Ընտրակեղծիքներ՝ լուսանկարող հեռախոսով

12/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստերի դահլիճում ԿԸՀ անդամ, Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասուլիս էր հրավիրել` տեղեկացնելու, որ «ԿԸՀ-ն նախագահ Գարեգին Ազարյանի թեթեւ ձեռքով մատնվել է անգործության»: «ԿԸՀ-ն կոլեգիալ մարմին է եւ պետք է քննարկի ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը: Սակայն արդեն 20 ամիս է, այս ԿԸՀ-ն գործում է եւ այս 20 ամսում ԿԸՀ-ն ունեցել է 18 նիստ, որից 15-ը` արտահերթ»:

Ֆ. Խաչատրյանի խոսքերով՝ բավականին մեծ «անճշտություններ» կան ընտրողների թվի հետ կապված: Նա, վկայակոչելով 2001-ի հոկտեմբերի մարդահամարի պաշտոնական տվյալներն, ասաց, որ ՀՀ-ում կա ընտրական տարիք ունեցող 2 մլն 238.532 մարդ: Սակայն 2002-ի օգոստոսին ԿԸՀ որոշմամբ ՀՀ-ն բաժանված է 56 ընտրատարածքների, որոնցում ընտրական իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 մլն 159.665 է: «Փաստորեն 78.800 քաղաքացիներ անհետացան, բայց երկրաշարժեր, ջրհեղեղներ կամ այլ տարերային աղետներ չեն եղել»,- ասում է պարոն Խաչատրյանը: Պարզվում է` այնուհետեւ ընտրողների թիվը սկսել է բուռն կերպով աճել: Այսպես, 2003-ի մարտին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, համաձայն ԿԸՀ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում կար արդեն 2 մլն 331.507 ընտրող, իսկ արդեն նույն թվականի մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 340.744 էր: «Այսպիսով, 181.000 մարդ, իսկ դա մեր բնակչության 8%-ն է կազմում, «լողում են»: Այսօր պետք է ավելացնել, ավելացնում են, վաղը պետք կլինի` կհանեն»,- կարծում է Ֆ. Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով` «2003-ի ընտրություններից հետո կառավարությունը 11 մլն դրամ տվեց` ընտրացուցակները ճշգրտելու համար: Դա շատ չէ, բայց քիչ էլ չէ: Պետք է կազմվեր ցուցակները ճշտելու կարգ, հրապարակվեր, նշանակվեին պատասխանատուներ, մշակվեին համապատասխան մեխանիզմներ, եւ 5-6 ամիս կամ 1 տարի հետո կունենայինք ճշտված ցուցակներ: Սակայն այդ 11 մլն դրամը փոշիացվել է, ցուցակներն ավելի են վատացել: Թարմ օրինակ` 13.700 ընտրող ունեցող Իջեւանում 35 օրում ցուցակներում 1400 ճշտում է կատարվել»: Պարզվում է նաեւ, որ եթե հավատանք ընտրացուցակների տվյալներին, ապա Արտաշատի բնակչության 30%-ը ծնվել է հունվարի մեկին: Այս կերպ, ըստ պարոն Խաչատրյանի, փորձ է արվում կոդավորման միջոցով «ստեղծել կեղծիքների մոտ 30% պաշար»: «ՀՀ-ում փորձարկվում եւ նախապատրաստվում է ընտրակեղծիքների մի քանի տարբերակ»,- վստահ է ԿԸՀ անդամը: Ընտրակեղծիքների թարմ ձեւ է ի հայտ եկել կիրակի օրը կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ: Դա ըստ պարոն Խաչատրյանի՝ հետեւյալն է. «Ընտրակաշառք վերցրած անձանց քվեախուց մտնելուց առաջ տալիս են նկարող ձեռքի հեռախոս: Ընտրողը մտնում է, քվեարկում, նկարում, դուրս գալիս հեռախոսը տալիս իրենց»: