Արդեն մեկ ամիս է, «Գոշ գազ» ընկերության լցակայաններում գազ չկա: Իսկ այն լցակայաններում, որտեղ կա՝ 70-80 տոկոսով թանկ է վաճառվում:
Մեկ ամիս առաջ լցակայաններում 1 կգ հեղուկ գազն արժեր 330-350 դրամ, իսկ այժմ վաճառվում է հիմնականում 500-600 դրամով: Անցած տարիներին էլ միշտ այդպես է եղել. երբ «Գոշ գազում» գազ չի եղել, մյուս լիցքավորող ընկերություններն առիթից օգտվելով՝ միշտ բարձրացրել են իրենց գազի գինը: Դա տեւել է այնքան ժամանակ, մինչեւ «Գոշ գազի» լցակայանները նորից գազ են ունեցել: Նման երեւույթներ եղել են պարբերաբար եւ յուրաքանչյուր տարի 4-5 անգամ, սակայն տեւել են ոչ թե մեկ ամիս, այլ ընդամենը մի քանի օր: Իսկ այսօր, օրինակ, Կոմիտասի պողոտայում, «Լամբադա» կամրջի հարեւանությամբ կանգնած գազալցնող մեքենայից հնարավոր է գազ գնել 1 կգ-ը 600 դրամով, Զեյթունի շուկայի հարեւանությամբ կանգնած մեքենայից՝ 500 դրամով: Գազը 500-600 դրամով են վաճառում նաեւ շրջիկ մեքենաները, որոնք բնակչությանը սպասարկում են հեռախոսականչով եւ բալոնները լիցքավորում են տեղում: Տնտեսական մրցակցության պաշտպանության նախագահ Աշոտ Շահնազարյանից փորձեցինք տեղեկանալ, թե նման իրավիճակում մյուս ընկերությունների կողմից հեղուկ գազի գնի բարձրացումն արդյո՞ք հակամրցակցային երեւույթ չէ: Չէ՞ որ մյուս ընկերություններն առիթից օգտվելով` կտրուկ թանկացնում են իրենց գազի գինը: «Հեղուկ գազն ինձ համար էական նշանակություն չունի, որովհետեւ մեր ազգաբնակչության շատ չնչին տոկոսն է արդեն օգտվում այդ գազից,- ասաց պարոն Շահնազարյանը:- Վերջին տարիներին գազիֆիկացման աճի տեմպերն ավելանում են եւ դրա հետ զուգահեռ՝ կրճատվում է հեղուկ գազի պահանջարկը: Բացի այդ, ձեռքերի մատների վրա կարելի է հաշվել, թե քանի մեքենա է հեղուկ գազով լիցքավորվում: Լիցքավորումները հիմնականում սեղմած գազի հաշվին են: Բայց հետո մենք հարցում արեցինք, մեզ ասացին, որ արդեն կա, գալիս է: 1-2 օրվա ուշացումներ են, կլինեն»: Ա. Շահնազարյանի ասածի հետ միանշանակ չի կարելի համաձայնել, որովհետեւ այն բնակիչները, ովքեր չունեն բնական գազ, օգտագործում են հեղուկ գազ: «ՀայՌուսգազարդի» տվյալներով՝ Հայաստանի մոտ 700.000 տնտեսություններից 490.000-ն է գազիֆիկացված: Այսինքն՝ 210.000 տնտեսություն կամ ընդհանուրի 25-30 տոկոսը դեռ բնական գազ չունի եւ հեղուկ գազ է սպառում: Ստացվում է, որ հեղուկ գազ վաճառողներն օգտվում են առիթից եւ ավելացնում իրենց շահույթն այդ 210.000 ընտանիքների հաշվին: Իսկ պարոն Շահնազարյանն ասում է, թե՝ «դա ինձ համար էական նշանակություն չունի»: Երեկ «Գոշ գազ» ընկերությունից հայտնեցին, որ գազ դեռ չունեն: «Զանգահարեք 3-4 օրից»,- պատասխանեցին: Ընկերությունից այսպես են պատասխանում վերջին մեկ ամսվա ընթացքում: Վերջերս ՀՀ Մաքսային պետական կոմիտեն հայտարարել է, որ հոկտեմբեր ամսին ներկրվել է այնքան հեղուկ գազ, որքան ներկրվել էր անցած յուրաքանչյուր ամսվա ընթացքում: Մյուս կողմից էլ, ինչպես պարոն Շահնազարյանն է ասում, գազիֆիկացման հետ զուգահեռ՝ հեղուկ գազի պահանջարկը նվազում է: Եվ կարծես թե դեֆիցիտի խնդիր չպետք է լինի, որովհետեւ ընդհանուր առմամբ միջին պահանջարկը բավարարվել է: Այսինքն` ինչ-որ հակասական իրավիճակ է ստեղծվել: Եվ նման իրավիճակում մնում է միայն մտածել, որ ստեղծվել է արհեստական դեֆիցիտ, որը առաջացել է ոչ թե գազ չլինելու, այլ հեղուկ գազի ներկրման ու վաճառքի ոլորտում ծավալների վերաբաշխման պատճառով: Ինչպես հայտնի է, «Գոշ գազը» պատկանում էր Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) Օպերատիվ հետախուզության վարչության նախկին պետ Շահեն Հովասափյանին, ով անցած տարի սեպտեմբերին սպանվեց իր բնակարանի մոտ: Նրա բիզնեսը հիմա ղեկավարում է եղբայրը: Մեր տեղեկություններով, Շ.Հովասափյանի սպանությունից հետո պետական մարմիններն այնքան էլ բարեհամբույր չեն նրա ընտանիքի բիզնեսի նկատմամբ: Իր կենդանության օրոք Հարկայինի բարձրաստիճան պաշտոնյան կարողացել է որոշ ոլորտներում բիզնեսներ ունենալ: Բարձրաստիճան պաշտոնյա լինելով՝ պարզ է, որ նա խնդիրներ չի ունեցել ո՛չ Հարկային, ո՛չ էլ Մաքսային մարմինների հետ: Հիմա հայտնի պատճառներով՝ Շ. Հովասափյանի եղբայրը չի կարողանում ընտանիքի բիզնեսը կառավարել նույն հաջողությամբ: Մեր տեղեկություններով, նույնիսկ Հարկայինն է «գրոհել» նրանց բիզնեսի վրա: Դա երեւում է նաեւ հարկային մուտքերից: Եթե 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Գոշ գազը» վճարել է 111,5 մլն դրամ հարկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 122,5 մլն դրամ: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ միայն այս տարվա ընթացքում «Գոշ գազը» գազ չի ունեցել մոտ 2 ամիս: Նախորդ տարիներին այդ ընկերությունում նման իրավիճակ չի եղել: Սակայն նման դժվար պայմաններում անգամ «Գոշ գազն» ավելացրել է իր հարկային մուտքերը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ Շ.Հովասափյանի սպանությունից հետո ընկերությունը կորցրել է իր արտոնյալ վիճակը եւ կրճատել է իր ստվերային շրջանառությունը: Սեպտեմբերին լրացել է Շ.Հովասափյանի սպանության մեկ տարին, եւ հոկտեմբերին արդեն ընկերությունն ունեցավ ճգնաժամ: Իսկ հեղուկ գազի շուկայի ներկայիս դեֆիցիտն արդեն վկայում է, որ տեղի է ունենում ոլորտում գործող սուբյեկտների վերաբաշխում: Եվ չի բացառվում, որ առաջիկա տարիներին «Գոշ գազն» ընդհանրապես դուրս մղվի շուկայից, կամ էլ, ինչպես սովորաբար տեղի է ունենում մեր իրականության մեջ, Հովասափյանների ընկերությանը տիրանա մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Չի բացառվում նաեւ, որ հեղուկ գազի գների բարձրացումը շարունակական բնույթ ստանա: Չնայած, ինչպես նշեցինք, պարոն Շահնազարյանի համար «հեղուկ գազն էական նշանակություն չունի»: