Նոյեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Դինամո» մարզադահլիճում անցկացված ՀՀԿ 11-րդ համագումարը «եզակի» էր այն առումով, որ ընդդիմության հասցեին հնչեցված ՀՀԿ-ականների կոշտ գնահատականներին իր ելույթով միացավ նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նա նախ աղոթեց, հետո բարձրացավ ամբիոն ու հույս հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում «կամբողջանա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ստացած քվեն»: Բայց ամեն ինչ` ըստ հերթականության:
ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ով վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրությունները ոչ թե մեր երկիրը կգլորեն 10 տարի հետ, այլ նոր դուռ կբացեն երկրի զորացման եւ մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքն ապահովելու համար, իր ելույթում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին շրջանում ունեցած ելույթներին, ասաց. «Ելույթների ուսուցողական տոնին, առարկություններ չհանդուրժող որակումներին ու պիտակավորումներին, ինչպես նաեւ սարսափազդու ներկայի եւ անհուսալի ապագայի մասին նկարագրությունների մասին չարժե խոսել, քանզի մեր հասարակությունը հոգնել է թեկուզ եւ ճարտար ձեւակերպված, սակայն անառարկա խոսքից: Եթե ոմանք հույսը դրել են նրա վրա, որ հասարակությունը կարճ հիշողություն ունի, ապա կարծում եմ` կարճ ժամանակ անց հնարավորություն կունենան համոզվելու, որ այս անգամ էլ են սխալվել… Մեկ այլ ցնցող «փաստ»` Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացմամբ: Իր ելույթում նա անկախության 1-ին տասնամյակի համար բնորոշ է համարում ազատության, հպարտության, ոգեւորության զգացումը: Հավանաբար 1996թ. սեպտեմբերին ցուցարարներն իրենց հպարտությունն ու ոգեւորությունն էին արտահայտում իշխանությունների նկատմամբ, եւ վերջիններս էլ նրանց ջերմորեն ողջունելու համար դուրս բերեցին տանկերը»: Մեջբերելով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի այն «գլուխգործոց» (բնորոշումը Տ.Թորոսյանինն է.- Լ.Ս.) հատվածը, թե` Արցախյան պատերազմում հայկական կողմից ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության` Մութալիբովից Էլչիբեյին, Էլչիբեյից Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով, Տ. Թորոսյանը հայտարարեց. «Հիրավի, չարությունն ու ատելությունը կործանարար են: Դժվար էր պատկերացնել, որ Արցախյան գոյամարտում մեր ժողովրդի անասելի զրկանքներով ձեռք բերված հաջողությունների ու հաղթանակը կերտած հազարավոր նվիրյալների նկատմամբ այսպիսի արհամարհանք կարող է դրսեւորել նա, ով եղել է երկրի առաջին նախագահը եւ հավակնում է առաջնորդելու այդ նույն ժողովրդին»:
Ողջունելով կոալիցիոն իր գործընկերոջ համագումարը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք պատրաստ են սատարելու այն թեկնածուին, որին առաջադրելու է ՀՀԿ-ն. «ՀՀԿ-ն այսօր կառաջադրի իր թեկնածուին, եւ, ըստ հուշագրի, մենք պետք է ունենանք մեկ թեկնածու եւ մեր աշխատանքով կարողանանք իրականություն դարձնել թեկնածուի հաղթանակը: Մեր որոշման հիմքում մեծ պատասխանատվություն է Հայաստանի ապագայի, ժողովրդի անվտանգության եւ մեր երկրի բարգավաճման հարցում: Երկրի վերջին տարիների առաջընթաց զարգացումն ապահոված քաղաքական ուղին պետք է շարունակվի, որի համար պետք է քաղաքական կայունություն, հասարակության համերաշխություն, ազգային համաձայնություն եւ լավատեսություն»,- ասաց Գ.Ծառուկյանը:
Ի դեպ, կոալիցիոն ուժերի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրած ՀՅԴ-ից ՀՀԿ համագումարին եկել էին Հրանտ Մարգարյանն ու ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը` առանց իրենց երկու նախագահացուների: Հ. Կարապետյանն իր ելույթում նշեց, թե ՀՀԿ-ն իր անդառնալի դերն է ունեցել եւ կունենա Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության ամրապնդման եւ հզորացման գործում: Այնուհետեւ` ՀՀԿ-ին համարելով իր բոլոր ժամանակների գործընկեր, նկատեց. «Մեր համագործակցությունն աննախադեպ է եղել այս տարիների ընթացքում. ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համագործակցել են, երբ երկու ուժերն էլ ընդդիմություն են եղել, նաեւ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն եղել է իշխանության մաս, իսկ ՀՅԴ-ն՝ ընդդիմություն, եւ երբ երկուսն էլ ստանձնել են երկրի ղեկավարումը»: Չնայած ՀՅԴ-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությանը, որ նախընտրական փուլում իրար նկատմամբ հանդուրժող են լինելու, Հ. Կարապետյանն իր ելույթում նրանց վերջին շրջանի գործողությունները որակեց՝ «ռեւանշիստների կողմից թելադրվող»` ասելով. «Ակնհայտ է, որ անցյալի ուժերի ակտիվությունը թելադրվում է ռեւանշիստական մղումներով, փորձ է արվում երկրի պատմությունը շրջել դեպի հետընթաց: Մենք հայտարարում ենք, որ պատմության անիվը չի կարող հետ գլորվել, այն պետք է շարժվի առաջ, եւ այդ գործում մենք պետք է լինենք դերակատար, ազգային համաձայնությամբ, եւ ամենակարեւոր դերակատարություններից պետք է ունենա ՀՀԿ-ն: Որքան մեծ է պատասխանատվությունը, այնքան նաեւ մեծ է ժողովրդի ակնկալիքը այս քաղաքական ուժի նկատմամբ»:
ՀՀԿ-ին ողջունեց նաեւ «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, սակայն հեռակա կարգով. նրա ուղերձն ընթերցեց վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: «Ոգու փորձությունից» ելույթ ունեցավ միության նախագահ Սասուն Միքայելյանը: Ելույթ ունեցավ նաեւ Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանը` ասելով, որ ՀՀԿ-ն «քաղաքական այն բացառիկ ուժերից է, որն ուշադրություն է դարձնում թատրոններին»: Համագումարին ներկա էին նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը…
Իսկ հիմա անդրադառնանք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի` իր գնահատականներով մյուս քաղաքական գործիչների գնահատականներին գերազանցող ելույթին: Նա ակնարկելով Լ. Տեր-Պետրոսյանին, ասաց, թե նրանք, ովքեր անցյալով են ուզում կերտել ապագան, երեւակայության գիրկն են ընկել, որովհետեւ անցյալն անցած է, ու հետ չես բերի: Այն մարդկանց, ովքեր մտածում են, թե այս իշխանությունները «թերացումներ ունեն», արքեպիսկոպոսը խորհուրդ տվեց մինչեւ «գերանն ուրիշի աչքը մտցնելը, սկզբում իրենց աչքի շյուղը տեսնել»: Կճոյանն ահազանգեց ներկաներին, որ երկրի ու ազգի համար խիստ վճռական պահ է մոտենում (խոսքը նախագահական ընտրությունների մասին է), ու ՀՀԿ 1250 պատվիրակներին խորհուրդ տվեց գործել, քանի ժամանակը նրանց ձեռքում է ու քանի դեռ «այն չի կորել անդառնալի»: Ուշագրավ էր Ն. Կճոյանի հետեւյալ հարցուպատասխանը. կա՞ արդյոք մեկը, որ թերություն չունենա: «Ո՛չ: Թերություններն առավել եւս անխուսափելի են, երբ խոսքը գնում է մարդկանց մեծ խմբի, կոնկրետ դեպքում՝ կուսակցության մասին»,- վստահեցրեց նա` ՀՀԿ-ին նույնացնելով հայ ժողովրդի ճակատագրի հետ: «Ով այդպես մտածում է, երեւակայության գրկում է ուրեմն: Անցյալն անցած է, ներկան՝ պարտավորեցնող, իսկ ապագայի համար պետք է հանձնառություն: Գործիր, քանզի ժամանակը ձեռքումդ է»,- դահլիճում հավաքված ՀՀԿ-ականներին ուղղված այս հորդորով էլ իր ելույթն ավարտեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: