Եկմալյան 1-ին փողոցի մոտ գտնվող 10 ընտանիքների բնակարանները եւ հողատարածքները վերցրել է «Գրանդինվեստ» ՍՊԸ-ն: Ընկերությունը բնակիչների հետ պայմանագիր է կնքել եւ պարտավորվել է նրանց սեփականության փոխարեն համարժեք բնակարաններ տրամադրել տեղում կառուցվող բարձրահարկ շենքում:
Բնակիչների հետ պայմանագիրը կնքվել է 2006թ. մայիսի 19-ին, եւ նրանք պարտավորվել են կոնկրետ ժամանակահատվածում ազատել տարածքները, հանձնել բնակարանները եւ դուրս գալ հաշվառումից: Բնակիչները կատարել են այդ պարտավորությունը: Կառուցապատողը պարտավորվել է բնակիչներին բնակարաններ տրամադրել 25 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2008թ. հունիսի 19-ը: Սակայն այդ հասցեի արդեն նախկին բնակիչները դժգոհում են, որ, «Գրանդինվեստ» ընկերությունն այս մեկուկես տարվա ընթացքում ընդամենը շենքի փոսն է փորել եւ հիմքն է լցրել: Ընդ որում, այդ աշխատանքները կատարել է բավականին մեծ ընդմիջումներով: Օրինակ, ընկերությունը մոտ երեք ամիս առաջ լցրել է հիմքը եւ դրանից հետո էլ ոչինչ չի արել: Անձրեւաջրերը կուտակվել են հիմքի բետոնե կտրվածքների մեջ, եւ հարակից շենքերի բնակիչները կատակում են, թե Աղազարյանն ու Պապոյանն այդտեղ մեծ ակվարիում են կառուցում: Ի դեպ, Սիմոն Աղազարյանը «Գրանդինվեստի» փոխտնօրենն է: Բնակիչների հետ պայմանագրերում ընկերության անունից հանդես է եկել միայն նա: Իսկ Գագիկ Պապոյանն էլ ասաց, թե փոխտնօրենն ինքն է: Այդ դեպքում ո՞վ է Ս.Աղազարյանը: «Չգիտեմ, թե ով է»,- ասաց պարոն Պապոյանը: Տեղեկացնենք, որ վերջին տարիներին պարոնայք Աղազարյանն ու Պապոյանը Երեւանի կենտրոնում մի քանի բարձրահարկ շենք են կառուցել, մի քանիսն էլ դեռ գտնվում են կառուցման փուլում: Կառուցած շենքերից մեկն էլ գտնվում է Սարյան փողոցի վրա՝ Պուշկինի փողոցի հետ հատման հատվածում: Հիշեցնենք, որ կառուցապատման ժամանակ այս շենքում փլուզում տեղի ունեցավ: Հավանաբար, կառուցապատողները շինարարական նորմերի խախտում էին թույլ տվել, սակայն այդ հանգամանքը մեր համապատասխան մարմինների կողմից ուշադրության չարժանացավ: Դրանից հետո այս երկու պարոնները հողատարածք են վերցնում այդ նույն շենքի հետեւամասում, որը գրեթե կպած է թիվ 29 դպրոցին: Իսկ այդ ժամանակ դպրոցի աշխատակազմը բողոքեց, թե նոր կառուցվող շենքը դպրոցի պատից ու պատուհաններից ընդամենը 1 մետր հեռավորության վրա է: Բայց միեւնույն է, կառուցապատողները ուշադրություն չդարձրեցին եւ իրենց գործն արեցին: Հիմա էլ նույն ձեւով նույն կառուցապատողներն ուշադրություն չեն դարձնում այս հասցեի բնակիչների դժգոհություններին, որոնց համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետին մնացել է ընդամենը 6-7 ամիս ժամանակ, սակայն դեռ քարը քարին չի դրվել: Բնակիչները «Գրանդինվեստ» ընկերության ղեկավարներից սպառիչ պատասխան չստանալով՝ փորձեցին մեր միջոցով պարզել, թե, ի վերջո, ե՞րբ է կառուցվելու այդ շենքը, եւ իրենք ե՞րբ են բնակարան ունենալու: Նրանք արդեն երկու տարի է, ինչ անտուն են եւ վարձով են ապրում: Բացի այդ, նրանք ոչ մի հասցեում գրանցում չունեն եւ, արդեն երկու տարի է, զրկված են ընտրություններին մասնակցելուց: «Լրագրողների հետ ես չեմ շփվում,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց «Գրանդինվեստի» փոխտնօրեն Գագիկ Պապոյանը: -Դուք ինձ խանգարում եք, եւ հետո, մենք դեռ ժամանակ ունենք»: Պապոյանի ասելով՝ շենքի կառուցումն ուշանում է, որովհետեւ նախագծողը դեռ չի ավարտել իր աշխատանքը: Ընկերությունը կհասցնի՞ մինչեւ ամառ սկսել եւ ավարտել այդ շենքի շինարարական աշխատանքները: «Լավ կլինի, ազիզ ջան, լավ կլինի, մի մտածեք,- հորդորեց Գ.Պապոյանն ու հեռախոսն անջատեց»: Մենք չհասցրինք պարոն Պապոյանից ճշտել, թե առանց նախագծի հաստատման ինչպե՞ս են սկսել աշխատանքները՝ փոս են փորել եւ հիմք են լցրել: Չէ՞ որ կառուցման համար դեռ պետք է ստանալ քաղաքապետարանի եւ այլ համապատասխան կառույցների թույլտվությունը: Իսկ առանց նախագծի, պարզ է, որ, թույլտվություն չեն ստանա: Մնում է միայն ենթադրել, որ ընկերությունն աշխատանքները սկսել է առանց անհրաժեշտ փաստաթղթերի եւ թույլտվության:
Նույն Սարյան փողոցի արդեն կառուցված շենքի համար էլ շրջակայքի բնակիչներն ասում էին, թե կառուցումը սկսել են մինչեւ թույլտվություն ստանալը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ս.Աղազարյանի ու Գ.Պապոյանի այսչափ վստահությունն ու համարձակությունը, որ նրանք իրենց թույլ են տալիս շենքը կառուցել, իսկ անհրաժեշտ փաստաթղթերն ու թույլտվությունը ձեռք բերել ընթացքում: Եկմալյան 1-ին փողոցի բնակիչների ասելով, պարոնայք Պապոյանն ու Աղազարյանը Երեւանի կենտրոնի տարբեր հատվածներում հողատարածքներ են վերցրել, փոսը փորել, կամ նույնիսկ հիմքը գցել են, այսինքն՝ տարածքն իրենցով են արել, որ հետո նոր շենքը կառուցեն: Պարոն Պապոյանը չցանկացավ մեզ հետ զրուցել ու տալ այս եւ բնակիչներին հուզող հարցերի պատասխանները, «Ինձ էլ մի զանգեք, ազիզ ջան»,- ասաց նա: Սակայն որոշ տեղեկություններ, այնուամենայնիվ, շենքի սեփականատերերի մասին հայտնի են: Պարոն Աղազարյանը ժամանակին եղել է Ոստիկանության համակարգի պաշտոնյա, եւ, ըստ մեր տեղեկությունների, այդ համակարգի ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ նրա հետ կիսում են կառուցվող որոշ շենքերի վաճառքից առաջացած շահույթը: Բացի այդ, մեր ունեցած տեղեկություններով, Սիմոն Աղազարյանի եւ Գագիկ Պապոյանի կառուցած շենքերի բնակարանների մի մասը բաժին է հասնում քաղաքային ու հանրապետական նշանակության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների: Ահա թե ինչու են նրանք այդքան վստահ եւ ահա թե ինչու են առանց համապատասխան փաստաթղթերի առկայության՝ սկսում կառուցապատումները: