Ո՞նց թե՝ կորել է

09/11/2007

ՀՀ Գլխավոր դատախազության արխիվից «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1988թ. դեկտեմբերին հարուցված քրեական գործի անհետացման առիթով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանն «Ազատություն» ռ/կ-ի ասել է. «Եթե մի Դատախազությունում դատախազ է գնդակահարվում իր կաբինետում ու հիմա էլ քրեական գործ է կորել, այն էլ՝ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործն է կորել, այդ դեպքում այդ Դատախազությունը, որն այդ ամենը չի կարողանում հսկել, վերահսկել, ինչպե՞ս է վերահսկում ՀՀ քաղաքացիների հանդեպ իրականացվող քրեական հանցագործությունները»: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանն էլ կարծիք է հայտնել, թե այդ քրեական գործի անհետացումն ինչ-որ շղթայի մի մասն է, ու ըստ նրա, ժամանակը ցույց կտա, թե իշխանությունների երեւակայությունը սա ինչպե՞ս է պատրաստվում օգտագործել: Մի բան միանշանակ է՝ 50 հատորանոց քր. գործը հնարավոր չէր աննկատ դուրս բերել Դատախազությունից, որը խիստ հսկողության տակ է: Այս իրավիճակում, թերեւս, պետք չէ զարմանալ, որ վաղն էլ պարզվի, որ կորել է, ասենք, «Հոկտեմբերի 27»-ի գործը, եւ այլն: