Ինչով են հպարտանում հայերը

12/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ժամանակի դեմ, երեւի թե, անզոր է ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ հպարտության եւ պարծանքի առարկան: Մենք հպարտանում ենք շատ բաներով: Սակայն, եթե հիշենք թե ինչով էին հպարտանում դեռ ոչ վաղ անցյալում, ոմանք կծիծաղեն, ոմանք կտխրեն, իսկ «կանաչի ծախող ինտելիգենտները» ընդհանրապես ոչ մի կերպ չեն արձագանքի, որովհետեւ երբ մարդ երկար տարիներ հպարտացել է միայն «պառնիկի ցելաֆանի» որակով, բնականաբար, այսօր նրա համար ամեն ինչ կարող է դառնալ հպարտության առարկա:

Սկսենք նրանից, որ երկար տարիներ բոլոր երեւանցիները հպարտանում էին «Լենինի հրապարակի երգող շատրվաններով»: Լաս-Վեգասի եւ Բարսելոնի շատրվանների մասին իմանալուց հետո պարզվեց, որ մեր հրապարակի շատրվանները «ԱԼՄ-ի երգող շատրվաններն են»:

Ինչպես մի առիթով նշեցին «ՇԱՐՄ»-ի տղաները, երբ Երեւանի կոնյակի գործարանը վաճառեցին ֆուտբոլիստ Շեւչենկոյի գնով, քիչ էր մնում, որ կոնյակը դուրս գար այս շարքից, սակայն «հարիֆ ֆրանսիացիները» չգիտեին, որ բացի Երեւանի կոնյակի գործարանից, Հայաստանում կան էլի լիքը կոնյակի գործարաններ: Իսկ, օրինակ, մեր հեռախոսակապով երբեք էլ չենք պարծեցել: Բայց այս հարցում արդեն հույները մեզ «հարիֆցրեցին», որովհետեւ դրանից լիքը չունեինք: Եթե առաջ «Ջերմուկով» ու մոլիբդենով ամբողջ ազգով էինք հպարտանում, ապա այսօր դրանցով հպարտանում են շատ կոնկրետ մարդիկ: Ընդ որում, ԱՊՀ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ վաղը-մյուս օրը նրանց կփոխարինեն ուրիշ կոնկրետ մարդիկ:

Առանձին խոսակցության նյութ են մեր սպորտային պարծանքները: Որովհետեւ եթե «Արարատ-73»-ը դարձել է մեր ֆուտբոլիստների համար թեեւ հնացած, բայց միակ ուսումնական ձեռնարկը, ապա ինձ համար անհասկանալի է, թե ինչով եւ ինչու են բոլոր հայ սպորտային մեկնաբանները հպարտանում Անդրե Աղասիի, Մագդալենա Մալրեւայի, Յուրի Ջորկաեֆի, Ալեն Պրոստի եւ մի շարք այլ սպորտսմենների հաջողություններով, եւ ինչու այդ դեպքում, չեն հպարտանում, ասենք, Մայքլ Ջորդանի, Զինեդին Զիդանի կամ Եվգենի Պլյուշչենկոյի հաջողություններով: Ես հասկանում եմ, որ Անդորրային հաղթելը «ծովից ծով Հայաստան ունենալու պես հերոսություն էր» (հիշեցնեմ, որ Անդորրայի հավաքականն աշխարհում վերջից երկրորդն է), սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ենք մենք հոլանդացիների նկատմամբ «բարոյական հաղթանակ» տոնելու:

Իհարկե այսօր պարծանքի առարկա է ոչ այնքան «Համմեր» ունենալը (դրանից արդեն շատերն ունեն), ոչ այնքան գիտական աստիճան ունենալը (Սերգո Երիցյանն էլ է գիտությունների դոկտոր), ինչքան այն հանգամանքը, որ Դուք ոչ միայն մոտիկից տեսել եք հայ օլիգարխներին եւ նախարարներին, «հըլը մի բան էլ իրան բարեւ եք տվել»: Ա՛յ, սա ամենամոդայիկ հպարտանալու ձեւն է Հայաստանում:

Առաջ ամեն ինչ էր համազգային (այսօր միայն Սոս Սարգսյանի թատրոնն է Համազգային): Օրինակ, բոլոր հայերը հպարտանում էին, որ «վիտրեզվիտել» չունենք: Հետո՞ ինչ: Այսօր ոչ մի բան չունենք: Առաջ հպարտանում էինք, որ Այբուբեն ունենք: Հետո՞ ինչ: Այսօր անգամ ԱԺ պատգամավորներից ոմանք այդ Այբուբենը կարդալ չգիտեն: Առաջ հպարտանում էինք, որ Արամ Խաչատրյան ունենք: Հետո՞ ինչ: Այսօր ոչ պակաս հպարտանում ենք, որ Արամ Ասատրյան ունենք: Մարդ կա, որ հպարտանում է, որ պարել գիտի, մարդ էլ կա՝ որ պարելուն որոշ հանգամանքներ խանգարում են, մարդ կա՝ Կիրկորովին է բերում Երեւան, մարդ էլ կա՝ չգիտի, որ քաղապետարանը «ֆաբրիկա զվեզդ» չի, մարդ կա՝ հպարտանում է, որ հեղափոխություն է անելու, մարդ էլ կա՝ արդեն հարյուր տարի է հայ հեղափոխական է:

Իհա՛րկե, հպարտանալը վատ բան չէ, սակայն դեռ դպրոցում ինձ սովորեցրել են, որ իմ հաջողությունների մասին ավելի լավ է, որ ուրիշները խոսեն: Դա իհարկե չի նշանակում, որ մենք տանենք ճապոնացիներին կամ անգլիացիներին փող տանք, որ իրենք սկսեն խոսել հայ գիտնականների կամ մեր էկոնոմիկայի ձեռքբերումների մասին: Ավելի լավ է, մենք այնպես ապրենք եւ զարգանանք, որ ամերիկացիները մեր մասին իմանան ոչ միայն ԱՄՆ-ի Իմիգրացիայի դեպարտամենտի տարեկան հաշվետվություններից, իսկ Օլիմպիական խաղերում հայկական դրոշը բարձրանա ոչ թե ուզբեկների կամ կորեացիների պատվին, այլ՝ հայերի: