Աշնան այս մի քանի շաբաթների ընթացքում ձեւավորված մի շարք լուրջ վեկտորներ Երեւանից եկող քաղաքական մտորումները չափազանց կարեւոր են դարձնում. 1. Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից դրական որոշումը, 2. վերջին ժամանակներս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները` սկսած Հրանտ Դինքի սպանությունից մինչեւ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից հայերի ցեղասպանության մասին ընդունված որոշման դեմ Թուրքիայի կառավարության ագրեսիվ արձագանքը, ինչպես նաեւ՝ Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելու, այլ կերպ ասած` Իրաքն օկուպացնելու որոշումը,
3. հենց ԱՄՆ-ում ընդդիմության խիստ քննադատությունը` ուղղված Իրաքյան պատերազմի ոչ արդյունավետության դեմ, 4. նավթի գների բարձրացումը եւ Մերձավորարեւելյան տարածաշրջանում անկայուն իրադրությունը, 5. արաբա-իսրայելական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների դիրքորոշումը եւ նրանց վճռականությունը` ստեղծելու Պաղեստինի պետություն եւ ստանալու Իսրայելի անվտանգության լիակատար երաշխիքներ, Իրանի եւ ԱՄՆ-ի կոշտ հակամարտությունը բազմաթիվ հարցերում, նաեւ՝ Իսրայելի նկատմամբ Իրանի թշնամական վերաբերմունքը:
Սրան ավելացնենք նաեւ Հայաստանի դինամիկ զարգացող տնտեսությունը, հայկական սփյուռքի իրական վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, ինչն արտահայտվում է անշարժ գույքի աճող գներով, Հայաստանի կողմից արտաքին քաղաքականության դասերի յուրացումը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այս վեկտորներից յուրաքանչյուրն ունի որոշակի դրական, որոշ դեպքերում՝ նաեւ բարեկամական երաշխիքներ, ինչն, անշուշտ, կարող է օգտակար լինել նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար: Կարեւոր է նաեւ ժողովրդի ռազմավարական ընկալումը Հայաստանի ապագայի հարցում եւ քաղաքական աջակցությունը, ավելին` սփյուռքի եւ հայրենիքի միջեւ ֆունկցիաների բաժանումը, ինչն առաջին անգամ տեղի է ունենում ցեղասպանության հարցում ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լոբբինգի հետ կապված: Ազգն առաջին անգամ ոչ թե խոսքով, այլ գործով միավորվում է քաղաքական վեկտորի միասնական համակարգի մեջ, որտեղ մտնում են այնպիսի կարեւոր բաղադրիչներ, ինչպես տնտեսությունն ու ֆինանսները, շահերի լոբբինգը ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, ամբողջ աշխարհում…: Ավելացնենք հարեւան երկրներում ճգնաժամային իրավիճակը եւ Իրանի նախագահի Հայաստան կատարած այցը:
Այս ամենի միայն թվարկումն արդեն պետք է վերլուծաբաններին լուրջ առիթ տա մտածելու Հայաստանի դերի մեծացման մասին, որը կարող է տարբեր երկրների հետ փոխհարաբերություններում նոր մակարդակի վրա բարձրանալ:
Այս ֆոնի վրա տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ: Այն լուսաբանվում էր հիմնականում ժլատ կադրերով ու մեկնաբանություններով, ինչը լուրջ մտորումների առիթ չէր տալիս: Այդուհանդերձ, պետք է ասել, որ վարչապետը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի գրեթե այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչ որ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանի այցի հաջողության մասին է խոսում այն փաստը, որ նրան ընդունեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին (չմոռանանք վերջինիս միանշանակ կարծիքը Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ): Սերժ Սարգսյանի հարցերի շրջանակն ԱՄՆ-ում շատ լայն էր, եւ միաժամանակ՝ չափազանց կոնկրետ, հատկապես իմ կողմից վերը նշված իրադարձությունների լույսի ներքո: Ցեղասպանությունն, ինչպես քայքայում, այնպես էլ շարունակում է քայքայել մեր ազգային եւ անձնական գիտակցությունը: Սակայն այժմ այն պետք է աշխատի համախմբելու եւ մեզ բարդույթներից ու կարծրատիպերից ազատելու ուղղությամբ: Հայ համայնքը, որը համայն աշխարհում ներկայացնում եւ պաշտպանում է հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, վարչապետի հետ աշխույժ քննարկեց Հայաստանի զարգացման խնդիրները, նրա անվտանգության եւ իշխանության բոլոր օղակների, հատկապես՝ հարկային, մաքսային եւ դատական մարմինների արդյունավետության ու թափանցիկության հարցերը: Սա արվում է այն բանի համար, որ հայկական կապիտալը կարողանա լրջորեն ներդրվել Հայաստանում: Բայց այս մասին խոսում էին նաեւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, եւ այդ պայմանավորվածությունները դարձան այն անհրաժեշտ պայմանը, որ կարող է բացել դեպի նախագահական իշխանություն ճանապարհը: Եթե վերը ասվածը դառնա իշխանությունը կոռուպցիայից, շորթումից, ցինիզմից ու կեղծիքից մաքրելու իրական մաս, ապա երկիրն առանց ցնցումների դուրս կգա բազմաթիվ երկրների ու կազմակերպությունների հետ հարաբերությունների բարձր մակարդակի վրա եւ ոչ թե թղթի վրա, այլ իրականում կդառնա տարածաշրջանում ազգամիջյան խաղի կարեւոր սուբյեկտ: Հենց այստեղ պետք կգան ազգի հիմնական ռեսուրսները, քանզի Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակիություն մտցնելը խիստ արդիական է դառնում: Շաբաթն ուրբաթից շուտ կարող է գալ: Դինքի սպանությունը ցույց տվեց, որ Թուրքիայի ինտելեկտուալ շրջանակներում հայկական գործոնը բարձր վարկանիշ ունի: Թուրքիայում հայ համայնքի կարծիքը հաշվի են առնում եւ հարգում նախ եւ առաջ թուրք հասարակության ինտելեկտուալ շրջանակները: Դինքի հուղարկավորությունը միավորեց հայերին եւ թուրքերին (հասկանալի է` թուրքերի լավագույն կեսին): Ի դեպ, նկատենք, թե ինչքան քիչ մարդ էր դուրս եկել Անկարայի, ինչպես նաեւ՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքի` Ստամբուլի փողոցները` բողոքելու ԱՄՆ Կոնգրեսի ընդունած որոշման դեմ: Սա իրականություն է, ոչ թե լրագրողություն, որ հնարավոր լինի միտքը ներկայացնել համատեքստից դուրս, կամ էլ, որ ավելի վատ է, ձեւափոխել ու հարմարացնել այս կամ այն դիրքորոշմանը:
Այս չափազանց բարդ եւ միաժամանակ երկրի համար կարեւոր պայմաններում պետք է տեղի ունենան Հայաստանում նախագահական ընտրությունները: Իշխանության մեխանիզմը, նրա նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը, արտաքին գործոնները, տնտեսությունը խաչաձեւվում են այս կետում, երբ առավել, քան երբեւէ արդիական է դառնում իշխանության մաքրման հարցը: Հայաստանի նման երկրները հարաբերությունների մի համակարգից մի այլ համակարգի են փոխակերպվում 15-22 տարվա ընթացքում: Կարծում եմ` Հայաստանի վարչապետին ԱՄՆ-ում տրված խորհուրդները, Ռուսաստանի` մեր երկրի ճակատագրում ամենակարեւոր խաղացողներից մեկի հետ հարաբերությունների թափանցիկ դառնալու գործընթացները, նաեւ Եվրամիության հետ համագործակցությունը երկրին հնարավորություն են տալիս ներպետական կյանքում դուրս գալ նոր, ավելի արդար հարաբերությունների մակարդակ: Ինձ թվում է` ով էլ որ իշխանության գա Հայաստանում, միեւնույն է, Հայաստանը մտնում է մաքրման, իշխանության բոլոր ինստիտուտների կարգավորման, շարքային քաղաքացու կյանքի բարելավման կայուն գործընթացների գիտակցման փուլ: Ես բացարձակապես համոզված եմ, որ առաջիկա տարում նոր նախագահը պետք է ի լուր ամենքի հայտարարի, թե ի՞նչ ուղիով, քաղաքացիների բարեկեցության ի՞նչ իրական ցուցանիշներով է զարգանալու Հայաստանը, եւ ինչպիսի՞ երկիր է նա հանձնելու հաջորդ նախագահին: Սրանք կարեւոր հարցեր են, որ առաջ էլ գոյություն ունեին, սակայն այժմ եկել է պատասխան տալու ժամանակը, քանզի եկել է մաքրվելու ժամանակը: Ես ռոմանտիկ չեմ, ես իրատես եմ, այն էլ՝ խիստ իրատես: Երկրում մեծացել է մի ողջ սերունդ, որը դաստիարակվել է եվրոպական, արեւմտյան արժեքներով, անգամ այն գյուղացիները, որոնք մայրաքաղաքում հայտնվել են վերջին 15-18 տարիների ընթացքում: Այս ամենը նպաստում է այլ իրականության: Շատերը հասկացել են, որ բարեկեցիկ կյանքի հասնելու ամենապարզ ուղին ոչ թե գողությունն է, այլ օրենքները սեփական բիզնեսում ճիշտ կիրառելը, առավել եւս, որ նոր նախագահը, անկախ այս կամ այն խմբավորմանը, կուսակցությանը պատկանելուն, պետք է շարժվի երկրի եւ մարդու համար նպաստավոր այս ուղղությամբ: Ես պարզապես գիտեմ, որ առանց դրա անհնարին է երկրում բարեկեցության կայուն աճ սպասելը: Երկրում բարեկեցությունն ու արդարությունը հավասարազոր են հզոր բանակին, իսկ մեր դեպքում՝ նաեւ հնարավորություն են, որ մենք կկարողանանք մեր երկիրը կառուցել որպես յուրաքանչյուր մարդու համար ուժեղ եւ հարմար պետություն:
Ես կողմնակիցն եմ Դանիայի, Նորվեգիայի, Շվեցարիայի կամ Ֆինլանդիայի նման պետությունների (վերջինն առանձնապես աղքատ է բնական ռեսուրսներով, այնտեղ՝ գրանիտից բացի, ոչինչ չկա, սակայն համաշխարհային տնտեսության մեջ ինչպիսի գերակայություն, ինչ բարձր կենսամակարդակ ունի), որոնք սոցիալապես պաշտպանում են յուրաքանչյուրին: Մենք` հայերս, որ ցեղասպանություն ենք ապրել, չենք կարող ապրել սոցիալական անհավասարության պայմաններում, եւ սա առաջին հերթին պետք է գիտակցեն հարուստները, քանզի հենց հարուստներին էին ցեղասպանության ժամանակ սպանում առաջինը, քանի որ նրանցից խլելու բան կար:
Ընդդիմության հարձակումները (խոսքը հանրահավաքի եւ ապագա հանրահավաքների մասին է) կարեւոր ուղենիշ դարձան հոգեբանական լռության պայմաններում, եւ առաջին նախագահի ելույթը տեղին էր, ինչպես երբեք, որպեսզի ասվեր, թե ինչպես չի կարելի գործել նոր պայմաններում: Այսօր բոլորովին այլ ժամանակներ են: Ու թեեւ ինձ, ինչպես եւ ողջ հանրության համար կարեւոր է ճշմարտությունն իմանալ «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի մասին, սակայն ես չէի պնդի, թե դա պետք է ընդգրկել նախընտրական արշավի կարեւորագույն հարցերի մեջ:
Ժամանակը ցույց կտա կողմերից յուրաքանչյուրի ճիշտն ու սուտը: Չկան իդեալական ղեկավարներ եւ բացարձակ սրիկաներ: Մտավորականությունը պետք է ստեղծի քաղաքական դաշտ, որտեղ կաճեցնի ոչ միայն քաղաքական խորը միտք, այլեւ երիտասարդ քաղաքական գործիչների մի ողջ սերունդ: Դա նրա առաքելությունն է: Ոչ մեկին չի հաջողվել թաքցնել իր խաղը, իր կեղծավորությունը, իր տկարամտությունը: Ով որ իրոք կծառայի երկրին ու ժողովրդին, նա էլ կմնա պատմության մեջ: Եվ ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստելը մեծ սխալ է: