Վրաստանի իրավապահները երեկ բռնություն են գործադրել Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ: Ոստիկաններին մի քանի ժամ շարունակ չի հաջողվել ցրել հանրահավաքի մասնակիցներին: Կիրառվել է արցունքաբեր գազ, օգտագործվել են ջրցան մեքենաներ, սակայն ցուցարարներն այդպես էլ չեն ցրվել: Այս ամենը հեռարձակվել է հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Երեկ երեկոյան հեռուստատեսությամբ բնակչությանն է դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա հայտարարել է, թե ոստիկաններն օրենք չեն խախտել: «Գնացեք տուն, հիմա ցույց անելու ժամանակը չէ»,- ցուցարարներին ասել է նա: Ընդդիմադիրները նահանջելու միտք չունեն: Կան բազմաթիվ վիրավորներ: Ուշ երեկոյան հատուկ նշանակության ջոկատը ներխուժել էր «Իմեդի» հեռուստաընկերություն:
Ընդդիմադիրներն առաջին հայացքից շատ անմեղ պահանջ էին ներկայացնում. խորհրդարանական ընտրություններն անցկացնել ճիշտ ժամանակին, այսինքն՝ առաջիկա ապրիլ ամսին, այլ ոչ թե հետաձգել մինչեւ աշուն, ինչպես որոշել էին իշխանությունները: Հանրահավաքի մեկնարկի հենց սկզբից՝ նոյեմբերի 2-ից, Վրաստանի ղեկավարությունը որեւէ կերպ չէր խոչընդոտում դրա անցկացմանը, փողոցները չէր փակում, մարդկանց չէր վախեցնում: Հակառակը՝ պարբերաբար հայտարարվում էր, որ իշխանությունները երաշխավորում են Սահմանադրության եւ օրենքների պահպանումը, որ ցուցարարներն իրավունք ունեն իրացնել իրենց իրավունքները եւ այլն, իսկ հանրահավաքներն էլ ուղիղ եթերով հեռարձակվում էին հեռուստատեսությամբ: Նախագահ Սահակաշվիլին, որոշակի ժամանակ լռություն պահպանելուց հետո, 2-3 օր առաջ անդրադարձավ ընդդիմության պահանջներին, պատրաստակամություն հայտնեց բանակցել ընդդիմադիրների հետ, սակայն հավելեց, թե ինքն իր որոշումը չի պատրաստվում փոխել, եւ ընտրությունները կկայանան աշնանը:
Նրա այս հայտարարությունն ավելի բորբոքեց ցուցարարներին, ովքեր արդեն սկսեցին պահանջել նախագահի հրաժարականը: Արդեն 6-րդ օրն անդադար շարունակվող զանգվածային հանրահավաքները, բողոքի այլ ակցիաները, ցուցարարների չնահանջող համառությունն ու հետեւողականությունը հունից հանեցին Վրաստանի իշխանություններին: Երեկ առավոտյան նրանք ստիպված եղան սահմանափակել ընդդիմադիրների իրավունքները, ճնշումներ գործադրել նրանց վրա, անգամ ուժ կիրառվեց: Նախ՝ կալանավորեցին ընդդիմության առաջնորդներից նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավային (որին կեսօրից հետո բաց էին թողել), իսկ այնուհետեւ աղբահան մեքենաների հետեւում թաքնված Ռուսթավելի պողոտա են ներխուժել ջրցան մեքենաներն ու մահակներով հատուկջոկատայինները:
Վերջիններս ծեծուջարդով ու ջրցան մեքենաների օգնությամբ փորձել են ցրել ցույցը, ինչը նրանց չի հաջողվել: Այս անգամ հատուկջոկատայիններին օգնության են հասել կանաչ բերետավորները: Կիրառվել է արցունքաբեր գազ ու անհայտ ծագման ինչ-որ գազ, որից թունավորումներ են եղել: Այս ամենից հետո իրավապահներին միայն հաջողվել է ցուցարարներին մղել հարակից փողոցները, սակայն ընդդիմության ցույցը ցրել այդպես էլ չի հաջողվել: Ցուցարարների մի մասը նահանջել եւ պատսպարվել է Կաշվետի եկեղեցու հարեւանությամբ, իսկ մի մասն էլ մտել է խորհրդարանի շենք: Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն նրանց հորդորել է լքել շենքը՝ երաշխավորելով բոլորի անվտանգությունը: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել հանդիպել եւ բանակցել ընդդիմադիր առաջնորդների հետ:
Արյունահեղությունը կանխելու նպատակով հաշտության կոչ է հղել վրաց հոգեւոր առաջնորդ Իլյա Երկրորդը: Ի դեպ, ոստիկանների ու հատուկջոկատայինների բոլոր գործողությունները, ջրցան մեքենաներով ու մահակներով ցույցը ցրելու ողջ գործընթացն ուղիղ եթերում ցուցադրել են վրացական «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունները, նաեւ հանրահայտ BBC-ն ու CNN-ը: Կան բազմաթիվ տուժածներ. մոտ 360 ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոց:
Միաժամանակ հաղորդվում է, որ իրավապահները ծեծի են ենթարկել լրագրողների, ջարդել նրանց աշխատանքային տեխնիկան: Ռուսթավելի պողոտայից հազարավոր ցուցարարներ տեղափոխվել են «Ռիկի» հրապարակ եւ հանրահավաքը շարունակել այնտեղ: Նրանց թիվ գնալով մեծանում էր: Երեկոյան արդեն տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ հատուկջոկատայինները խումբ-խումբ օղակի մեջ են առնում ցուցարարներին՝ նրանց ուժով ցրելու նպատակով: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույնիսկ նախազգուշական կրակոցներ են հնչել: Երեկոյան, հաշված րոպեների ընթացքում, հատուկջոկատայինները բռնությամբ ցուցարարներին ցրել են նաեւ «Ռիկե» հրապարակից:
Այս ամենին զուգահեռ՝ երեկ խուզարկվել է գործարար Բադրի Պատարկացիշվիլու գրասենյակը, ով հայտարարել էր ընդդիմության գործողությունները ֆինանսավորելու մասին: Իսկ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել մի ժապավեն, որտեղ անհայտ մեկը պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու ձայնով առաջարկում է իշխանությանը՝ դադարեցնել ընդդիմության ցույցերը՝ փոխարենը պահանջելով վարչապետի պաշտոնը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն իր հերթին հեռուստատեսությամբ հրապարակել է աուդիո եւ վիդեո ձայնագրություններ, որոնցից պարզ է դառնում, որ ընդդիմության ղեկավարներ Գեորգի Խաինդրավան, Շալվա Նաթելաշվիլին, Կոնստանտին Գամսախուրդիան, Լեւան Բերձենաշվիլին ու Ցոնտե Գամսախուրդիան պարբերաբար միասին կամ առանձին-առանձին հանդիպել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ներկայացուցիչներ Պյոտոր Սոլոմոտինի, Իվան Վոլինկինի, Ալեքսանդր Կուրենկովի եւ Վլադիմիր Սոկոլովի հետ: Վրաստանի ընդդիմության տեսակետն այս կապակցությամբ դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ Վրաստանը խորհրդակցության նպատակով հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին: