Շաբաթ օրը երիտասարդների հետ տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած տեսակետներին երեկ ԱԺ-ում քչերն էին տեղյակ: Նրանց ավելի շատ հետաքրքրում էր այն, թե արդյոք բոլո՞ր պատգամավորներին են ուղարկվել հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ հնչած ելույթների CD-ները, որոնք նախօրեին հատուկ փակ ծրարներով մտել են Ազգային ժողով: Մի խոսքով` նրանց դա ավելի շատ էր հետաքրքրում, քան այն, ինչ Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր շաբաթ օրը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն այն եզակի պատգամավորներից էր, ով երեկ հասցրել էր ընթերցել մամուլում հրապարակված Լ.Տեր-Պետրոսյանի ամբողջ ելույթը: ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած դրական գնահատականները, Ս. Նիկոյանի համոզմամբ` զուտ քարոզչական տեխնոլոգիա է: Հիշեցնենք, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր իշխանության տարիներին տարբեր մարմիններում ղեկավար պաշտոն ստանձնած, ներկայումս ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի մասին ասել էր, թե` «Նա կարող մարդ էր, նա ուներ փորձ, երեւի մեզանից ամենաշատ փորձը, միշտ աշխատել է պետական ապարատում, կազմակերպչական ընդունակություններ ուներ, ուստի նրա կարողությունների համեմատ՝ դա շատ փոքր գործ էր: Մենք նրան Հայաստան հրավիրեցինք, վստահեցինք Հայաստանի բանակը, եւ, եկեք անկեղծ լինենք, ազնիվ լինենք` լավ էլ նախարար է եղել, շատ լավ նախարար է եղել բոլոր իր զբաղեցրած պաշտոններում` եւ՛ անվտանգության, եւ՛ բանակի, եւ՛ ոստիկանության մարմիններում: Այստեղ ոչ մի վերապահում ես չեմ կարող անել այդ տարիներին կատարած նրա աշխատանքի համար: Անօգտակար, անպետք մարդ գոյություն չունի: Բայց ամեն մարդ ունի իր կարողություններն առավելագույնս դրսեւորելու առաստաղը: Առաստաղից ցած նրանք հրաշալի մասնագետներ են, հրաշալի պրոֆեսիոնալներ, հրաշալի աշխատողներ: Երբ նրանց մեջ դրանից ավելի ամբիցիաներ են ծագում, այստեղ է արդեն, որ երեւում է մարդու եւ իր հավակնությունների հակասությունը»:
Ս. Նիկոյանի հավաստմամբ` Լ. Տեր-Պետրոսյանը միեւնույն ելույթում բազմաթիվ հակասական տեսակետներ է արտահայտել, որոնցից էլ ակնհայտ է դառնում, թե որն է նրա իրական «նպատակը»: «Մի կողմից՝ Տեր-Պետրոսյանն այլընտրանք չունի` չասելու այն, ինչն իրականում եղել է, որովհետեւ իր իշխանության ժամանակ, իրոք, Ս. Սարգսյանը եղել է ամենատարբեր ու ամենաբարձր պաշտոններում, եւ եթե ինքը հիմա վատաբանի նրա կատարած աշխատանքը, կարողություններն ու պրոֆեսիոնալիզմը, բոլորի համար անհասկանալի կլինի, թե ինչպես է նա Ս. Սարգսյանին երկար տարիներ վստահել նման կարեւոր պաշտոնները»,- վստահեցնում է Ս. Նիկոյանը: Նրա հավաստմամբ` Լ.Տեր-Պետրոսյանը պարզապես չի կարող Ս. Սարգսյանի մասին վատ բան ասել թեկուզ հենց այդ պատճառով: «Բացի այդ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ Հայաստանի քաղաքական գործիչներից յուրաքանչյուրի դերը, եւ հասարակությունը գիտի, թե Ս. Սարգսյանն ինչ ներդրում է ունեցել մեր պետականության եւ բանակաշինության գործում: Եթե հակառակ գնահատականները հնչեցներ Լ. Տեր-Պետրոսյանը, բոլորը կհասկանային, որ դա ընդամենը հերյուրանք եւ կեղծիք է»,- համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: «Այսինքն` Տեր-Պետրոսյանն այս պարագայում պարզապես ցանկացել է հասարակությանը երեւալ որպես ճշմարտությունն ասող քաղաքական գործիչ, որպեսզի դրա վրա կառուցի իր հաջորդ միտքն ու տրամաբանությունը` ցանկանալով այն նույնպես մատուցել որպես ճշմարիտ խոսք»,- ասում է Ս. Նիկոյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` Լ.Տեր-Պետրոսյանը Ս. Սարգսյանի մասին այդ «դրական ու ճշմարիտ» խոսքերն ասել է զուտ այն բանի համար, որ հետո որպես այդպիսին մատուցի նաեւ իր այն կանխատեսումը, թե Ս. Սարգսյանի «կարողություններն առավելագույնս դրսեւորելու առաստաղն» իր կողմից նրան տրված նախարարի պաշտոններն էին:
«Այսինքն` սկզբում ասում է ակնհայտ ճշմարտությունը, այն է` Ս. Սարգսյանն իրենցից մեծ փորձ, կազմակերպչական ընդունակություններ, կարողություններ ուներ, եւ դրա հետ էլ փորձում է որպես ճշմարտություն անցկացնել իր քարոզչական բուն հնարքը: Ուզում է ասել` Ս. Սարգսյանը լավ է այս-այս պաշտոններում, որն իր ժամանակ ինքն է նրան վստահել, իսկ դրանից հետո չի կարող նա լավը լինել: Նման քարոզչական հնարքը, որը փորձում է իրականացնել Տեր-Պետրոսյանը, կոչվում է շողոքորթ քարոզչություն: Նման մեթոդներով, այսինքն` ակնհայտ ճշմարտության հետ կեղծ գնահատականների հնչեցումն, ուղղակի անհեթեթություն է, բոլորն էլ հասկանում են, թե Լ.Տեր-Պետրոսյանն ինչ է ուզում անել: Բացի այդ` բոլորն էլ հասկանում են, որ ոչ ոք նախագահ, վարչապետ կամ նախարար չի ծնվում: Ինչպես Լ. Տեր-Պետրոսյանն է ասում` ամեն մարդ դրան հասնում է իր անձնական ներդրումների, աշխատանքի, աշխատասիրության եւ կարողությունների շնորհիվ: Եթե Լ.Տեր-Պետրոսյանը կարծում է, թե անցած 10 տարիների ընթացքում իր կողմից հիշատակված անձինք նույնն են մնացել, եւ չի ավելացել նրանց դրական փորձն ու կարողությունները` չարաչար սխալվում է, որովհետեւ մարդը չի կարող մնալ նույնը: Տարիների ընթացքում նա զարգանում է այնպես, ինչպես ինքը, երբ նոր էր ընտրվել նախագահ, եւ դրանից հետո: Ինձ թվում է` ինքը Սերժ Սարգսյանին հիշում է միայն մինչեւ իր իշխանության տարիները` 1998 թվականը, եւ դրա համար է, որ իր եզրակացությունները նրա մասին սահմանափակվում են միայն դրանով, դրա համար է նա ասում` Ս. Սարգսյանը շատ պրոֆեսիոնալ կարողություններով նախարար էր, բայց ավելին չի կարող լինել: Բայց 1998-ից հետո Ս. Սարգսյանը նորանոր փորձեր է ձեռք բերել, նրա կարողությունները նույնը չեն մնացել, ինչ մինչեւ 1998-ին էր: Հետեւաբար` հարց է առաջանում, եթե Սերժ Սարգսյանը միայն Լ.Տեր-Պետրոսյանի ժամանակ այդքան վստահելի, աշխատասեր, պրոֆեսիոնալ ու իր գործին նվիրված մարդ է, ու այս տարիների ընթացքում այդ ամենը կրկնապատկել, քառապատկել է` ինչո՞ւ այսօր չդառնա նախագահ: Հենց այս գաղափարն է փորձել կոտրել Տեր-Պետրոսյանը` ասելով, այո, Ս. Սարգսյանը լավն էր, բայց ոչ նախագահի պաշտոնի համար: Ո՞վ ասաց, իսկ ինչո՞ւ, իսկ դուք ի՞նչ գիտեք նրա հնարավորությունների ու կարողությունների մասին: Հիմա նրա վարչապետ լինելու վերաբերյալ դուք որեւէ խնդիր ունե՞ք: Կարծում եմ` ոչ: Նա նույն աշխատասերն ու պրոֆեսիոնալն է: Դա նշանակում է, որ Ս. Սարգսյանը շատ լավ կաշխատի նաեւ որպես նախագահ»,- եզրակացնում է Ս. Նիկոյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ Լ.Տեր-Պետրոսյանի հենց այդ գնահատականներին, քանի որ հասցրել էր ծանոթանալ միայն այդ հատվածին: «Ես բարձր եմ գնահատում Լ. Տեր-Պետրոսյանի օբյեկտիվությունը, որովհետեւ ինքը կարողանում է օբյեկտիվ գնահատել այս պահին իր համար ամենահիմնական եւ հավանական մրցակցին: Նա անձերին կոչում է իրենց անուններով` անկախ վաղեմության ժամկետից: Տեղյակ եմ, որ վերջերս էլ մի առիթով նա ասել է, որ Սերժ Սարգսյանն իր լավագույն նախարարներից մեկն է եղել, ինչը նույնպես գնահատելի է: Շատ քիչ կարելի է հանդիպել քաղաքական գործիչների, ովքեր իրենց քաղաքական հավանական հակառակորդներին տալիս են օբյեկտիվ գնահատական: Կարծում եմ` սա ինչ-որ տեղ նաեւ հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ելույթի որոշ կոշտ շեշտադրումների սրբագրումն էր, որը, անկեղծ ասած` որպես առաջին հրապարակային ելույթ, որոշակի վերապահումներով ընդունվեց հասարակության կողմից: Այս գնահատականների մեջ նա ավելի վեր էր անձնավորված վիրավորանքներից, նեղացվածություններից,- ասաց Ն. Զոհրաբյանը,- Ինչ վերաբերում է նրան, թե լավ նախարարը, լավ պաշտոնյան, իրենց միջի ամենափորձվածը չի կարող լավ նախագահ լինել, ապա ես չեմ կարողանում պատկերացնել, թե ով կարող է լինել լավ նախագահ, եթե նման փորձառու անձնավորությունը, ով կյանքի եւ քաղաքական նման փորձառության դպրոց է անցել` չի կարող լավ նախագահ լինել: Գիտեք, սա նույն բանն է, ինչ ընդամենը վերջերս նույն ընդդիմադիր մամուլը մեղադրում էր տարբեր գործիչների, ովքեր ասում էին, թե` Լ.Տեր-Պետրոսյանը շատ խելացի, փորձված քաղաքական գործիչ է եւ այդ պատճառով իր թեկնածությունը չի առաջադրի: Սա ինձ ուղղակի դա է հիշեցնում: Եթե Սերժ Սարգսյանը փորձառու է, լավագույնն է, ապա նա անպայման պետք է հաղթի»:
ԱԺ ընդդիմադիր համարվող ուժերը երեկ հրաժարվեցին որեւէ գնահատական տալ Լ. Տեր-Պետրոսյանի արտահայտած բազմաթիվ հետաքրքիր տեսակետների վերաբերյալ: Թե ինչո՞ւ` չենք կարող ասել: