Անցած կիրակի հանրային հեռուստաընկերության հաղորդած ամենակարեւոր նյութը GOLD պետհամարանիշների աճուրդային վաճառքի լուսաբանումն էր։ Հարկատուներիս միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերն, ավելի քան հինգ րոպե, զբաղված էր այդ «դարակազմիկ» իրադարձության մեկնաբանությամբ։ Աճուրդավարի մուրճիկը թխկթխկում էր, մասնակիցները բարձրացնում էին գինը… մի խոսքով՝ իսկական Սոթբի։
Վաճառված ամենաթանկ GOLD պետհամարանիշի (թվերը հիմա չեմ հիշում եւ կարեւոր էլ չէ) գինը հասավ 1.650.000 դրամի։ Այսինքն՝ ինչ-որ մեկն այդքան գումար վճարեց իր ավտոմեքենան զարդարելու համար։
Ավտոմեքենան լավ համարով, ինչ-որ բառերով կամ անունով զարդարելու ավանդույթը, որքան ինձ հայտնի է, գալիս է Միացյալ Նահանգներից։ Որոշակի տարիքի եւ հետաքրքրությունների մարդիկ այդ բանն անում են իրենց շրջապատի անդամների հետ մրցակցելու, աղջիկներին/տղաներին դուր գալու, պարզապես «պիժոն» կամ, ինչպես անչափահաս հասարակության մեջ է ընդունված ասել, «ջագի» երեւալու համար։ Այնտեղ էլ այս հաճույքի համար փողեր են ծախսվում եւ՝ ոչ քիչ։ Բայց ամերիկյան ոչ մի հեռուստաընկերություն, եթե անգամ մեկրոպեանոց ռեպորտաժով անդրադառնա այդ սենսացիային, երեւույթը չի ներկայացնի իբրեւ պետական բյուջեի հարստացման եղանակ եւ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառում։
Մեզ մոտ, սակայն, GOLD պետհամարանիշը միայն ջահելական հրապուրանք չէ։ Մի անգամ առիթ ունեցել եմ «նառուշիլովկա» հասկացության մասին գրելու։ (Փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ ծառայողական նպատակներով օրենք խախտել): Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ զուտ ծառայողական (հետախուզական) նպատակով օգտագործվող այդ ամենակարող վկայականը մեզանում վերածվել է ծառայողական պարտքի, առավելեւս՝ հետախուզության հետ ոչ մի կապ չունեցող անձանց անզսպության իրավունքի հավաստագրի։
GOLD պետհամարանիշը դրա տարատեսակներից մեկն է։ Այդօրինակ նշան ունեցող ավտոմեքենան կարող է չենթարկվել ճանապարհային ոստիկանին, եթե, իհարկե, վերջինս փորձ անի ենթարկեցնել։ Այդ նշանով մեքենան կարող է կայանվել՝ որտեղ եւ ինչ դիրքով կամենա։ Եթե առաջներում մարդիկ մեկի հարսանիքի ճոխությունը նկարագրելիս խոսում էին սեւ խավիարի ու թառափի առատության մասին, հիմա կարճ կապելով՝ ասում են հարսանիքին մասնակցած GOLD պետհամարանիշով ավտոմեքենաների թիվը։
Քանի դեռ չէի տեսել աճուրդը լուսաբանող ռեպորտաժն, այդքան սրությամբ չէի զգում ինչ-որ թվերի համադրության համար մեծ փողեր ծախսելու անհեթեթությունը։ Չէի հասկանում նաեւ նրանց, ովքեր ավտոմեքենա գնելու նախօրյակին աներ-բաջանաղ, քեռի-խնամի մոբիլիզացնելով՝ փորձում էին դուրս գալ երկրիս Ոստիկանության ամենաբարձունքներում նստած մարդկանց վրա՝ կրկնվող թվերի քանակը հնարավորին չափ էժան գնով ապահովելու համար։ Բայց երբ հարազատ երկրիդ հանրային հեռուստատեսությամբ ես տեսնում 1.650.000-ն անթարթ վճարող մեկին, հասկանում ես, որ ոչ միայն բարքերն են անկում ապրում, այլեւ՝ տնտեսությունը։
Ոչ, ոչ մի ակնկալիք չունեմ, թե GOLD պետհամարանիշի աճուրդին մասնակցող մեկը կարող էր, ինչպես կարգն է, սովորական համար վերցնել, իսկ ավելցուկ 1.650.000-ով՝ օգնել «168 Ժամ» թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանի գրեթե բոլոր հրապարակումներում պատահող հուսահատ ընտանիքներին։
Բայց մարդն, ով, ամենայն հավանականությամբ, չի գողացել այդ փողը որեւէ բանկից, այլ վաստակել է (նրան արդարացնելիս այսպես կասեն) հալալ քրտինքով, այդ տեսակ զավեշտալի անհեթեթության վրա ավելորդ ծախս անելու փոխարեն, կարող էր գումարը ներդնել սեփական գործի մեջ՝ մեծացնելով շրջանառությունը, արտադրությունը, առեւտուրը եւ այլն։ Նա կարող էր այդտեղից հարկեր վճարել պետությանը, բայց երկիրը մեկուսացված է, շուկան էլ՝ նեղ, եւ իմաստ չունի չորս հատ ինչ-որ բան արտադրելու փոխարեն՝ արտադրել հինգը կամ վեցը։ Ծախելու տեղ չկա, եւ քանի որ այդ տեղը չկա, մարդը պիտի ծախսելու տեղ գտնի։
Համ էլ, որ դնի գործի մեջ, Հարկայինը մի օր գալու է կանխավճար ուզի, մի օր ստուգող է ուղարկելու, որն անպայման տուգանք է գրելու, իսկ այսպես ամեն ինչ պարզ է ու պարզ։ Պետական բյուջեին վճարելով՝ գնում ես GOLD պետհամարանիշ եւ շահում փոքրիկ բիզնեսով աչքի չընկնելդ ու Ճանապարհային ոստիկանության աչքից «վրիպելդ»։ Ինչպես կասեին շամպունի գովազդում՝ դվա վ օդնոմ։