Տիտաննեի մենամարտ

12/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Երկրի տնտեսական կյանքում անցած շաբաթ ամենալուրջ իրադարձությունը, հարկավ, մամուլում հրապարակված նամակներն էին։ Մարտի 24-ին հրապարակվեց Հրանտ Բագրատյանի բաց նամակը նախագահ Ռ. Քոչարյանին։ Մարտի 25-ին հրապարակվեց պատասխանը. նախագահի փոխարեն գրել էր ՀՀ Կենտրոնական բանկը։

Ճիշտ է, մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես էր ԿԲ-ն՝ խորհրդով, աշխատակազմով, սեղան-աթոռով, մասնաշենքերով, շարժական ու անշարժ մյուս գույքերով նստել ու պատասխան գրել։ Փոխարենը՝ պետք է պնդել, որ երեւույթը միանշանակ դրական է։ Հ. Բագրատյանի փորձառությունն ու մասնագիտական որակ ունեցող տնտեսագետի դիտարկումն իսկապես արժանի է ուշադրության։ Հետաքրքիր է նաեւ նամակի ստորագրությունը, այն գրվել է փետրվարին։ Այսինքն՝ այն պահին, երբ ԿԲ նախագահի վերահաստատումը չէր կատարվել։ Հրապարակման ուշացումով նախկին վարչապետը, հավանաբար, ցանկացել էր ընդգծել, որ իր նամակը քաղաքական ենթատեքստ չունի։ Այն տնտեսական գործընթացների տնտեսագետ-քաղաքական գործչի վերլուծություն է։ Հ. Բագրատյանը ներկայացրել էր դրամի փոխանակարժեքի փոփոխման իր վերլուծությունը՝ քննարկելով թե՛ ներքին, թե՛ արտաքին ազդեցությունները։ Դրական է այն, որ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը չձեւացրեց, թե չի կարդացել նամակը, բայց պատասխանը բավական տարօրինակ ստորագրություն ունի՝ «ՀՀ Կենտրոնական բանկ»։ Կարելի է ենթադրել, որ նման ստորագրություն կարող էր դրվել միայն ԿԲ ղեկավարի գիտությամբ (եւ թույլտվությամբ)։ Պատասխան նամակում 2 անգամ գրված է՝ «ԿԲ-ն ողջունում է փոխարժեքների եւ ցանկացած տնտեսական երեւույթների վերաբերյալ բաց՝ ապագային միտված վերլուծություններ»։

ԿԲ-ի պատասխանն ավելի շուտ կարելի է համարել հոգեբանական պատասխան։ Մեր հասարակությունը, ներառյալ նաեւ քաղաքական գործիչները, չի սիրում տնտեսական փաստաթղթեր ընթերցել։ Հենց հաջորդ օրը հայտնված պատասխանը տեսնելով՝ նա պիտի որ ապրիորի ենթադրեր, թե «Հ. Բագրատյանը գրեց, իսկ Տ. Սարգսյանը պատասխանեց»։ Ոչ ոք լրջորեն չի խորանալու, թե ով ինչ գրեց։ Մինչդեռ նախկին վարչապետի նամակում կոնկրետ նշվում են ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականության այն կետերը, որոնք ինքը գնահատում է որպես բացթողում։ ԿԲ-ի պատասխանները որոշ հոդվածներում հետաքրքիր էին («Զգլխիչ», – գրաբարով կասեին հին հայերը)։ Դրամի արժեւորման բոլոր վերլուծություններին պատասխանելիս ԿԲ-ն հաճախ նշում է, որ դա միջազգային շուկայում դոլարի արժեզրկման արդյունք է։ Սրան զուգահեռ շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ է ԿԲ-ն մեր երկրի արտարժույթի պահուստները կուտակում ԱՄՆ դոլարով։ ԿԲ-ն ընդունում է, որ դոլարային է պահուստների 58,4%-ը։ Բայց ասում է, որ դրանք ժամանակին ավելի մեծ տեսակարար կշիռ են ունեցել՝ 72,8%։ Եթե նկատել եք, տնտեսագետները հաճախ են «խաղեր տալիս» տոկոսային արտահայտություններով։ Բայց հենց նույն պատասխանում ԿԲ-ն գրում է, որ 2001-ին իր պահուստներում եղել է 224 մլն դոլար, իսկ 2004-ի վերջին՝ 378,6 մլն։ Այսինքն՝ զուտ դոլարով պահուստներն աճել են։ Բայց սրա փոխարեն ԿԲ-ն գերադասում է ուշադրություն հրավիրել տոկոսների վրա։ «Ինչո՞ւ է միջազգային պահուստների կեսից մի փոքր ավելին ԱՄՆ դոլարով»,- ինքն իրեն հարցնում է ԿԲ-ն (նշենք՝ մոտ 8,5%-ն է մի փոքր ավելի որակվում)։ Հարցին տրվում է 3 հիմնական պատասխան։ Դրանցից երկուսը գեղարվեստի ոլորտից են եւ գրված են ազատ գեղագետի ոճով. 1. «Երկրի դոլարային պարտքը սպասարկելու համար»։ 2. «Եկամտաբերությունը խթանելու համար»։ Պարզվում է, ԿԲ-ն կարծում է, որ այլ արժույթով հնարավոր չէ սպասարկել երկրի դոլարային պարտքը, եւ ցավոք չի նշում, թե ո՞ւմ կամ ինչի՞ եկամտաբերությունն է փորձում խթանել արժեզրկվող դոլարը։ ԿԲ-ն նաեւ նշում է. «ՀՀ պահուստներում եվրոյի մասնաբաժինը հասել է շուրջ 24%-ի՝ շրջանառության մեջ եվրոյի ներմուծման պահին՝ շուրջ 3,5%-ի եւ 2000թ. սկզբին՝ մոտ 16%-ի համեմատ»։ Կարող էին, չէ՞, համեմատել աճը, ասենք, 1995-ի համեմատ, երբ դեռ եվրո չկար, բայց չեն արել։ Փոխարենը, վերլուծելով անգլիական ֆունտը, այն գնահատելով եվրոյից ավելի եկամտաբեր, ասում են, որ ոսկին վաճառվել է եվրոյով։ Սա Հ. Բագրատյանի նամակի մի դրվագի միակ կոնկրետ պատասխանն է։ Բայց, այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է հենց երկրի պահուստային ոսկին վաճառվել բրիտանական ֆունտով։ Եթե ԿԲ-ն ճիշտ է, որ ոսկին զրոյական եկամտաբերություն ունի, միեւնույն է, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ պահուստում արժեզրկվող դոլարն ամբողջությամբ (կամ մասամբ) չի փոխանակվել ֆունտի։

ԿԲ-ի պատասխանը գնահատելիս՝ դժվար է հիշել նման ծավալի մեկ այլ բացատրություն արծարծված խնդիրների շուրջ։ Պատճառը, թերեւս, կարող էր լինել այն, որ Հ. Բագրատյանի նամակն իսկապես հուզել է երկրի ֆինանսական ղեկավարությանը։ Կարելի է ենթադրել, որ այն հետագա զարգացում կունենա եւ կվերաճի տիտանների մենամարտի։ Հայաստանի տնտեսական զարգացումների շուրջ վաղուց հիշարժան բանավեճեր չեն ծավալվել։ Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյան-Հրանտ Բագրատյան հրապարակային բանավեճը միանշանակ դրական հետեւանքներ կունենա։ Անկախ նրանից, թե ով կլինի հաղթող՝ շահելու է տնտեսությունը։ Հ. Բագրատյանի մի մեղադրանքին պատասխանելով՝ ԿԲ-ն գրում է, որ ինքը չի կարող «նպատակայնորեն ազդել առեւտրային բանկերի միջոցների արտարժութային կառուցվածքի վրա», բայց «ողջունում է այդ ոլորտում հիմնավորված ցանկացած կարծիք»։ Այսինքն՝ պարզ ակնարկում է, թե ինքը՝ ԿԲ-ն, չի գերազանցի իր լիազորությունները եւ առեւտրային բանկերին չի պարտադրի կամ հուշի հնարավորինս հրաժարվել արժեզրկվող դոլարից։ Փոխարենն ուրախ է, որ դա հրապարակայնորեն կանեն մասնագետի լուրջ հեղինակություն ունեցող անձինք։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հասարակության անգամ ամենաչունեւոր խավը Հայաստանում «դոլարիզացված» է։ Այսինքն՝ տրասֆեր օգնություններ հիմնականում ստանում եւ ավելի սեւ օրվա միջոցներ այս խավը ետ է գցում դոլարով։

Մի հարց եւս, այնուամենայնիվ, մնում է անհասկանալի։ ԿԲ-ն գրում է. «Եթե տնտեսությունում նկատվի դոլարային խնայողությունների զարգվածային փոխանակում դրամի, ապա ԿԲ-ն պատրաստ է ամբողջությամբ գնել այդ դոլարային միջոցները եւ ապահովել դրանց դրամայնացումը»։ Ես չեմ հասկանում, որտեղի՞ց ԿԲ-ին այդքան դրամ։ Իսկ եթե ունի, գնելուց հետո ի՞նչ է անելու այդքան դոլարը։ Մի՞թե շարունակելու է պահուստավորել եւ արժեզրկել երկրի արտարժութային պահուստները։