«Հիվանդի վրա չեն ծիծաղում»

12/05/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Բա էս քաղաքի նման է՞, իսկը գավառ է, էն էլ՝ խուլ: Բա որ գավառ չլիներ, էս օրը կլինե՞ր»,- ասում էին իջեւանցիները: Իջեւանի գորգի, մանրահատակի, ածուխի գործարանները Խորհրդային Միության փլուզումից հետո չեն աշխատում: Բնակիչների ասելով, վերջին տարիներին մանրահատակի գործարանը սեփականաշնորհվել է ու բաժանվել է երեք սեփականատերերի: Դրանցից միայն մի սեփականատերն է իր մասնաբաժինն աշխատեցնում, բայց այն շատ փոքր է եւ հազիվ 50-60 աշխատող է կարողանում պահել: «Կարգին տղա է, իր համար գլուխը կախ աշխատում է, մի հատ փոքր ցեխ է իրենը, դա է կարողանում անել, եթե մեծ լիներ, հաստատ շատ գործ կաներ էս ժողովրդի համար»,- ասում էին Վետերանների շենքում նարդի, շախմատ խաղացող թոշակառուները:

Կիրակի օրը Իջեւանում քաղաքապետի ընտրություններ էին, ու «գլուխը կախ աշխատող տղան», պարզվեց, գործող քաղաքապետի մրցակից Գրիշա Սարգսյանն էր, որը ձայների չնչին հարաբերակցությամբ չընտրվեց: «Շատ կարգին տղա է, աշխատող, գործունյա: Ինքը հաստատ մեր համար գործ կանի»,- ասում էին իջեւանցիները: Իսկ գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից իջեւանցիները շատ դժգոհ էին. «Անգամ գետի կեղտերը չի մաքրում, էդ էլ հո՞ իր քթի տակ է: Իջեւանի համար այդ գետը դարձել է աղբանոց, ով ինչ ունի՝ այդտեղ է թափում: Հիմա ցուրտ է, բան չեք զգա, բայց հենց տաքերն ընկնեն, հոտից կմեռնեք: Իրա հեչ պե՞տքն ա»,- ասում էին ընտրության գնացող մի խումբ կանայք՝ բողոքելով քաղաքի ճանապարհների փոսերից: «Քաղաքի էս մասերն անցնելու համար միայն «Նիվա» մեքենա պիտի ունենաս, իսկ ով էլ չունի՝ ստիպված մեքենան կանգնեցնում, ոտքով է գնում, թե չէ մեքենայիդ հերը կանիծվի, բայց ո՞նց ոտքով գնաս-հասնես քաղաքի էն գլուխը»,- դժգոհում էին վարորդները:

Գործող քաղաքապետին ընտրություններում սատարում էր ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ ՀՀՇ-ն, «Օրինաց երկիրն» ու իրեն ընդդիմություն համարող ՄԱԿ կուսակցությունը, որի նախագահ Գուրգեն Արսենյանն, ի տարբերութուն ՀՀԿ-ի ու ՀՀՇ-ի, անձամբ էր ժամանել Իջեւան՝ հետեւելու ընտրությունների «ազնիվ ու թափանցիկ» ընթացքին: Իսկ Գ. Սարգսյանի թեկնածությունն Իջեւանում պաշտպանում էր ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը (որը գրեթե ամբողջ կազմով այդ օրն Իջեւանում էր), ՀՅԴ-ն ու «Ազգային Միաբանությունը»: Վերջիններս ընտրական հանձնաժողովում ընդամենը 2 տեղ ունեին՝ ՀՅԴ, «ԱՄ», մնացածը գտնվում էին Վ. Ներսիսյանի տրամադրության տակ: Ու չնայած այս անհամամասնությանը՝ «Ժողպատգամավորի» թեկնածուին հաջողվեց հավաքել 3914 ձայն, իսկ քաղաքական մեծամասնության աջակցություն վայելող Ներսիսյանին՝ 4260:

«Ես էլ եմ հեռուստատեսությամբ լսել, որ ՀՀԿ-ն ինձ է աջակցելու: Հիմա, ինձ թվում է, հանձնաժողովներում ՀՀԿ մարդիկ իրենց պահվածքով արդարությունը կպահեն, որեւէ խախտում, բան չի լինի: Մյուս առումներով չգիտեմ, ասենք, այդ աջակցությունը պիտի դրսեւորվի, չէ՞»,- ընտրությունների օրը տարակուսած ասաց Վ. Ներսիսյանը՝ հավելելով, թե իր համար մինչ օրս էլ պարզ չէ, թե ՀՀԿ-ն իր որ արժանիքների համար է որոշել իրեն պաշտպանել: «Նախապես չե՞ք քննարկել»՝ մեր հարցին ի պատասխան, նա ասաց. «Չէ: Իսկ թե հետո ով իրեն ինչպես կդրսեւորի, չեմ կարող ասել»:

Կիրակի օրը ոչ միայն Իջեւանի ընտրություններն էին, այլեւ Սուրբ Զատիկը, սակայն Իջեւանում ամբողջ օրը չպատահեցինք գոնե մեկ երեխայի, որը ներկած ձուն ձեռքին խաղալիս լիներ, ինչպես սովորաբար լինում է Զատկի օրը: «Այստեղ նման բաներ չկան, ի՞նչ Զատիկ, ի՞նչ ձու»,- ասում էին բնակիչները: Հին իջեւանաբնակներն էլ ասացին. «Իջեւանցիք անհավատ են, համարյա հեթանոս: Այստեղ ոչ մի եկեղեցական տոն չի նշվում, միայն Վարդավառն են անում մեծ շուքով, բայց դա էլ, գիտեք, հեթանոսական տոն է: Մի զարմացեք, էդ հո նորություն չի՞»,- ասաց ծերերից մեկը:

Վետերանների շենքը գտնվում է Իջեւանի կինոթատրոնի մոտ, որն արդեն երեք տարի է, սեփականաշնորհել է ինչ-որ «Ռուզան» ՍՊԸ, ու այնտեղ հիմա ավետարանչականներն են «նստում»: Կիրակի օրը այդ շենքում «նվերներ» էին բաժանում՝ գաթաներ, նաեւ՝ ներկած-խաշած ձու: Ավետարանչական եկեղեցու տնօրենի հավաստմամբ, իրենք ամեն տարի այդ օրը նվերներ են բաժանում, ու դա ամենեւին էլ կապված չէ ընտրությունների հետ: Այսինքն՝ ընտրակաշառք չէ. «Դուք պրովոկացիա եք անում»,- ասաց նա՝ մեր դիտարկմանն ի պատասխան, թե՝ մտավախություն չունի՞, որ այն կարող է համարվել այս կամ այն թեկնածուի կողմից տրվող ընտրակաշառք: Նախկին կինոթատրոնի դիմաց «Night club» կա, որն, ըստ իջեւանցիների, հանրապետականներինն է: Գիշերային ակումբի կողքի պատին փակցված է ՀՀԿ տարածքային բաժնի ցուցատախտակը, որտեղ այդ օրն ակտիվ աշխատանքներ էին տարվում: Նույն տարածքում նաեւ Իջեւանի ԵԿՄ ստորաբաժանումն էր։ Նրանք կարծես թե այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չեն միմյանց հետ: Երկրապահներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը՝ ասելով, թե գեներալ մարդ է ու մինչեւ իր վերադասի թույլտվությունը չստանա, չի կարող իր անունից, որպես երկրապահ, պատասխանել մեր հարցերին, որպես շարքային քաղաքացի՝ շատ դժգոհ էր Իջեւանի իշխանություններից: «Ուզում եմ արդար ընտրություններ լինեն եւ ուզում եմ, որ կարգին մարդ ընտրվի, ոչ թե մի հատ «բալտուն», որը մենակ խոսի ու զանգ կախի: Ուզում եմ՝ էս նոր տղեն ընտրվի (խոսքը Գ. Սարգսյանի մասին է:-Լ.Ս.), որ գոնե էս փոսերը սարքի: Գործող քաղաքապետի վատ աշխատանքը տեսնելով՝ ես իրեն չեմ պաշտպանում ու չեմ պաշտպանի: Նոր տղեն գործունյա տղա է, իր փոքր ցեխն աշխատացնում ու մարդկանց կարգին էլ պահում է: Բա չէ՛՝ էս քաղաքապետը: Պատկերացնո՞ւմ եք՝ վեր է կենում, ասում է՝ քաղաքը սարքում եմ տուրիստական «ցենտր»: Ամոթ է, հիվանդի վրա չեն ծիծաղում: Ձեռ է առնում: 15 տարի է, Իջեւանում մենք լագանի մեջ ենք լողանում, ո՞նց է տուրիստական «ցենտր» սարքում, որտե՞ղ է էդ մարդկանց լողացնելու, որտե՞ղ է պահելու: Արդեն 6 տարի է՝ քաղաքապետ է, ի՞նչ է արել, որ հիմա էլ գոռում է, թե տուրիստական «ցենտր» եմ սարքելու: Այսքան տարիների ընթացքում ոչ մի բան չի սարքել, որ ասես՝ հա, գոնե մի բան արել է: Չի կարելի, ամոթ է: Էս ձեւի երկիր, քաղաք չեն կառավարում, էսքան խաբել չի լինի: Մարդիկ սոված են, ոչ աշխատանք ունեն, ոչ էլ ապրելու միջոց: Արտասահմանից ուղարկած փողերով են մարդիկ ապրում: Ասում են՝ արտագաղթը կանգնել է, հիմա մարդիկ արդեն ներգաղթում են: Ամոթ է, գոնե էդքան սուտ չասեն: Մեր շենքից մարտ ամսին նորից 20 ընտանիք է արտագաղթել»: Շարքային քաղաքացի երկրապահի ասելով, Իջեւանի իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ «հարուստ մարդիկ» Իջեւանում ներդրումներ անեն. «Ով գալիս է, ասում են՝ քեզ հետ կես ենք, չեն թողնում գործ անեն: Նրանք էլ թողնում-գնում են: Խայտառակ իրավիճակ է»: Քաղաքապետ Վ. Ներսիսյանի ասելով, Իջեւանի երկրապահները «ոչ մի անգամ» իր «կողմը չեն եղել»: «Մարդիկ են, իրենց դիրքորոշումն ունեն»,- փորձեց հիմնավորել քաղաքապետը: Իսկ այն դժգոհությունների առնչությամբ, թե 6 տարիների ընթացքում նա չփորձեց որեւէ գործարան վերագործարկել, Վ. Ներսիսյանն ասաց. «Որեւէ քաղաքապետ, որ ասի, թե այդ գործարաններն ինքն աշխատացնելու է՝ ուրեմն աբսուրդ է ասում: Քաղաքապետը պիտի պայմաններ ստեղծի, որ գործարար խավը կարողանա աշխատել: Նկատի ունեմ փոքր ու միջին բիզնեսը»:

Իսկ Վետերանների միության շենքում հավաքված թոշակառուները բողոքում էին, թե իրենց մոտ անընդհատ լրագրողներ են գնում հեռուստաընկերություններից, նկարում են ու ցույց չեն տալիս: 78-ամյա Կոլյա Ղալումյանը, որը դժգոհություններ ուներ թե՛ ԱԺ-ից, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանից, թե՛ Ռոբերտ Քոչարյանից, իրեն խաբված էր զգում ոչ միայն իր ներդրած ավանդները, թոշակը չստանալու, այլեւ՝ «կամերայով» լրագրողների հարցում: «Գալիս են անընդհատ նկարում են, խոսեցնում են, բայց ցույց չեն տալիս: Նույնիսկ՝ ասեցի, որ Քոչարյանին եմ ընտրելու, ուրախացան, բայց էլի ցույց չտվեցին»,- ասում էր թոշակառու Կոլյա Ղալումյանը: Նա խնդրում էր պատգամավորներին հարցնել, թե ինչի՞ համար են իրենք աշխատավարձ ստանում, եթե գործի չեն գնում ու իրենց հարցերը չեն լուծում: «Ավանդների հարցը հենց դրեցին, էլի փախան, տենց ո՞նց կլինի: Խի՞ են փող ստանում, թող դրանց փողը չտան: Ինչի՞ են իմ փողը կտրել, մեր գործարանները փակել, էրեխեքս ո՞նց ապրեն»,- ասում էր նա: Իսկ 73-ամյա Գերասիմ Գյոզալյանն էլ դժգոհում էր Իջեւանի ծանր սոցիալական վիճակից. «Ասում եք՝ Զատիկ է, ի՞նչ անեմ, էս սոված ժողովրդի համար ուզում է Զատիկ լինի, ուզում է՝ ուրիշ բան, մեկ ա»:

Իջեւանը տուրիստական «ցենտր» դարձնելու քաղաքապետի որոշումը ծիծաղելի էր թվում բոլորին: Իջեւանում կա մեկ հյուրանոց, որը գտնվում է ավերված վիճակում: Առաջին հարկում մի քանի փախստականներ են ապրում, իսկ մնացած հարկերն ընդհանրապես չեն գործում: Առաջին հարկում մեկ-երկու սենյակ էլ մի քիչ «կարգի է բերված»՝ հանկարծ ու մեկն եկավ: Քաղաքի 6 մանկապարտեզներից երկուսն են մնացել, մնացածը սեփականաշնորհել են, ինչպես Կենցաղի տունը: «Երիտասարդները պարապ ման են գալիս ամբողջ օրը, ոչ գործ ունեն, ոչ էլ մեկ ուրիշ զբաղմունք: Ոչ կինոթատրոն կա, ոչ էլ մշակութային ուրիշ ակումբ, ի՞նչ անեն էս ջահելները»,- ասում էր 45-ամյա Վոլոդյան:

Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, սակայն, գտնում է, որ ինքը շատ գործ է արել քաղաքի համար, եւ հարցին, թե կարո՞ղ է դրանցից մի քանիսը մատնանշել, խուսափողական պատասխան տվեց. «Կբավարարի ժամանակը, չի բավարարի, կես ժամ կտեւի: …Ինչ արել եմ՝ տեսանելի է: Նո՜ւ՝ սպորտդպրոցի վերանորոգում, մոտ 50 մլն դրամի ծրագիր ենք իրականացրել: Մանկական զբոսայգի ենք կառուցել 70.000 դոլար արժողությամբ: Տուրիզմի բիզնեսի, երեխաների զարգացման կենտրոն»: Առավել ուշագրավ էին Իջեւանը տուրիզմի զարգացման կենտրոն դարձնելու մասին քաղաքապետի պատկերացումները. «Ախր, դա այնքան մեծ ծրագիր է. ընտանեկան բիզնեսի վրա ենք մենք աշխատում: Մոտ 150 տուն էքսպերտիզա ենք արել, ընտրել ենք 70-ը, որոնք սանհանգույց ունեն: Ասենք, մարդը գալիս է կենտրոն, կենտրոնում իրեն ցույց են տալիս՝ որ բնակարանն ինչ արժե, նախաճաշն ինչ արժե, որ մեքենաներն են սպասարկելու, որ մարշրուտով գնան»,- ասաց քաղաքապետը՝ հպարտանալով, որ անցած տարի այդ տներում կարողացել են տեղավորել 500 զբոսաշրջիկ:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքն ասֆալտապատելուն, ապա ՀՀԿ աջակցությունը վայելող քաղաքապետն ասաց. «Էնքա՜ն գումարներ են հատկացրել միջազգային կազմակերպություններով, ու ամեն անգամ մեր հարգարժան պատգամավորն ասֆալտ չի տրամադրել քաղաքին: «Ճանշինի» սեփականատերն էր ու ամեն անգամ արգելում էր: Գումարը ACBA բանկը տալիս էր, բայց ինքն ասֆալտ չէր տալիս: Հրազդանի գործարանին էլ էր ասել՝ չտաք: Փոսերն արել էինք, հանրապետության նախագահը գալու էր, ասացին՝ ավազ լցրեք, ասացի՝ չեմ լցնելու, թող փոսերն այդպես մնան, թող տեսնենք, թե ինչ է պատասխանելու նախագահին»: Մեր այն դիտարկմանը, թե մի՞թե ՀՀԿ-ն, որի աջակցությունը վայելում է քաղաքապետը, չի կարողանում մեկ պատգամավորի կամ այլ գործարանի համոզել, որ նա ասֆալտ տրամադրի Իջեւանին, քաղաքապետը պատասխանեց. «Բերեք ամեն ինչ չքաղաքականացնենք»: