ԱԺ-ն երեկ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխխոսնակ ընտրեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արեւիկ Պետրոսյանին: Առաջադրվել էին երեք թեկնածուներ, որոնցից մեկն ինքնաբացարկ հայտնեց: Ուշագրավ է, որ ընտրության ընթացքում երկու քվեաթերթիկ կորել է: Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ականներն առաջարկել են հաշվի առնել քաղաքական պայմանավորվածությունները: Նման մի կոչ էլ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն է արել: Վերջինիս խոսքերով՝ դա խոսում է «սեռական մեծամասնության աճող քաղաքական պատկերացումների մասին»: Այսինքն` ըստ Վահան Հովհաննիսյանի, կանայք հայոց խորհրդարանում սեռական փոքրամասնություն են: Հույս ունենք, այդ առիթով ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարություն չի անի:
Կառավարող կոալիցիան որոշել էր, որ ԱԺ փոխնախագահի պաշտոններից մեկը պետք է զբաղեցնի ԲՀԿ ներկայացուցիչը: ԲՀԿ-ն էլ որոշել էր առաջադրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանին: Ինչպես նշել էր ԲՀԿ խմբակցության ղեկավարը, եթե խմբակցությունում ավելի արժանավոր տղամարդ լիներ, նրան կառաջադրեին: Երեկ ԱԺ-ում տիկին Պետրոսյանի թեկնածության առաջադրումն իր վրա վերցրեց ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարյանը: Վերջինիս խոսքերով՝ իրենց գործընկերուհու «կրթությունը, մասնագիտական որակներն ու գիտամանկավարժական աշխատանքի փորձը բավարարում է առաջադրվող պահանջներին»: ԱԺ փոխխոսնակի ձանձրալի ու կանխատեսելի ընտրության գործընթացում աշխուժություն մտցրեց «Օրինաց երկրացի» Հեղինե Բիշարյանը: Տիկին Բիշարյանն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկեց… ՀՀԿ-ական պատգամավոր, նույնպես տիկին, Հրանուշ Հակոբյանի թեկնածությունը՝ դա բացատրելով Հ. Հակոբյանի՝ պառլամենտարիզմի բնագավառում ունեցած մեծ փորձով: ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող տիկինների քանակն ավելացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը՝ առաջարկելով իրենց խմբակցության անդամ տիկին Անահիտ Բախշյանի թեկնածությունը: Պարոն Հովհաննիսյանը դա բացատրեց նրանով, որ տիկին Բախշյանն «ուսուցիչ է, քաղաքացի, ով իր ամբողջ կյանքը նվիրաբերել է մեր պետության կայացմանը եւ վերջին շրջանի տասնամյակները նվիրաբերել է իր կրթօջախում լավ հայաստանցիներ կերտելու սրբազան առաքելությանը»: Առաջադրումներն այսքանով սահմանափակվեցին: ՀՀԿ-ական տիկին Հրանուշ Հակոբյանը, սակայն, շտապեց ինքնաբացարկ հայտնել՝ տիկին Բիշարյանին բացատրելով, որ եթե որոշվել է, որ այդ պաշտոնը պետք է տալ ԲՀԿ-ին, ուրեմն՝ այդպես էլ պետք է անել: Այնուհետեւ փոխխոսնակի պաշտոնի հավակնորդ տիկինները պատասխանեցին պատգամավորների հարցերին: Օրինակ՝ «Ժառանգությունից» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն Արեւիկ Պետրոսյանից հետաքրքրվում էր, թե ի՞նչ է շահելու հայոց խորհրդարանը կին փոխխոսնակ ունենալուց: Ա. Պետրոսյանն ի պատասխան՝ վստահեցրեց, որ ինքը ձգտելու է իր մասնագիտական ներդրումն ունենալ խորհրդարանի «կազմակերպված աշխատանքում»: Ի դեպ, պատասխանելով քաղաքական հայացքների համար բանտում հայտնված Ժիրայր Սէֆիլյանին ու Վարդան Մալխասյանին վերաբերող հարցին, Ա. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ Ա. Բախշյանն էլ իր ելույթում նշեց, որ իրենք բարձր կարգապահության, կազմակերպված ու բազմակողմանի աշխատանքի, քննարկումների կողմնակից են, եւ իր ընտրվելու դեպքում «կանենք այնպես, որ խորհրդարան հապճեպ բերված օրենքները չընդունվեն»: ՀՀԿ-ի անունից երիտասարդ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կոչ արեց չմոռանալ ու հաշվի առնել «քաղաքական պայմանավորվածություն ունենալու փաստը»: Խորհրդարանն, իհարկե, դա հաշվի առավ: Շարմազանովի նման մի կոչ էլ ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն արեց: Դա, Վ. Հովհաննիսյանի խոսքերով՝ խոսում է «սեռական մեծամասնության աճող քաղաքական պատկերացումների մասին»: Փակ քվեարկության արդյունքում պարզվեց, որ ԱԺ «սեռական մեծամասնությունն» ԱԺ խոխխոսնակին ընտրելիս «հաշվի առավ քաղաքական պայմանավորվածությունն» ու տիկին Պետրոսյանը 79 «կողմ» եւ 13 «դեմ» ձայներով դարձավ ԱԺ առաջին կին փոխնախագահը: Անահիտ Բախշյանի ստացած ձայները հակառակ դասավորությունն ունեին՝ 13 «կողմ» եւ 79 «դեմ»: Ի դեպ, դատելով քվեատուփում առկա քվեաթերթիկների քանակից, ԱԺ պատգամավորներից երկուսն անհետացրել են իրենց հասանելիք քվեաթերթիկը: Բանն այն է, որ ըստ հաշվիչ հանձնաժողովի, քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, սակայն քվեատուփում հայտնաբերվել է… 100 քվեաթերթիկ: Երկու քվեաթերթիկներ անհետ կորել են: Չի բացառվում, որ առաջիկայում ծառայողական քննություն նշանակվի՝ քվեաթերթիկների գտնվելու վայրը պարզելու նպատակով: Ինչեւէ, առաջին անգամ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կին ընտրվեց, ով ընտրվելուց հետո շնորհակալություն հայտնեց իրեն ընտրողներին, այնուհետեւ խոստացավ անել այնպես, որ իրեն «դեմ» քվեարկածներն իր հանդեպ վստահություն ձեռք բերեն: