«Իսկ ինչո՞ւ է Ռուբեն Սահակյանը 1 տարի ուշացումով հիշում իմ իրավական կարգավիճակի մասին: Մի տարի քնա՞ծ էր, նո՞ր է զարթնել: Կռի՞վ է ուզում տա, թող բացահայտ քայլեր անի: Ես օրենքները գիտեմ շատ ավելի լավ»,- երեկ ասաց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների շահերի պաշտպան փաստաբան Աշոտ Սարգսյանն` ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի երեկվա այն հայտարարության, թե «Աշոտ Սարգսյանը թող գնա, սովորի «Փաստաբանության մասին» օրենքը եւ այլ օրենքներ: Մարդ պետք է հարգանք ունենա իր մասնագիտության հանդեպ, ոչ թե մերկապարանոց հայտարարություն անի»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ա. Սարգսյանը Ռ. Սահակյանից իրավական կարգավիճակի մասին տեղեկություն ներկայացնելու մասին գրություն է ստացել: Ըստ Ա. Սարգսյանի այս ամենը նախապես միտումնավոր պայմանավորված է եղել դատարանի հետ: «Նրանք ուզում են ինձ նման բաներով զբաղեցնել, որ ես շեղվեմ «Ռոյալ Արմենիայի» գործից: Բայց դա նրանց չի հաջողվի: Ռ. Սահակյանին խորհուրդ եմ տալիս՝ թող մատը չկոխի բզեզի բույնը, թե չէ` սաղ գործերս կթողեմ ու կզբաղվեմ իր ու իրեն հովանավորողների գործերով»: Ըստ Ա. Սարգսյանի` ինքն ավելի քան կես տարի առաջ է «Աշոտ Սարգսյան» անունով ՍՊԸ հիմնել եւ մտել հարկային դաշտ: Իսկ արդեն երկու տարի է՝ «Ռոյալ Արմենիայի» գործից բացի, այլ գործ չի վերցրել: Ֆինանսական մուտքեր էլ չունի, որովհետեւ այդ ընկերության ղեկավարների հետ ընկեր է եւ նրանցից գումար չի վերցնում: