Հայաստանը դեռեւս չի կողմնորոշվել, թե որն է լինելու իր ագրարային քաղաքականությունը: Ավելի ստույգ` անկախացումից հետո ամեն մի գյուղնախարար ոլորտի զարգացումը յուրովի է պատկերացրել ու գրել իր ծրագիրը: 1999-2000թթ. այդ ծրագիրը կյանքի կոչելու համար ՄԱԿ-ը 200 հազար դոլար է տրամադրել:
Այդ ժամանակների գյուղնախարար Գագիկ Շահբազյանը վերոնշյալ գումարով անգամ գրքույկներ է հրապարակել, սակայն նրան հաջորդած նախարար Զավեն Գեւորգյանը նույնպես չի համակերպվել այդ ծրագրի հետ եւ գյուղատնտեսությունը «զարգացրել» է իր պատկերացումների համաձայն: Հայաստանում Գյուղմթերքների ապահովագրական գործակալություն ստեղծելու Եվրահամայնքի 1998թ. տրամադրած 300մլն դրամն էլ է կարճ կյանք ունեցել: Գործակալությունը ստեղծվել ու գոյատեւել է 3 ամիս: Ֆինանսների նախարարությունն այն լուծարել է` սնանկ ճանաչելու հիմնավորմամբ: 2մլն դոլար վարկի գումար էլ փոշիացել է գյուղմթերքի մեծածախ շուկայի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին: 2009թ. գյուղատնտեսության ոլորտը ենթակա է հարկման, սակայն չունենք Գյուղմթերքներ արտադրողների իրավունքներն ու պարտականությունները սահմանող օրենքը: Այս խնդիրների մասին էլ զրուցեցինք Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:
– Հայաստանի ագրարային քաղաքականության մասին միասնական ծրագիր ընդունելը մի՞թե այդքան բարդ գործ է:
– 1995 թվականից ի վեր գյուղնախարարներն ու ոլորտի «գործիչները» ոլորտի զարգացման հետ կապված մոտ 9 ծրագիր են գրել: Նույնիսկ նախկին նախարարներից Վլադիմիր Մովսիսյանը 2 ծրագիր է ներկայացրել` պայմանավորված երկրի նախագահի փոփոխությամբ: Սակայն բոլոր ծրագրերն էլ ոչնչով չեն տարբերվում 1986թ.` խորհրդային ժամանակների ծրագրից: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ այս բոլոր ծրագրերի հեղինակը միեւնույն մարդն է եղել:
– Ձեր միավորումը դեռեւս երկու տարի առաջ խոսում էր գյուղմթերք արտադրողների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Ի՞նչ վիճակում է այդ գործընթացը:
– Ի՞նչ ագրարային քաղաքականության մասին է խոսքը, երբ գյուղմթերք արտադրողի վերաբերյալ օրենք չկա: Դրա համար էլ այսօր մթերող գործարաններն են թելադրում գյուղմթերքների մթերման գինը: Մինչդեռ ճիշտ հակառակը պետք է լիներ: Օրինակ, Ֆրանսիայում գյուղմթերք արտադրողների ասոցիացիաներն են լիցենզավորում իրենց տարածքում վերամշակողին եւ թույլ չեն տալիս իրենց հաշվին գերշահույթ ստանալ: Միաժամանակ կարող են տվյալ գործարանի վարկատուն հանդիսանալ` գյուղմթերքն անգամ անվճար հանձնելով գործարանին, որի շահույթներից էլ հետագայում նրանք իրենց մասնաբաժինը կարող են ստանալ: Մեր առաջարկած օրենքի նախագիծն արդեն երկու տարի գտնվում է ԱԺ-ում եւ, իմ խորին համոզմամբ, այս ԱԺ-ն էլ չի ընդունելու այն, որովհետեւ օրենքը կազդեր հենց իրենց բիզնեսի վրա: Մթերող գործարանների սեփականատերերը հիմնականում պատգամավորներ են, եւ նրանք թույլ չեն տա իրենց գերշահույթը նվազի: Պատկերացնո՞ւմ եք` արարատցիները լիցենզավորեին եւ գին սահմանեին «Արարատի պահածոների գործարանի» համար: Օրենքի նախագծում ամրագրել էինք, որ գյուղացիները գյուղում պետք է ունենան իրենց կառույցները, որը կհամարվեր Կառավարության գործընկերը եւ հենց այդ կառույցում հաշվառվելու միջոցով էլ կդառնային հարկատու եւ կստանային իրենց հասանելիք սուբսիդիաները: Բացի այս էլ` հենց այս կառույցներն էլ պետք է կայացնեն ապահովագրության համակարգը: Հիմա ո՞ր գյուղացին է պետբյուջեից սուբսիդիա ստանում, գյուղապետն է առանց գյուղացուն հարցնելու իրականացնում Կառավարության հետ ծրագրերը: Այս տարի 20մլն դոլար տարբեր աղբյուրներից սուբսիդիայից գյուղացին փող տեսե՞լ է: Գյուղացին այսօր հայտնվել է Ռոբին Հուդի վիճակում` օրենքից դուրս. բոլորն օրենք ունեն, բացի իրենից:
– Գյուղում երկրորդ կառույցի ստեղծումը չի՞ իմաստազրկի գյուղապետի ինստիտուտը:
– Այդպես էլ կա: Գյուղապետը չի կարող որոշել, թե պետբյուջեի փողերով գյուղացու հողում ինչպես պայքարի կրծողների դեմ: Այս օրենքը չեն ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ գյուղապետերը «մեծ գործ» են անում ընտրությունների ժամանակ` կատարելով քաղաքական պատվեր: Գյուղապետի ինստիտուտը քաղաքականացրել են, եւ նա դարձել է ձայներ հավաքող: Եթե գյուղացուն թույլ տան միավորում ստեղծել, ապա գյուղապետն անգործ կմնա` պետբյուջեի դոտացիաները տնօրինելու առումով, եւ բավականին անհետաքրքիր պաշտոն կդառնա:
– Քիչ ժամանակ է մնացել գյուղատնտեսության ոլորտը հարկային դաշտ բերելու համար: Ինչպե՞ս է պետությունը հաշվարկելու, թե որքա՞ն է տվյալ գյուղացու հասույթը, եթե չկա հաշվառման մեխանիզմ:
– Կարծում եմ` երկրի ղեկավար մարմինները տեղյակ են իրավիճակին, եւ նրանց էլ պետք է անհանգստացնի գյուղատնտեսության շրջանառության վերաբերյալ մեր ունեցած կեղծ տվյալների հրապարակումը: Կամ պետք է գնալ ռեֆորմների գյուղացուն հնարավորություն տալով ստեղծել իր կառույցը եւ պետության հետ աշխատել այդ կառույցի միջոցով, որտեղ տեղ չի լինելու ստվերի համար, կամ էլ՝ շարունակել այսօրվա որդեգրած ոճը: Նույն՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ներառված են այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն գյուղի հետ, սակայն խոսում են գյուղացու անունից: Անգամ նախկինում գյուղնախարար եղած պաշտոնյան եւ ներկայումս Գյուղնախարարության պետական պաշտոնյան է ներառված այդ ծրագրի խորհրդի կազմում:
– Ինչպե՞ս է, որ միջազգային կազմակերպությունները, ֆինանսավորելով հանդերձ, որոշակի նախապայմաններով չեն աշխատում ՀՀ Կառավարության հետ` կոնկրետ այս ոլորտի օրենսդրական դաշտի հետ կապված:
– ՄԱԿ-ի հովանու տակ աշխատող միջազգային մի կազմակերպություն ծրագիր էր իրականացնում` սերմեր էին ներկրում: Այդ սերմերը չէին ծլում: «Պարենի ուսուցում» ծրագիր էին անում եւ գյուղացիներին ձեթ բաժանում: Նրանց ձեռնտու չէ, որ տեղական գյուղմթերքը դրսի շուկա մտնի: Մեր միավորումը կարողացել է նախորդ տարի մոտ 50.000 տոննա կարտոֆիլ արտահանել Վրաստան, այնտեղից էլ` Ադրբեջանի շուկա: Այս տարի արտահանելու ենք մոտ 100.000 տոննա: Ի՞նչ է կատարվում լոլիկի հետ: Դրսի պատվերով` գրանտներով, հայտարարում են, որ լոլիկի սերմերը տրանսգեն են: Սա նշանակում է՝ սպանել Հայաստանից լոլիկի մածուկի արտահանումը: Մինչդեռ իրողությունն այն է, որ մթերողների պատվերով բերվում են լոլիկի տեխնիկական սորտերի սերմեր, որոնց մեջ ավելի մեծ է չոր նյութերի քանակը եւ ավելի արդյունավետ է տոմատի մածուկի արտադրության համար: Այլ բան է, որ տեխնիկական սորտերը չունեն այն համը, ինչն ունեն սեղանի համար նախատեսվածները: Մենք արտահանման մեծ պոտենցիալ ունենք, պետք չէ գյուղացուն դուրս մղել բոլոր շուկաներից: Գյուղմթերքի իրացման ներկայիս իրավիճակը միայն որոշակի խավի նպատակներին է ծառայում: