Ոչինչ չի կարող

14/11/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած շաբաթ Հարկային պետական ծառայության տեսուչները եւ Ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակիցները մեծամասշտաբ ստուգումներ սկսեցին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում:

«Ստուգողները» մտել էին նաեւ «Բջնիի» ֆիրմային խանութ եւ առաքման կետ, ինչպես նաեւ՝ բերման էին ենթարկել առաքող մեքենաներին, տարել էին համակարգիչներն ու փաստաթղթերը` կազմալուծելով ընկերության ողջ աշխատանքը: «6-րդ վարչություն» էին տեղափոխել նաեւ 12 աշխատակցի: Այս «բազմակողմանի ստուգումներն» անմիջապես որակվեցին՝ որպես քաղաքական հետապնդում, քանի որ, ինչպես հայտնի է, Խ.Սուքիասյանը հայտարարել էր, թե սատարելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հայտնի է, որ Հայաստանում կա Արդյունաբերողների եւ գործարարների միություն (ՀԱԳՄ): Այս կազմակերպությունը երբեմն մասնակցում է Հայաստանում գործարարության ոլորտին վերաբերող քաղաքականության մշակմանը, զանազան սեմինարներ է անում եւ ֆորմալ առումով ներկայացնում է (ավելի ճիշտ` պետք է ներկայացնի) գործարարների շահերը: Մենք փորձեցինք ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանից ճշտել, թե միությունն ինչպե՞ս է պաշտպանում գործարարների շահերը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում գործարարներին պաշտպանելու համար եւ ՀԱԳՄ-ն ինչո՞ւ որեւէ հայտարարություն չարեց Սուքիասիանների ընտանիքին պատկանող ընկերություններում ծավալված լայնամասշտաբ ստուգումների դեմ: Եվ ընդհանրապես` ինչպե՞ս է այդ միության նախագահը վերաբերվում կատարվածին` իր կարծիքով՝ դրանք «սովորական ստուգումնե՞ր» էին, թե՞ քաղաքական հետապնդման դրսեւորումներ:

«Ես որպես իրավաբան՝ կարող եմ կոնկրետ պատասխան տալ, երբ ունենամ լիարժեք գնահատական»,- ասաց պարոն Ղազարյանը: Նշենք, որ ըստ Խաչատուր Սուքիասյանի, Հարկային ծառայությունը «Բջնիում» ստուգումներ անցկացրել էր 3-4 ամիս առաջ, եւ սա ոչ թե հերթականն է, այլ իր ընտանիքին պատկանող ընկերություններում վերջին օրերին սկսված «տոտալ ստուգում»` կապված իր քաղաքական կողմնորոշման հետ: Համաձա՞յն է պարոն Սուքիասյանի հետ Արսեն Ղազարյանը: «Գիտե՞ք ինչ կա, ես կարող եմ ասել, որ այս ընթացքում Հարկային մարմինը խստացրել է հարկային վարչարարությունը հարկային լուրջ ծանրաբեռնվածություն չունեցող ձեռնարկությունների նկատմամբ,- ասում է Ա.Ղազարյանը: -Ես ինքս էլ բիզնեսմեն եմ եւ այն կարծիքը չունեմ, թե այդ ստուգումներն անօրինական են եւ քաղաքական ենթատեքստ ունեն: «Բջնիի» դեպքում ես հանրապետության ղեկավարներին նամակ եմ ուղարկել եւ խնդրել, որ նման ստուգումներն արվեն օրենքի շրջանակներում: Մենք պաշտպանում ենք մեր գործարարների շահերը, բայց մյուս կողմից էլ, եթե գործարարը խախտում է անում, առաջինը մենք ենք ասում՝ պատժեք: Բոլոր դեպքերում՝ ես հիմա չեմ կարող լիարժեք գնահատական տալ: Բա եթե պարզվի, որ խախտում կա, հարկային չկատարած պարտավորություն կա»: Սակայն պարոն Ղազարյանը, կարծում ենք, լավ գիտի, որ մեր իրականության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ իշխանությունները պատժել են իրենց չհնազանդվող գործարարներին: Այնպես որ, «Բջնիի» հետ կատարվածն առաջինը չէ: Կարող ենք հիշել «Ռոյալ Արմենիա» ընկերությանը, որի ղեկավարները երեք տարի առաջ հրապարակավ հայտարարել էին, թե Մաքսային պետական ծառայությունն իրենցից կաշառք է պահանջում: Դրանից հետո ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի ու փոխտնօրեն Արամ Ղազարյանի դեմ մի քանի հոդվածներով հարուցվեց քրեական գործ, եւ նրանք մոտ երկու տարի կալանավորված էին: «Ռոյալ Արմենիայի» գործը հիմա Վերաքննիչ դատարանում է, իսկ Գ.Հակոբյանը նորից կալանավորված է: «Ռոյալ Արմենիայի» համար ժամանակին մենք դիմել ենք ՀՀ վարչապետին,- ասաց պարոն Ղազարյանը: -Այդ գործը դեռ դատարաններում է, եւ մենք չենք կարող ժամանակից շուտ գնահատական տալ: Ես հիմա չեմ կարող ձեզ քաղաքական գնահատական տալ։ Իսկ «ՍԻԼ» կոնցեռնում, ես համոզված եմ, հավաքված են գրագետ մասնագետներ, որոնք կկարողանան իրենց շահերը պաշտպանել»։