Ենթակա՞ն է

12/11/2007

«Չնայած իր տնտեսական հզորություններին ու ռազմական կարողություններին` Եվրամիությունը սկսել է իրեն այնպես պահել, ասես օրըստօրե ավելի ու ավելի կոշտ քաղաքականություն որդեգրող Ռուսաստանի ենթական է»,- ասված է ԵՄ անդամ 27 երկրների փորձագետների եվրոպական ընտանիքի ու Ռուսաստանի հարաբերություններին նվիրված զեկույցում: Վերլուծաբանների համոզմամբ, բավական մտահոգիչ այս իրավիճակը ստեղծվել է Եվրամիության անդամ երկրների շարքում ի հայտ եկած տարաձայնությունների եւ սեփական ուժերի հանդեպ անվստահության պատճառով: «Եվրոպական ընտանիքի անդամները չեն կարողանում փոխհամաձայնության գալ եւ պաշտոնական Մոսկվայի հանդեպ մեկ միասնական քաղաքականություն որդեգրել, ինչը հնարավորություն է տալիս ՌԴ-ին՝ ընդարձակել ԵՄ-ի նկատմամբ իր ունեցած լծակները` խաղարկելով մեկ՝ Կոսովոյի հարցը, մեկ՝ էներգետիկ պայմանագրերը»,- ասել է փորձագիտական խմբի ղեկավար, Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Յոշկա Ֆիշերը: Ըստ «Ազատության»` պաշտոնական Մոսկվայի հանդեպ եվրոպական երկրների` այս պահին խիստ տարբեր դիրքորոշումները փորձագետները բաժանում են 5 խմբի: Առաջին խմբում Հունաստանն ու Կիպրոսն են, որոնք բնորոշվում են որպես «տրոյական ձիեր» եւ աչքի են ընկնում Ռուսաստանի շահերին համընկնող որոշումներով: Երկրորդ խմբում են ռազմավարական գործընկերներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, որոնք սեփական շահը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում ՌԴ-ի հետ կնքած պայմանագրերը գերադասում են ԵՄ ընդհանուր քաղաքականությունից: Հաջորդ խմբում ընդգրկված 10 երկրները, այդ թվում` Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, բնորոշվում են որպես լավատեսներ, որոնց հարաբերությունները Ռուսաստանի հետ թեեւ աչքի չեն ընկնում ընդգծված ջերմությամբ, այդուամենայնիվ, բավական ամուր են: Ի տարբերություն այս երկրների, ԵՄ անդամ 9 երկրներ, այդ թվում՝ Չեխիան, Էստոնիան, Lատվիան ու Մեծ Բրիտանիան, բնորոշվում են որպես «սառը լավատեսներ», որոնք առաջին տեղում դասելով իրենց երկրների տնտեսական շահը` այդուամենայնիվ, շարունակում են քննադատել ՌԴ-ին մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոտնահարման համար: Եվ, վերջապես, հինգերորդ խմբում ընդգրկված են Lեհաստանն ու Lիտվան, որոնք փորձում են վետո կիրառել ԵՄ-ի եւ ՌԴ-ի բանակցություններում եւ բնորոշվում են՝ որպես «սառը պատերազմի» շարունակողներ: «Այս տարաձայնությունները թույլ են տալիս պաշտոնական Մոսկվային գերազանցել Եվրամիությանը, սակայն Ռուսաստանի հզորությունը խաբուսիկ է, – ասված է զեկույցում,- Եվրամիության միասնական տնտեսությունը 15 անգամ ավելին է, քան Ռուսաստանինը, ռազմական բյուջեն` 7 անգամ, բնակչությունը` 3 անգամ»: «Եթե եվրոպական երկրները միավորվեն` կզգան իրենց կարողությունների հզորությունը»,- ամփոփել են եվրոպացի փորձագետները: