«Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1988թ. դեկտեմբերին հարուցված քրեական գործի անհետացման մասին հայտնի է դարձել անցած հոկտեմբերի վերջին միայն:
1989-ին «իրադրության փոփոխության պատճառով» կարճված քրեական գործին անդրադառնալու առիթը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, եղել է այն, որ հոկտեմբերին «Գլխավոր դատախազությունը կոնկրետ լրատվական միջոցի կողմից ստացել էր գրություն տվյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու խնդրանքով»: «Եվ այդ գրությանը պատասխանելու ընթացքում ի հայտ էր եկել, որ Դատախազության արխիվում «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը բացակայում է»,- ասել է Ս. Տռուզյանը:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ, հոկտեմբերի 31-ին նշանակված ծառայական քննության շրջանակներում արդեն բացատրություններ են տվել Գլխավոր դատախազության արխիվի ինչպես նախկին, այնպես էլ ներկա տնօրենները: Մինչ ծառայական քննությունը շարունակվում է, տարբեր ասեկոսեներ ու վարկածներ են շրջանառվում. ե՞րբ է անհետացել քրեական գործը` նախկի՞ն, թե՞ ներկա իշխանությունների օրոք, ի՞նչ գաղտնիքներ է այն պարունակել, ինչո՞ւ հենց հիմա է այդ «կոնկրետ լրատվամիջոցը» խնդրել գործը: Անհասկանալի է, այնուամենայնիվ, թե ինչպես կարող էր երկրի Գլխավոր դատախազությունից անհետանալ 50 հատորանոց քրեական գործը, ինչի մասին հայտնի է դառնում սոսկ պատահականորեն:
Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռ/k-ին ասացին նաեւ, որ իրենց արխիվից որեւէ քրեական գործ տրամադրում են «հատուկ ընթացակարգով եւ թույլտվությամբ», գործին ծանոթանալ կամ այն պատճենահանել կարելի է միայն Դատախազության շենքում: