Ժամանակին անդրադարձել էինք Երեւանում սկիզբ առած «շինարարամանիային»՝ նշելով, որ համատարած անցումա-կամրջա-ճանապարհաշինարարությունը ավելացնում է ՀՆԱ-ի ցուցանիշները։
Մի կողմ թողնենք այն, որ շինարարությունը՝ մասնավորապես, ճանապարհաշինարարությունը, փող ուտելու ամենահարմար ճանապարհն է։ Այսինքն, այն լցնում է ոչ միայն պետության բյուջեն, այլեւ կոնկրետ մարդկանց գրպանները։ Բայց եկեք վերադառնանք դրական բաներին, այսպես ասած, կողմնակի էֆեկտներին։
Եվ այսպես, ի՞նչ է կատարվում, օրինակ, Բաղրամյան փողոցում։ Կատարվում է այն, որ ճանապարհի վերանորոգվող հատվածը շրջափակող պատն օրեցօր առաջ է գալիս՝ վարորդներին ստիպելով ֆանտազիային «զոռ տալ», եւ նոր ճանապարհներ գտնել՝ տուն հասնելու համար։ Վարորդները նաեւ պետք է հիշեն՝ որ փողոցն է փակ, որը՝ բաց։ Սա ուղեղի մարզանք է։ Մարզված ուղեղը նպաստում է լավ աշխատանքին, լավ աշխատանքը՝ երկրի տնտեսությանը, վերջինս էլ՝ բյուջեի եկամուտներին։ Երկրորդ։ Ոլոր-մոլոր ճանապարհները տուն կամ աշխատանքի վայր հասնել փափագող վարորդներին չեն փրկում. նրանք հայտնվում են խցանման մեջ։ Իսկ խցանման մեջ մեծանում է մեքենաների՝ միմյանց բախվելու հավանականությունը։ Պարզ է, որ մեքենան ռետինից չի պատրաստված, հարվածից հետո այն վնասվում է, եւ վերանորոգման կարիք է առաջանում։ Արդյունքում, ստեղծվում են աշխատատեղեր «դզող-փչողների» համար։ Բացի այդ, վնասված ավտոպահեստամասերը ներմուծվում են, որի համար վճարվում է մաքսատուրք եւ ԱԱՀ։ Բյուջեն նորից լցվում է։ Երրորդ։ Խցանման մեջ հայտնված մեքենան ավելի շատ վառելիք է ծախսում. շարժիչի անջատելն ամենեւին չի օգնում։ Շատ ծախսը նշանակում է՝ վառելիքի ավելի շատ սպառում, շատ սպառումը նշանակում է՝ վառելիքի ավելի շատ ներմուծում, շատ ներմուծումն էլ նշանակում է, որ բյուջեն լցվում է (տես երկրորդ կետը)։
Չորրորդ։ Այս վերջին հանգամանքի մասին ինձ հուշեց ծանոթ մի բժիշկ։ Անկախ նրանից, որ քանդաշինարարությունը նպաստում է բյուջեն լցնելու «սուրբ» գործին, ցանկացած վարորդ նյարդայնանում է՝ յոթհարկանի հայհոյանքներ տեղալով այս շիլաշփոթի հեղինակների հասցեին։ Եթե նկատի ունենանք, որ վիճակը շարունակվում է արդեն մի քանի ամիս՝ ամեն օր, ապա հաստատ կարելի է ասել, որ վարորդների եւ նրանց ուղեւորների մոտ կտրուկ մեծացել է նյարդային եւ սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը (սա առավել սուր արտահայտվում է այն մարդկանց մոտ, ովքեր մի կերպ ճանապարհ են գտել, եւ հանկարծ պարզվում է, որ ինչ-որ չինովնիկի կամ պատվիրակության այցի կապակցությամբ ճանապարհը փակ է)։ Դա նշանակում է, որ ավելի շատ մարդիկ են դիմում բժիշկներին, այսինքն՝ բժիշկներն ու հիվանդանոցները շատ փող են աշխատում։ Եվ քանի որ այդ ամենից վճարվում են հարկեր, ապա… չկրկնվենք։ Կարելի է երկար շարունակել՝ 5-րդ, 6-րդ… Բայց իմաստը դրանից չի փոխվում։ Միայն մի բան նշենք. շուտով ձյուն կգա եւ բյուջեի եկամուտներն է՛լ ավելի կաճեն։ Որովհետեւ ձմռանը Ժամացույցի գործարանի մոտի զառիթափ ճանապարհով վեր բարձրացող մեքենաների դեպքում վերը նշված բոլոր կետերի «էֆեկտիվությունը» շեշտակի կաճի՝ ավելի շատ վթարներ, ավելի շատ վառելիք եւ այլն։
Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի։ Գուցե սա հասկացել են նաեւ քաղաքային իշխանությունները, եւ այդ պատճառով էլ այսքան ձգձգում են շինարարությունը՝ երկարաձգում են հաճույքը։ Սկզբում ասում էին՝ մինչեւ սեպտեմբերի վերջ կավարտենք, հետո դա դարձավ հոկտեմբերի վերջ, իսկ այսօր արդեն նոյեմբերի 10-ն է, բայց ծայրը չի երեւում։ Ավելին, տեղեր կան, որ նոր են սկսել քանդել, օրինակ՝ Հալաբյան-Կիեւյան խաչմերուկի հատվածը։ Իսկ «Լամբադա» կամրջի տակ մեկ շաբաթ առաջ «բորդյուր» էին փոխում։ Չգիտեմ՝ վերջացրե՞լ են, թե՞ չէ, որովհետեւ դրանից հետո աշխատել եմ այդ կողմերից խուսափել՝ … բյուջեն չլցնելու համար։ Որովհետեւ եթե բյուջեն շատ լցվի, այդ ավելացած փողերով կարող է հաջորդ տարի հիմնահատակ քարուքանդ անեն Երեւանը։ Եվ ընդհանրապես, այս ամենի մեջ՝ գեղեցիկ քաղաք, շինարարություն եւ այլն, մի տեսակ մոռացել են սովորական մարդկանց մասին։ Ասենք՝ այն մարդու, ով, օրինակ, Բարեկամության հրապարակի մոտից պետք է շտապ հասնի Զեյթունի 8-րդ հիվանդանոց։ Դե, իսկ աշխատանքից, դասից կամ առավելեւս՝ ժամադրությունից ուշացողների մասին մտածող ընդհանրապես չկա, թող մի քիչ էլ ուշանան, դա կարեւոր չէ։ Փոխարենը՝ հետո սիրուն բորդյուրներ կունենանք։ Չէ՞ որ մեր երկրում կարեւորը ոչ թե մարդիկ են, այլ վեհ թեմաները…
Հ.Գ. Կարծեմ 1-1.5 ամիս առաջ պաշտոնյաներից մեկը հեռուստատեսությամբ բացատրում էր, թե այս շինարարությունն ինչու էր անհրաժեշտ։ Ասելիքներից մեկն էլ սա էր. քաղաքում կան շատ ծանրաբեռնված խաչմերուկներ, որտեղ հաճախակի խցանումներ են առաջանում, եւ մեքենաների թունավոր արտանետումները շատանում են։ Այսինքն, այս ամենն անհրաժեշտ էր նաեւ բնապահպանական տեսանկյունից։ Սա հիշեցի, որովհետեւ իր խոսքի մեջ հարգարժան պարոնը «արտանետում» բառի փոխարեն՝ ասաց՝ «արտաթորում»։ Այսինքն՝ այն, ինչ այժմ հիշեցնում է մեր քաղաքի երթեւեկությունը։