ, եթե գաղութի հարակից տարածքում բնակելի շենք կա, կալանավորն իրեն չպետք է թույլ տա հայհոյել, իսկ այստեղ հայհոյում են. «Այստեղ գժանոց է: Մյուս քրեակատարողական հիմնարկներն ավելի ահավոր են: Կալանավորն այնպես պետք է ապրի, որ դրսում ապրող հասարակությունը կալանավորին խղճա»: Ասում եմ՝ «Բայց խղճահարությունը վատ բան է, մարդը չպետք է ցանկանա, որ իրեն խղճան: Դուք ուզում եք, որ ձեզ խղճա՞ն»: Պատասխանում է. «Եթե խղճալու մարդ եմ, թող խղճան: Խղճահարությունը նվաստացուցիչ է թվում, բայց, եթե տեսնում եմ մի հայուհու, ով ամուսին չունի ու դժվարությամբ երկու երեխա է մեծացնում, ես խղճում եմ»: Չի հարմարվում Հայաստանի գողական աշխարհի բարքերին, որովհետեւ այստեղ իրավապահներին թշնամի են համարում, իսկ Ռուսաստանում այդպես չէ: Հարցնում եմ՝ «Էստեղ գողականներ կա՞ն»: Պատասխանում է. «Ռուսաստանի գողական թագավորներն ապրում են Մոսկվայում, ինչպես, օրինակ՝ մեր հանգուցյալ Սվո Ռաֆն էր: Հայաստանի կալանավորներն արդարադատության աշխատողներին համարում են իրենց թշնամի, բայց դա սխալ է: Ռուսաստանում կոմպրոմիս կա: Էսպես բացատրեմ, եթե, Աստված չանի, հիմա մի դատապարտյալ դանակով հարձակվի պրն լեյտենանտի (կողքին նստած է.- Լ.Ս.) վրա, եւ, եթե ես փորձեմ դատապարտյալի դեմն առնել, ես կենթարկվեմ խոշտանգումների, որովհետեւ փորձել եմ փրկել իրավապահի կյանքը: Ռուսաստանում էդպիսի բան չկա, չկա անամոթ աշխատանք, կա անամոթ մարդ: Օրինակ, եթե ես հարգվում եմ, կրում եմ այդ անունը (գողի.- Լ.Ս.), ուրեմն՝ պիտի այնպես անեմ, որ դատապարտյալները քաղաքավարի լինեն, որ կողքի բնակիչը չմտածի՝ այստեղ վայրենիներ, անդաստիարակներ են նստած: Բայց այստեղ նրանք չկան, ո՞վ պետք է անի: Օրինակ՝ ասենք, ես մի երիտասարդ եմ տեսել, խորամանկորեն պարզում եմ, որ ետեւում հայր, մայր ունի կանգնած, ու ստիպելով ղումարի մեջ եմ քաշում. գողը պիտի թույլ չտա, բայց գող չկա, ո՞վ պիտի միջամտի»: Կարենը վստահեցնում է, որ իրականում գող չկա, որովհետեւ գողերը մերսեդեսներով դրսում ման են գալիս: Նրա ասելով՝ եթե գող չկա՝ ամեն մեկն իր երգն է երգում: Ասում է, եթե կալանավայրում գող լիներ՝ ինքն անպայման կենթարկվեր նրան: Հարցնում եմ՝ «Բայց զոն նայող կա, չէ՞»: Հեգնում է՝ «Դա թեթեւամտություն է: Իրանց պետք է, որ իրենք լավ օգտվեն ինչ-որ բաներից: Ես չեմ հետաքրքրվում զոն նայողով, որովհետեւ նա նոր բան չի կարող ասել: 30 տարի անտեղի տեղը չեմ նստել: Ես չեմ էլ իմանում՝ ով է զոն նայողը»: