Ավելի բարձր չափանիշներ

09/11/2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին նշել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի հաջող ընթացքով պայմանավորված կարելի է ենթադրել, որ ՀՄԿ խորհրդի դեկտեմբերյան նիստում Հայաստանի մասով փոփոխություններ չեն լինի: Անդրադառնալով Ս. Սարգսյանի ԱՄՆ կատարած պաշտոնական այցին, Ջոզեֆ Փենինգթոնին նշել է. «Մեր տեսանկյունից ձեր այցը բավականին արդյունավետ էր, եւ ուրախ եմ, որ ձեզ համար այն եւս այդպիսին է համարվում»: Ի դեպ, դեկտեմբերին տեղի ունենալիք ՀՄԿ խորհրդի նիստից առաջ, որտեղ քննարկվելու են նաեւ Հայաստանի ցուցանիշները, Ջոզեֆ Փենինգթոնը եւ Սերժ Սարգսյանն անդրադարձել են տնտեսական զարգացման շնորհիվ «ցածր եկամուտների երկրից» դեպի «միջին եկամուտների երկիր» Հայաստանի անցման արդյունքում Հայաստանի առջեւ դրվող ավելի բարձր չափանիշներին ու ըստ այդմ` նոր իրավիճակում ստանձնած պարտավորությունների կատարման հնարավոր դժվարություններին: Նշելով, որ ծրագրի հաջող կատարման ներկայիս ընթացքով պայմանավորված՝ կարելի է ենթադրել, որ ՀՄԿ խորհրդի դեկտեմբերյան նիստում Հայաստանի մասով փոփոխություններ չեն լինի, Ջոզեֆ Փենինգթոնը ՀՀ վարչապետի հետ խոսել է նաեւ իրականացվող ծրագրին զուգահեռ՝ երկրորդ ծրագրի հնարավոր իրագործման մասին, որին անդրադարձ է եղել նաեւ դեսպան Դանիլովիչի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպման ժամանակ: