гëï³ï³·ñí³Í í׳ñÁ ѳëï³ï ã¿

14/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Հաստատագրված վճարներով եւ պարզեցված հարկով աշխատող տնտեսվարողների ցուցանիշներն այս տարվա պետական բյուջեում մոտ 10մլրդ դրամ է կազմում (իսկ Հարկային պետական ծառայության ընդհանուր բեռը շուրջ 90 մլրդ դրամ է):

Այսինքն` ակներեւ է, որ մանր եւ միջին բիզնեսը պետության համար խոշոր հարկատու չի համարվում: Եկող տարվա պետբյուջեում էլ մանր եւ միջին բիզնեսի հարկային շեմը մնացել է անփոփոխ` 10մլրդ դրամ: Սակայն, երբ դիտարկում ենք, թե՞ ովքեր են այս արտոնյալ հարկատեսակից օգտվողները, ակնհայտ է դառնում, որ նրանց մեծ մասն իրականում արտոնյալներ են: Հաստատագրված վճարով հիմնականում աշխատում են տոնավաճառներն ու սրճարան-մոթելները: Դժվար է հավատալ, որ տոնավաճառ «աշխատեցնողն» ավելի քիչ եկամուտներ է ստանում, քան արտադրության մեջ զբաղվածը: Պարզեցված հարկի մասին օրենքում փոփոխությունները պարզ հարկման դաշտում թողեցին միայն առեւտուրը, այն էլ` այն տնտեսվարողներին, որոնք չունեն մեկից ավելի ընկերություն: Օրենքում նման կետի առկայությունն արդեն իսկ իմաստազրկված է, քանի որ ոչ ոք իր անունով մի քանի ընկերություն չի գրանցում: Սա՝ մայրաքաղաքում, իսկ ահա մարզերում, ասենք՝ մի փոքրիկ խմորեղենի կամ ջրերի լցման արտադրամաս ունեցողը պետք է հարկվի ԱԱՀ-ով եւ շահութահարկով, ու սա չի կոչվում մանր բիզնես: Մինչդեռ տոնավաճառի տերը «մանր» գործունեություն իրականացնող է համարում: Բավականին հետաքրքիր սողանցքներ է թողել «Հաստատագրված վճարի մասին» օրենքն՝ այս վճարով հարկվողների համար: Տոնավաճառի սեփականատերը հաստատագրված վճարը տալիս է փաստացի վարձակալության հանձնված տարածքների համար, որի մակերեսը փոփոխվում է ամեն օր` կապված օրվա վարձակալների թվից: Ո՞ր թվից է հարկային մարմինը հաշվարկում վճարելիք հարկի գումարը. մեր այս հարցին Հարկային պետական ծառայությունից պարզաբանեցին, որ հաստատագրված վճարը հաշվարկվում է տնտեսվարողի կողմից ամսվա ընթացքում հայտարարագրած ամենաբարձր թվից: Իսկ ինչպե՞ս է երեւում, որ նշյալ թիվն իրոք ամենաբարձրն է եղել, եւ չեն ունեցել թաքնված շրջանառություն. սա էլ Հարկային մարմինը կարող է պարզել ստուգումներ անցկացնելուց հետո միայն: Եթե գործող մակերեսն անընդհատ փոփոխական է, ապա ինչպե՞ս է Հարկային տեսուչն ապացուցելու, որ նախկին ներկայացրած թիվը չի համապատասխանել իրողությանը: Սա էլ կարելի է բացահայտել շարունակական ստուգումների արդյունքում, եթե, իհարկե, հրահանգված է ստուգումներ անցկացնել մեր տոնավաճառների սեփականատերերի բիզնեսում, որոնք հիմնականում ԱԺ պատգամավորներ են: Դժվար է մտաբերել տոնավաճառներում երբեւէ կատարած աղմկոտ ստուգումների մասին, սակայն ակնհայտ է, որ այս ոլորտը գերշահութաբեր է համարվում եւ օր օրի էլ վարձակալության գներն աճի միտում են արձանագրում, սակայն պետական բյուջեի համար շատ փոքր հարկատուներ են համարվում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ են աճում վարձակալության գները, երբ այստեղ չկա դրսի գների գործոնը կամ չեն ավելացել հարկերը: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ տոնավաճառների շրջանառության համար 50մլն դրամն ընդհանրապես թիվ չէ: Սակայն հասկանալի է նաեւ նրանց սովորական հարկատեսակին անցնել չպարտադրող Հարկայինի մտավախությունները: Վերջինները կարող էին եւ վնասով աշխատել: Այս դեպքում հաստատագրված վճարը չարյաց փոքրագույնը կարելի է համարել: Հաստատագրված վճարով աշխատող սրճարաններում իրավիճակը մի փոքր այլ է: Այստեղ հարկի գումարն անփոփոխ է եւ հաշվարկվում է փաստացի զբաղեցրած տարածքից: Սակայն այստեղ էլ նրբերանգներ կան: 50քմ-ից ավելի տարածք զբաղեցնելու դեպքում զգալի ավելանում է հաստատագրված վճարի շեմը, եւ այստեղ էլ գործի գիտակները, պետական պաշտոնյաների ակտիվ աջակցության շնորհիվ, շրջանցում են օրենքը: Մեր զրուցակիցը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում սրճարան ունի եւ բացատրում է, որ եթե, ասենք, 150քմ տարածքով սրճարան ունես եւ ուզում ես քիչ հարկ տալ, ապա ձեւակերպում ես, որ 3 հատ 50քմ տարածք ունես: Շատերը չեն համաձայնի, որ քաղաքի կենտրոնում աշխատող որոշ սրճարաններ հազիվ են իրենց գոյությունը պահպանում, եթե ուզում են աշխատել օրինական դաշտում` վճարելով բոլոր հարկերը: Մենք զրուցեցինք միեւնույն` էկզոտիկ խոհանոց ունեցող սրճարանների տերերի հետ, եւ պարզվեց, որ նրանցից մեկն աշխատում է սովորական հարկատեսակով, իսկ մյուսը` հաստատագրված վճարով: Սովորական` ծախսեր ցույց տալու հնարավորություն ունեցող սրճարանն աշխատում է վնասով. ավելի ճիշտ՝ վնաս է ցույց տալիս, սակայն իրականում դժգոհ չէ իր ստացած ամսական եկամուտներից, որից բաժին է հանում նաեւ տարբեր ստուգողների համար: Իսկ ահա հաստատագրված վճարով աշխատողն ասում է, որ ինքն էլ մատուցողի նման օրվա փող է աշխատում: Հարկի գումարը ֆիքսված թիվ է, անկախ այն բանից, որ դու նոր ես սկսել քո գործունեությունը, բացի այս էլ՝ այնքան շատ են «կողքից»` սանէպիդկայանի ու այլ ստուգումները, որ անգամ դժվար է մտաբերել «առձեռն» տված կաշառքի չափը: Թե ինչո՞ւ չի անցնում սովորական կամ պարզեցված հարկի` մեր զրուցակիցը պարզապես սարսափում է Հարկային մարմինների ձեռքն ընկնելուց: «Այսպես ապահով եմ, որ հարկային մասով ոչ ոք չի կարող իմ սրճարանը փակել»,- ասում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, նախկինում պարզեցված հարկով աշխատող մի շարք արտադրական ձեռնարկատերեր հրաժարվեցին այս հարկից եւ սկսեցին աշխատել սովորական հարկատեսակով, որի արդյունքում նրանք ընդհանրապես ազատվեցին հարկերից` իբրեւ աշխատում էին վնասով: Ինչպես ասում են, օրենքներն այնքան էլ մեղավոր չեն, մեղավորն այն կիրառողներն են: